
Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտնում է, որ ադրբեջանական կողմից հարձակումներին մասնակցում են թուրք զինվորականներ
«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը
-Վերջերս ադրբեջանական զինուժը նորից է ակտիվացել, անընդհատ հարձակումներ են գործում սահմանի տարբեր հատվածների ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ դրանք կապվա՞ծ են Ցեղասպանության 100-ամյակին:
-Իրավիճակը վերջերս չի լարվել, 2014-ին, 2013 թվականին, այս իրավիճակի մեջ ենք եղել, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակն է, հակառակորդի կողմից անընդհատ կան ոտնձգություններ: Այս բոլոր գործողությունների վերջնակետը, թիրախը հայն է որպես ազգ: Մեր ժողովրդի ցանկացած միջոցառման ժամանակ հակառակորդն իր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի չթույլատրի, որ այդ միջոցառումները պատշաճ ձեւով կազմակերպվեն մեր հանրապետությունում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, կարծում եմ, այդ շարքին են դասվում: Հատկապես, որ դրան միանում է Թուրքիան, եւ որոշակի պատվեր կա Թուքիայի կողմից Ադրբեջանին, որպեսզի ցանկացած պայմաններում փորձի լարված վիճակում պահել եւ չթողնել, որ մեր ժողովուրդը այդ միջոցառումները կազմակերպի:
-Սպաների հետ զրույցի ընթացքում նրանցից մեկը այսպիսի մի միտք արտահայտեց, որ իրենք համոզված են՝ հարձակումների ժամանակ ադրբեջանցիների հետ նաեւ թուրք զինվորականներ կան: Կա՞ն այդպիսի տվյալներ, ապացույցներ:
-Տվյալներ ունենք, մասնակցում են, բայց ոչ մշտական: Հավանականությունը շատ մեծ է, մենք ընդամենը երկու դեպք ունենք ապացուցված, որ մասնակցել են: Հավանականությունը մեծ է, այս խմբավորումը, որը աշխատել է մեր դեմ, պատրաստվել է Թուրքիայում, թուրքական բանակի հրահանգիչների կողմից, եւ Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է ներդրել այս ստորաբաժանումները պատրաստելու համար: Եւ մինչեւ ստորաբաժանման վերջնական հանձնումը մեծ հավանականություն կա, որ թուրքերը իրենք էլ են մասնակցում գործողություններին:
- Սպաների հետ զրույցներից նաեւ պարզ դարձավ, որ հակառակորդի հարձակումները անպատասխան չեն եղել, սակայն պաշտպանության նախարարության հաղորդագրություններում կարծես դրանց մասին չի ասվում: Ինչո՞ւ չի հաղորդվում պատասխան գործողությունների մասին:
-Նախ ասեմ՝ ինչու չեն հայտնել դրանց մասին հաղորդագրություններում: Ցանկացած ռազմական գործողություն հույժ գաղտնի է, ոչ թե գաղտնի, այլ հույժ գաղտնի, եւ այդ գործողությունները հրապարակման ենթակա չեն: Դրանից ելնելով՝ չենք հրապարակում: Կարծում եմ, եթե Ադրբեջանում մամուլը մի քիչ ազատ լինի, իրենց հասարակությունն էլ տեղեկացված կլինի: Բանակը, եթե պատերազմի մեջ ես, պարտավոր է համարժեք գործողություն կատարել, եթե չկատարես, ապա կհայտնվես պարտվողի դերում: Ես գտնում եմ, որ մեր բանակի այսօրվա գործողութոյւնները համարժեք են, եւ դա է զսպում Ադրբեջանին, որ լայնածավալ ռազմական գործողություններ չսկսի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել