
Միհրան Պողոսյանի ներմուծած բանանի ծավալներն աճել են
ՀՀ Ազգային ժողովում այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստան ներկրվող բանանի թեմային: Պատգամավորը նշեց, որ «ողջ Եվրոպայում բանանը վաճառվում է 500, 600 «քարը տրաքի»՝ 700 դրամին համարժեք գնով, Հայաստանում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, Սերժ Սարգսյանի «դաբրո»-ով, ձեռքը դրել է բանանի շուկայի վրա ու ասում է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Հայաստանում, սակայն, բանանը 700 դրամից բարձր արժեք ունի:
«Ու այս ֆոնին մարդը հայրենասեր է, պատկերացնո՞ւմ եք: ԴԱՀԿ-ի նոր կատարողներին տանում է Ծիծեռնակաբերդ, շարում ու երդվեցնում է, որ «մենք հանուն հայրենիքի»... Էդքան հայրենասեր եք, թողեք մարդիկ Հայաստանում ապրեն, թողեք բիզնես անեն, ամեն օր գրպանները մի մտեք երեխեքին, էդ երեխեքի ծնողներին թալանեք, էդքան հայրենասեր եք, մի նենց արեք՝ մարդիկ ստեղից փախնեն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիմա տեսնենք, թե որքան բանան է ներկրում մենաշնորհ ունեցող Միհրան Պողոսյանը Հայաստան:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Հայաստան է ներմուծվել 12 058 տոննա բանան: Քանի որ բանանի արտահանում չի գրանցվել, հետևաբար ամբողջ ծավալը սպառվել է երկրում:
Բանանի արտահանման ծավալները, սկսած 2010 թվականից, աճում են: 2014-ին ավելի քան 2000 տոննա ավել բանան է ներկրվել, քան 2013-ին: Վերջին հինգ տարում բանանի գրեթե նույնածավալ ներմուծում արձանագրվել է նաև 2012-ին. ներմուծվել է 12500 տոննա բանան:
Թե ինչպես էր Միհրան Պողոսյանը բանան ներմուծել մինչ 2009թ., այնուհետև իբրև բանանի յուղ արտահանել Բահամյան կղզիներ՝ շրջանցելով մաքսային վճարները, «Հետքն» արդեն անդրադարձել է: Այդ գործարքների արդյուքնում Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ՍՊԸ-ն պետությանը չէր վճարել շուրջ 1.5 մլն դոլար:
|
Բանանային պատմություն բանանային Հայաստանում |
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել