
20 տարի առաջ արդարադատության դեմ ուղղված հանցագործություն եղե՞լ է, թե՞ ոչ
Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ հատուկ քննչական ծառայությունը, թե՛ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արձանագրել են, որ ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի գործով 20 տարի առաջ միջամտություն չի եղել արդարադատության իրականացմանը:
Սակայն ըստ ցմահ դատապարտյալի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի` այս գործով 20 տարի առաջ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, այսինքն՝ կատարվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն` նախատեսված քրեական օրենսգրքի 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):
Փաստաբանը նախ ՀՔԾ, ապա գլխավոր դատախազություն ու դատարան դիմել էր «Հետքի» 2014 թ.-ի մայիսի 6-ի հրապարակման հիման վրա: Այնտեղ վկայակոչված է մեղադրող դատախազ Խառատյանի «Դատախազը» ինքնակենսագրականից մի քանի հատված այն մասին, որ ինքը համաձայն չի եղել մահապատիժ պահանջելուն, այլ մահապատժի պահանջը եղել է ԻԻՀ դեսպանի կողմից ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին (տուժողը ԻԻՀ քաղաքացի է եղել):
«Բացակայում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու` ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Բացի «Դատախազը» գրքում հրապարակված որոշակի տեղեկություններից, այդ կապակցությամբ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- նշված է ՀՔԾ-ի մերժման մեջ: ՀՔԾ քննիչ Վ. Ավետիսյանը բացատրություններ է վերցրել դատախազ Խառատյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանից, 1995 թ-ին գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերի քննության վրա հսկող բաժնի պետ Ռաֆայել Կարապետյանից, նաև արձակագիր Սամվել Խալաթյանից ու մերժել քրեական գործի հարութցումը հանցակազմի բացակայության հիմքով:
Բացատրություն տալով ՀՔԾ-ում` մեղադրող դատախազ Ժիրայր Խառատյանը հայտնել է, որ ոչ մի միջամտություն էլ չի եղել իր գործունեությանը վերադասների կողմից, ոչ մեկն իրեն չի ճնշել, այլ ինքն է հետագայում հանգել այն համոզման, որ պետք է այդ գործով մահապատիժ պահանջի դատարանում: «Այդ ո՞ր հանգամանքները հանկարծ հիմք հանդիսացան, որպեսզի Խառատյանը փոխի իր տեսակետը և Սողոմոն Քոչարյանի համար միջնորդի մահապատիժ: Այդ հանգամանքները հատուկ քննչական ծառայության կողմից պարզված չեն»,-վերաքննիչ բողոքում նշել է փաստաբանը: «Դատախազը» գրքի հեղինակ, արձակագիր Սամվել Խալաթյանն էլ հայտնել է, որ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ իր հարցազրույցը Խառատյանի հետ ոչ թե բառացի է մեջբերել, այլ դրան որոշակի գեղարվեստական երանգավորում է տվել, որպեսզի նյութն ավելի հանրամատչելի բնույթ կրի:
Արձակագիր Սամվել Խալաթյանի հեղինակած «Դատախազը» գրքում մեջբերված է դատախազ Ժիրայր Խառատյանի հարցազրույցը, որը տպագրվել է «Լոռու մարզ» թերթում, որտեղ դատախազը պատմում է, թե ինչ է նախորդել Սողոմոն Քոչարյանի դատավարությանը: Ահա մի հատված. «Ասացի` «Կարելի՞ է մի հարց»: Տեղակալն էլ, թե` «Այստեղ հարց տվողը ես եմ»: Վիրավորվեցի, հավաքեցի թղթերը, ասելով, որ եթե մենք հարցը չենք քննարկում, այլ հրաման ենք կատարում, ես այստեղ անելիք չունեմ... Չհամաձայնեցին, պնդեցին իրենցը: «Այդ դեպքում,- ասացի,- զեկուցագիր կգրեմ, ես հրաժարվում եմ այս պաշտոնում աշխատել»: Տեղակալն ասաց` «Գնա, գրի»: Հետո պետը մոտեցավ ինձ, թե` տեղակալն ասում էր` ինքը հենց այնպես ասաց, հանկարծ զեկուցագիր չգրես... Ինչպես ասում են` սրտիցս մի մեծ քար ընկավ, որ Ք.-ն չի գնդակահարվում և, բացի այդ, ինքնասփոփանք կար, որ իմ զեկուցագիրը կցված է վարույթում, որն, ի դեպ, մինչև օրս էլ այնտեղ է»:
«Հարցազրույցում գեղարվեստական երանգավորում չկա, դեպքերի շարադրանք է: Իսկ զեկուցագիրը, որը ամենաառանցքային փաստերից մեկն է, ուսումնասիրության նյութ չի դարձել: Հատուկ քննչական ծառայությունը չի փորձել պարզել այդ զեկուցագրի բովանդակությունը և ճակատագիրը»,-նշեց Ռոբերտ Ռևազյանը: Ըստ նրա, գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության պահանջից ելնելով, պետք էր ստուգվեր զեկուցագիրը վարույթին կցված լինելու հանգամանքը և պարզվեր դրա բովանդակությունը:
Այս պահին Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը լսվում է Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքաբեր Ռևազյանը խնդրում է դատարանից բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և պարտավորեցնել ՀՔԾ-ին քրեական հետապմդման վարույթ սկսել: Այսօր նիստը սկսվելուն պես հետաձգվեց դատախազ Ենոքյանի գրավոր դիմումը հաշվի առնելով: Նա խնդրել էր դատարանին ծանրաբեռնվածության պատճառով հետաձգել նիստը: Մայիսի 13-ին, ամենայն հավանականությամբ, Վերաքննիչ դատարանը` Հենրիկ Տեր-Աբրահամյանի նախագահությամբ, կորոշի բեկանել որոշումը, թե ոչ:
Հ.Գ. Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին և այս տարվա մարտին «Հետքը» գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ծանոթանա Սողոմոն Քոչարյանի գործով դատախազության վարույթին (որտեղ, ըստ նախկին դատախազ Ժիրայր Խառատյանի, գտնվում է իր ներկայացրած զեկուցագիրը), սակայն պատասխան չի ստացել: Այդ հիմքով «Հետքը» 2015 թ.-ի ապրիլին դիմել է Վարչական դատարան ընդդեմ գլխավոր դատախազության` տեղեկատվության տրամադրման պարտավորեցման պահանջով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել