
Նախընտրական տարի է, հրաժարականներ էլի կլինեն
Հայաստանում վերջին օրերի պաշտոնանկություններն օրինաչափ են, քանի որ նախընտրական շրջան է, և իշխանությունը՝ ի դեմս կոալիցիայի, փորձում է ամեն ինչ կենտրոնացնել իր ձեռքում, որ կարողանա այս փուլը հաղթահարել: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա նշեց, որ պաշտոնանկությունները կշարունակվեն, կլինեն նաև անհասկանալի դեպքեր, ինչպիսին էր, օրինակ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը, որը, ըստ բանախոսի, նախատեսված չի եղել: Միաժամանակ Արամ Կարապետյանը խորհուրդ տվեց ընդունել այն բացատրությունները, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել անձնական պատճառներով:
«Նոր ժամանակների» առաջնորդը բացառեց արդեն նախկին քաղքապետի հրաժարականի հարցում ՀՀ երկրորդ և ներկայիս նախագահների գործոնը: «Եթե վերցնենք Կարեն Կարապետյանի հրաժարականն ու Տարոն Մարգարյանի նշանակումը, դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը Երևանում ապագա ընտրություններից առաջ կենտրոնացնում է իր ռեսուրսները: Ցավով պիտի ասեմ, այսպիսին է պրոցեսը, որովհետև Հայաստանում կոալիցիան ոչ թե գաղափարական, այլ բյուրոկրատական կառույց է: Դրա համար էլ խնդիրներ կարող են առաջանալ և կոալիցիայի ներսում, և այլ կուսակցությունների հետ»,- ավելացրեց Արամ Կարապետյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ կյանքն ավելի գունեղ ու բազմազան է, քան այն, ինչ պլանավորվում կամ ենթադրվում է: «Հաճախ լինում են այնպիսի զարգացումներ, ինչին ականատես ենք լինում: Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանի հետ կապված՝ այդ զարգացումներն ավելի սուր են ընկալվում, քան դրանք կլինեին, ասենք, մեկ տարի առաջ»,- հավելեց Ա. Դավթյանը:
Պատգամավորն ասաց, որ ինքը մեկնաբանելու կարիք չունի, թե ինչու են իրենց դիմումի համաձայն պաշտոնյաներն ազատվել աշխատանքից, քանի որ վերջիններս արդեն հանդես են եկել մեկնաբանություններով: Իսկ Կարեն Կարապետյանի կայացրած որոշմանը մասին, Արտակ Դավթյանը հարգանքով է վերաբերվում և համոզված է, որ Կ. Կարապետյանն իր անցած ուղով և աշխատանքային մակարդակով, որտեղ էլ գործի, կգործի հայանպաստ դիրքերից:
Ինչ վերաբերում է կոալիցիայի ոչ գաղափարական լինելուն, ապա ՀՀԿ-ական պատգամավորը դա բնական համարեց, քանի որ կոալիցիան բաղկացած է տարբեր կուսակցություններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը:
Մեկնաբանել