
Ոստիկանությունը արտասահմանյան հյուրերի համար թանկարժեք հյուրանոցային համարներ է պատվիրում
ՀՀ ոստիկանությունը 2014թ. արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության նպատակով երկու պայմանագիր է կնքել Երևանի թանկարժեք հյուրանոցներից մեկի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ի հետ:
Առաջին պայմանագիրը կնքվել է հուլիսի 15-ին՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Հայաստան ժամանած պատվիրակության ընդունելության առթիվ: Ոստիկանությունը ռուս պաշտոնյաների պատվին «Գոլդեն Փելիս» հյուրանոցում պատվիրել է 27 սենյակ, որից 2 սենյակ՝ յուրաքանչյուրը 290.000 դրամ, 4 սենյակ՝ 190.000, 12 սենյակ՝ 130.000, 5 սենյակ՝ 67.000 և 4 սենյակ՝ 49.000 դրամ արժողության:
Ռուս պատվիրակության հյուրանոցային կարիքների բավարարման համար «Գոլդեն Փելիսին» վճարվել է 4 մլն դրամ:
Նույն հյուրանոցի հետ հաջորդ նույնաբովանդակ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 9-ին, այս անգամ՝ Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Հայաստան ժամանած պատվիրակության համար:
Այս պատվիրակության համար ՀՀ ոստիկանությունը «Գոլդեն Փելիսից» պատվիրել է դարձյալ 27 սենյակ՝ մեկը՝ 348.000 դրամանոց լյուքս, 14-ը՝ 80.000 դրամ արժողության կիսալյուքս, 12-ը՝ 69.000 դրամանոց սնտանդարտ սենյակներ: Այս դեպքում հյուրանոցային ծառայության ընդհանուր գումարը կազմել է 2.296.000 դրամ:
Տեղեկացնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ն, որը կապվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ՝ «խառը» բաժնետերեր ունի: Ընկերության հիմնադիր «ՌԻՎԵԼՀԻՐ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2013թ. հոկտեմբերի վերջին և «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել դարձյալ օֆշորում գրանցված «Գոլդեն Գրուպ Լիմիթեդ» ՓԲԸ-ն (ԱՆԳԻԼԻԱ, Ք.Դուգլաս):
Համաձայն Մեծ Բրիտանիայի ընկերությունների գրանցման ռեգիստրի, «Գոլդեն Գրուպ Լիմիթեդ» ՓԲԸ-ն 2014թ. լուծարվել է:
Նշենք, որ 2007-2008թթ. «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ի բաժնետեր է եղել նաև տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, ով Կարեն Ճշմարիտյանի ազգականն է:
Մեկնաբանել