
Ալավերդիում քաղաքապետի ընտրությունը ժամկետից շուտ տեղի կունենա
Հունիսի 7-ին, սահմանված ժամկետից 3 ամիս շուտ Ալավերդիում տեղի կունենա քաղաքապետի հերթական ընտրություններ: Համայնքի ավագանու ընտրությունները Ալավերդիում կանցկացվեն 2016թ·-ին: Ընտրության նախապատրաստման եւ անցկացման քաղաքապետարանի միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ ընտրական տեղամասերը Ալավերդիում կկազմավորվեն մինչեւ ապրիլի 23-ը: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում կընդունվեն մայիսի 3-8-ը` մինչեւ ժամը 18:00-ն: Թեկնածուների գրանցումը կատարվելու է մայիս 8-13-ը` մինչեւ ժամ 18:00-ն: Ժամանակացույցով նախընտրական քարոզչական աշխատանքների ժամանակահատվածը սահմանվել է մայիսի 20-ից մինչեւ հունիսի 5-ը: Ժամանակացույցով նախատեսված են նաեւ նախընտրական այլ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Ալավերդու գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 13-ին: «Իմ լիազորությունները դադարեցվելու են սեպտեմբերի 17-ին, եթե քաղաքապետի ընտրությունը նշանակեին սեպտեմբերի 13-ին, ընտրություններին հաջորդող 4 օրերը բավարար չէին լինում ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփման համար: Այս դեպքում նախընտրել են Ալավերդիում 3 ամիս շուտ անցկացնել համայնքապետի ընտրությունները»,- բացատրեց Ա. Վարոսյանը: Վերջինիս ասելով՝ ընտրված քաղաքապետը կպաշտոնավարի սեպտեմբերի 17-ից:
Քաղաքապետի սպասվող ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին մեր հարցին Արտավազդ Վարոսյանը խուսափեց պատասխանել: «Թեկնածուների առաջադրման նախօրեին կհայտարարեմ»,- ասաց նա: Այսուհանդերձ, Ալավերդիում արդեն շրջանառվում են քաղաքապետի երկու թեկնածուների` Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանի եւ ալավերդցի Արթուր Աբգարյանի անունները:
Կարեն Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է, նրան առաջադրելու է «Հանրապետական» կուսակցությունը:
Քաղաքապետի մյուս թեկնածուն` Արթուր Աբգարյանն, իր աշխատանքային կենսագրությամբ առանձնապես հայտնի չէ ալավերդցիներին: Նա Ալավերդիում հայտի գործարար, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրն է:
Թեկնածուներն արդեն սկսել են ընտրարշավը· մարտի 8-ի տոնի առթիվ քաղաքի բոլոր վարսավիրանոցներում ալավերդցի կանանց մազերը հարդարել են Արթուր Աբգարյանի հաշվին: Ըստ Ալավերդիում շրջանառվող լուրերի՝ Կարեն Փարեմուզյանն էլ տոնի առթիվ ծաղիկներ է բաժանել կին ընտրողներին:
Մեկնաբանել