
«Կցանկանայի ավելի ուժեղ ջրային պաշարների կառավարման համակարգ տեսնել Հայաստանում»
«Հետքի» հարցերին պատասխանում է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ Ուինսթոն Յուն
-Համաշխարհային բանկի 2014թ·-ին իրականացրած «Դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում» հետազոտության արդյունքներով Հայաստանում մինչեւ 2030թ·-ը, գետերի ջրահոսքի 25% կրճատում է կանխատեսվում: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր պետք է կատարի Հայաստանի կառավարությունը, որպեսզի խուսափի երկրում աղքատությունն ավելի խորացնելուց եւ անապատացման վտանգից:
-Շատ կարեւոր է արձանագրել այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության հետեւանքներն այս երկրի վրա շատ անորոշ են, եւ յուրաքանչյուր տարածաշրջան տարբեր է: Ուստի, մեր կարծիքով, առանցքային է երկրում ջրի կառավարումը բարելավելն ու ամրապնդելը: Պատկան մարմինները պետք է կարողանան ավելի հարմարվողական լինել եւ ավելի ինստիտուցիոնալ մոտեցում դրսեւորել՝ գյուղացիական տնտեսություններին ապահովել անհրաժեշտ գործիքակազմով, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել նրան, ինչը վաղն է գալու: Այդ գործընթացում էլ Կառավարությունը պետք է օժանդակի համայնքներին եւ գյուղացիական տնտեսություններին: Օրինակ, եթե համեմատում ենք ոռոգված հողատարածքների տնտեսական արդյունքները եւ անձրեւաջրերով ոռոգվող տարածքների արդյունքները, ապա նկատում ենք, որ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կարողացել են ոռոգումից օգտվել, կարողացել են ավելի մեծ եկամուտներ ստանալ: Ուստի, եթե Կառավարությունը կարողանա ոռոգման հասանելիություն ապահովել գյուղացիական տնտեսությունների համար, ապա դա կօգնի դիմակայելու կլիմայի փոփոխությանը: Մյուս կողմից, եթե Կառավարությունը կարողանա խթանել, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործեն ջրային ռեսուրսները՝ այդ դեպքում գյուղացիական տնտեսությունները կկարողանան ավելի շատ եկամուտ ստանալ եւ այդպիսով խուսափել աղքատությունից: Ամփոփելով պարզապես նշեմ, որ չեմ կարող ասել, թե վաղն ինչպիսին կլինի, բայց, ամեն դեպքում, կցանկանայի ավելի ուժեղ ջրային պաշարների կառավարման համակարգ տեսնել Հայաստանում:
-Ինչպե՞ս եք գնահատում ջրային պաշարների առկայությունը Հայաստանում:
-Կան որոշակի ցուցանիշներ՝ Հիդրոմետի, Ջրային կոմիտեի հրապարակած ցուցանիշները, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս ջրային պաշարների առկայության մասին: Ըստ էության, եթե Հայաստանը համեմատում ենք այլ երկրների հետ, ապա Հայաստանը բավականաչափ լավ պաշարներ ունի: Հիմնական մարտահրավերն այն է, թե ինչպես են անհամաչափ պաշարները եւ անհամաչափ պահանջարկը համապատասխանեցվում: Սա իհարկե, ջրային ոլորտի կառավարիչների առօրյա խնդիրն է, ինչպես նաեւ այն, թե ավելի երկարաժամկետ հեռանկարով ինչպես իրականացնել կառավարումը եւ ինչպիսի ներդրումներ կատարել: Մեր կարեւորագույն դիտարկումներից մեկը, որ արված է «Դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում» զեկույցում՝ մոնիթորինգի կարեւորությունն է: Հիդրոմետ ծառայությունը ներկայումս մոնիթորինգի կայանների բավականին լավ ցանց ունի, սակայն անհրաժեշտ է ավելին, եւ պետությունն այդ ուղղությամբ ներդրումներ պետք է կատարի:
-Նույն հետազոտության արդյունքներով, ջրային պաշարների ուսումնասիրման ներկա մոնիթորինգային համակարգը խիստ թերի է, հետեւաբար ունեցած արդյունքները, որոնք հիմք են ընդունվում ջրօգտագործման թույլտվությունների դեպքում՝ խիստ կասկածելի: Կարելի՞ է այդ արդյունքներին վստահել:
-Դա պարզելու համար, իհարկե, ամեն մի կառույց, տեղամաս պետք է առանձին ուսումնասիրվի, կետ առ կետ, եւ եթե փորձեի առանձնացնել, թե որ տեսակի մոնիթորինգն է ավելի անհրաժեշտ, ապա ստորգետնյա ջրերի մոնիթորինգը կառանձնացնեի որպես այդպիսին: Դրա վառ օրինակներից մեկը հենց Արարատյան դաշտավայրն է, որտեղ, չնայած տվյալների բացակայությանը, շարունակ ջրօգտագործման թույլտվություններ են տրվում:
-Այդ տվյալները հիմք են ընդունվել հէկ-երի եւ ձկնաբուծարանների թույլտվություններ տալու դեպքերում, եւ կարճ ժամանակ հետո նոր խնդիրներ են ծագել տեղերում՝ լճերի ճահճացում, բնության ամայացում, սակավաջրություն մեծ թվով ջրօգտագործողների շրջանում: Վիճակը շտկելու ի՞նչ ելքեր կարող եք առաջարկել շարունակաբար նվազող ջրային պաշարների պայմաններում:
-Ինչպես արդեն նշեցի, մոնիթորինգի ընդհանուր համակարգը կարող է բարելավվել, ինչպես նաեւ կարող է բարելավվել թույլտվությունների տրամադրման համակարգը, որովհետեւ խոսքը չի վերաբերվում միայն այն գործընթացին, որի միջոցով տրամադրվում են այդ թույլտվությունները: Շատ է կարեւորվում նաեւ թույլտվության պայմանների կատարումը, ինչպես նաեւ դրանց կիրարկումը, որովհետեւ հնարավոր է, որ թույլտվությամբ ավելի փոքր պաշարներ է նրանց թույլ տրվում օգտագործել, բայց իրականում ավելի շատ են օգտագործում: Մյուս կողմից էլ՝ բնապահպանական տեսանկյունից, եթե ուզում ենք գեղեցիկ բնական միջավայր ստեղծել, լավ ֆաունա եւ ֆլորա ունենալ, լավ էկոհամակարգ ստեղծել եւ թողնել մեր երեխաներին, ապա անհրաժեշտ է ամրապնդել այդ մոնիթորինգը եւ վերահսկողությունը: Ջրային ռեսուրսների կառավարման հիմնական մարտահրավերն այն է, որ այն առնչվում է կյանքի եւ տնտեսության բոլոր կողմերին՝ գյուղատնտեսություն, հիդրոէլեկտրակայաններ, ջրամատակարարում, ոռոգում, բնապահպանություն եւ այլն: Ուստի, կարեւոր է, թե որպես հասարակություն ինչպես ենք ընտրում, թե որտեղ տեղաբաշխենք այդ ջրային ռեսուրսները: Այստեղ, իմ կարծիքով, թույլտվությունների տրամադրումը այն հիմնական լծակն է, որ Կառավարության ձեռքին առկա է այդ ընտրությունը կատարելիս:
-Հայտնի է, որ Հայաստանի գետերը թափվում են հարեւան հանրապետություններ եւ ջրային պաշարներ ամբարելու մեծ հնարավորություններ չունենալը, ինչպես նաեւ մոտ մեկ տասնյակ ջրամբարների վթարային վիճակը բացասաբար է անդրադառնում ոռոգման հարցին: Ճգնաժամային վճակները հաղթահարելու լուծումներ ունի՞ Բանկը:
-Վերջին տասնամյակում Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի կառավարության հետ աշխատել է ջրամբարների պատվարների անվտանգությունն ապահովելու ուղությամբ: Ջրամբարները կարեւոր դերակատարում ունեն երկրի ջրային պաշարները կառավարելու հարցում եւ դրանք կարեւորվում են, ինչպես ոռոգման, ջրամատակարարման, հիդրոէլեկտրակայանների, այնպես էլ հանգստի համար: Օրինակ, եթե դիտարկենք Սեւանա լճի տարբերակը: Ինչպես հայտնի է, Կառավարությունը դիմում է դոնոր կազմակերպություններին, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որպեսզի կարողանա ավելացնել այն միջոցները, որոնք ուղղվում են ջրամբարներին եւ, իմ գնահատականով, ընդհանուր առմամբ, սա լավ գաղափար է: Սակայն, մյուս կողմից, եթե ուզում ենք պատկերացնել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 15-20 տարի հետո, ապա առանցքային է դառնում այն հարցը, թե բացի այս չորս ծրագրից, որ ներկայումս նախատեսում է իրականացնել Կառավարությունը, լրացուցիչ քանիսն են անհրաժեշտ: Ինչպես գիտենք, ջրամբարները կարող են ունենալ սոցիալական եւ բնապահպանական ազդեցություն: Սա նշանակում է, որ տեխնիկական, ինժեներական լուծումներից բացի, մենք պետք է քաջատեղյակ լինենք նաեւ դրանց սոցիալական, բնապահպանական հետեւանքներին:
-Ներկայումս շրջանառության մեջ է դրված ՀԲ-ից ֆինանսավորվող Քաղցրաշենի ծրագիրը, որի իրագործմանը դեմ է թիրախ համայնքը՝ Գառնիի բնակչությունը: Բնակչության դիտարկումով՝ Ազատ գետի ջրային պաշարների վերաբերյալ ներկայացվող տվյալները չափազանցված են եւ խողովակաշարով 900լ/վրկ ջուր վերցնելու դեպքում՝ գետում չի պահպանվի օրենքով նախատեսված 850լ/վրկ բնապահպանական թողքը: Այս պայմաններում որքանո՞վ է հիմնավորված Քաղցրաշենի ծրագրի իրագործումը, որի նպատակը մեխանիկական եղանակով տրվող ջուրը ինքնահոսով փոխարինելն է:
-Շատ կարեւոր հարց եք տալիս: Համաշխարհային բանկը սոցիալական եւ բնապահպանական երաշխքիները խիստ կարեւորում է եւ, բնականաբար, որեւէ ծրագիր չի հաստատում մինչեւ համապատասխան փորձագետները չեն ուսումնասիրում եւ դրական գնահատական չեն տալիս, որ ոչ մի բացասական ազդեցություն մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա չի լինի: Եթե առիթ ունենաք մասնակցելու մեր պատվիրակության այցերի ժամանակ Կառավարության հետ հանդիպումներին, ապա կտեսնեք, որ շարունակ բարձրացնում ենք այն հարցը, թե ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու այս կամ այն շինության կառուցումը այդ բնակավայրի բնակչության եւ շրջակա միջավայրի վրա: Ավելի վաղ հարցրեցիք մոնիթորինգի հետ կապված, կոնկրետ այս դեպքում, Ազատի կիրճում մենք ունենք բավականին լավ մոնիթորինգային կայան եւ բավականին տվյալներ, որոնք շատ երկար ժամանակահատված են ընդգրկում: Որքան երկար ժամանակահատված են ընդգրկում տվյալները, այնքան ավելի լավ: Այսինքն, այնտեղ ունենք կայան, որը տվյալները հավաքել է դեռեւս 1936թ·-ից մինչ օրս: Մենք այց ենք կազմակերպում կիրակի օրը, որպեսզի տեսնենք, թե մոնիթորինգն ինչպես է իրականացվում: Սակայն, հիմնվելով տվյալների այդ երկար շարքի վրա, մեր փորձագետները վերլուծել եւ ուսումնասիրել են դրանք եւ մեր կարծիքով՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված 850լ/վրկ բնապահպանական թողքի ցուցանիշը կպահպանվի: Անգամ այն արտասովոր ժամանակահատվածում, երբ ջրային պաշարները բավականին քիչ են, առաջնահերթությունը, այնուամենայնիվ, օրենքի համաձայն, տրվելու է բնապահպանական թողքին: Միակ ամիսը, որը կարող է մտահոգել՝ օգոստոս ամիսն է, որը ջրի ամենամեծ պահանջարկն ունի: Քանի որ ուզում ենք ապավինել, որ Կառավարությունն իր իսկ սահմանած օրենսդրությանը կհետեւի, մենք լրացուցիչ միջոցառումներ ենք նախատեսում, որ նաեւ մոնիթորինգի լրացուցիչ կայաններ տեղադրվեն տեղանքում:
Առաջին անգամ, երբ այցելեցի Ազատի կիրճ, հիացած էի, թե ինչ գեղեցիկ տեսարժան վայր է այն՝ Քարերի սիմֆոնիան, Գառնիի տաճարը, ամեն ինչ ուղղակի հիասքանչ էր: Բնականաբար, այդ տեսանկյունից մենք չէինք կարող խախտել այդ գեղեցկությունը, եւ համակարգը այնպես է նախագծված, որպեսզի ձկների հոսքը շարունակելու հնարավորություն տա: Մենք «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին» խորհուրդ ենք տվել, որպեսզի բնապահպանական տեսչության հետ նաեւ լրացուցիչ ջրի որակի մոնիթորինգի համակարգ ներդնեն: Նաեւ՝ խնդրել ենք լրացուցիչ ջրի որակի մոնիթորինգ իրականացնել եւ հրապարակել, որպեսզի սա նույնպես հանրությանը մատչելի դառնա: Այդ կանոնակարգերի կիրարկումը ոչ միայն պետության պատասխանատվության ներքո է այլեւ՝ հանրությունը ես պետք է ներգրավված լինի այդ գործընթացում: Ուստի, երբ դիտարկում ենք այն տնտեսական օգուտները, որն ակնկալում ենք պոմպերից ինքահոս ջրամատակարարման անցնելու ժամանակ, մենք վստահ ենք, որ դա բխում է հանրության շահերից: Մենք պետք է հնարավորինս կրճատենք անարդյունավետ պոմպերով մղվող ջուրը, որովհետեւ դրա էներգետիկ ծախսերը հսկայական են եւ իհարկե, հանրահայտ փաստ է, որ գլոբալ կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում, որը պայմանավորված է բոլորի կողմից ավելի եւ ավելի շատ էներգիա սպառելով:
-Ողջունելի է, երբ նախապատվությունը տնտեսական հաշվարկներին է տրվում, բայց ես ինքս Գառնիում եմ ապրում, ու պիտի ասեմ, որ այն մոնիթորինգային ցուցանիշները, որոնք այսօր ներկայացվում են, շատ են տարբերվում տեղի բնակչության դիտարկումներից: Արդարացվա՞ծ են, արդյոք, ծրագրով հաշվարկված ծախսերը եւ վնասներն այն դեպքում, երբ Արարատյան դաշտավայրում ոռոգման 7 ամիսներին Ազատ գետից հնարավոր կլինի առավելագույնը 1-2 ամիս ջուր վերցնել:
-Այս հարցի հետ կապված մի մեկնաբանություն կուզեի անել, երբ խոսում ենք մոնիթորինգի կայանի եւ դրանց իրականացրած չափագրումների մասին, մենք մեկ տարին չենք դիտարկում, եւ եթե մեկ տարվա կտրվածքով անճշտություններ լինեն, ապա չեմ կարծում, որ 80-90 տարվա այդ երկարատեւ ժամանակահատվածում ոչ ճշգրիտ տեղեկություններ կլինեն: Հիդրոմետի ծառայությունում աշխատում են լուրջ մասնագետներ եւ միաջազգային չափորոշիչներ ու մեթոդներ են կիրառվում այդ աշխատանքները կատարելու համար: Ես լիովին հասկանում եմ, որ կան կասկածներ եւ տարակուսանքներ, եւ այդ է պատճառը, որ նախատեսում ենք այց կազմակերպել եւ փաստացի տեսնել, թե ինչպես են իրականացվում այդ չափումները: Ես ինքս մասնագիտությամբ հիդրոլոգ եմ եւ գիտեմ, թե երբեմն որքան դժվար է չափումներ իրականացնելը: Սակայն այս մասնագիտությունը հարյուրավոր տարիների պատմություն ունի եւ գնալով կատարելագործվում են այն մեթոդները, որոնցով գնահատվում են գետերի պաշարները:
-Նախագծողները Գառնիի բնակչությանը հավաստիացնում են, որ Ազատ գետում ջրի քանակությունն ավելացնելու հնարավորություններ կան, մինչդեռ ՀԲ-ի վերջին հետազոտությունը փաստում է, որ ապագայում «օդի ջերմաստիճանի աճն ու տեղումների կրճատումը կավելացնեն գոլորշիացման մակարդակը եւ կնվազեցնեն ձմռանը ձյան շերտի ծածկույթն ու գարնանային արտահոսքը, ինչի հետեւանքով կկրճատվի գետերի հոսքը»: Այս եզրակացությունն ունենալուց հետո ՀԲ-ն չի՞ ցանկանում վերանայել Քաղցրաշենի ծրագրին հատկացվող ֆինանսական օժանդակության նպատակարհարմարությունը կամ առնվազն՝ հետաձգել այն մինչեւ ջրային պաշարների նկատելի վերականգնումը:
-Այդ դեպքում մենք ստիպված կլինենք շատ երկար սպասել: Կլիմայի փոփոխության պայմաններում, ինչպես արդեն նշեցի, շատ դժվար է կանխատեսել, թե վաղն ինչ է լինելու: Սակայն, միաժամանակ ինձ համար մի բան հստակ է, մենք պիտի շատ ավելի արդյունավետ օգտագործենք այն ջուրը, որ Աստված մեզ պարգեւել է: Այն հանդիպումների ժամանակ, որ անցկացրել ենք Գառնի համայնքի բնակիչների հետ, մեզ համար պարզ էր, որ ջրի մատչելիության խնդիր կա հենց Գառնիում: Սա բավականին լուրջ հարց է, որովհետեւ այն վերաբերվում է շուրջ 2000 ջրօգտագործողների: Ներքին ցանցը, որով ջուրը բաշխվում է համայնքի բնակիչներին, անարդյունավետ է, եւ Գառնու հիմնական՝ մայր ջրանցքը, որով ջուրը փոխանցվում է ջրօգտագործողներին, եւս անարդյունավետ է գործում: Գառնիում կա մի հատված, որտեղ կորուստները շատ մեծ են: Հիմնականում երկու աղբյուրից են ոռոգման ջուր ստանում Գառնիի բնակիչները, մեկը՝ Ազատ գետից եկող խողովակաշարն է, մյուսը՝ Գողթ գետից սկիզբ առնող ջրանցքը: Այդ ջրանցքի ուղղությամբ է, որ բավականին ժամանակ որեւէ ներդրում չի կատարվել, ուստի նախեւառաջ անհետաձգելի աշխատանքներ պետք է իրականացվեն այդ ջրանցքում, որպեսզի կորուստներ չլինեն: Ներքին ցանցում, որտեղից արդեն ջուրը բաշխվում է ըստ առանձին տնտեսությունների, եւս կան կորուստներ: Այդ համակարգի մեջ ամեն ինչ փոխկապակցված է, եւ եթե մի տեղ խափանում է լինում, ապա դրա հետեւանքով խափանվում է բաշխման ամբողջ համակարգը: Եթե ես վաղը կարող են անել մի քայլ, որով կարող եմ կրճատել ջրի կորուստը եւ ավելացնել ջրի մատչելիությունը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն 2020թ· կամ 2025թ·-ը, ապա կարծում եմ, այդ քայլերը պետք է անենք հենց այսօր: Սակայն դրա համար վերլուծություն պիտի կատարել:
Եվրասիական զարգացման բանկի նախագծի շրջանակում, որքան հասկացա, նրանք նախատեսում են նաեւ այդ ուսումնասիրությունն իրականացնել: Նրանք տեխնիկական վերլուծություններ են իրականացնում, որպեսզի համոզվեն, որ սա լավ ներդրում է: Համենայնդեպս, այն նախնական տեղեկությունները, որոնց ես ծանոթացել եմ, իմ կարծիքով, սրանք շատ իմաստավորված կլինեն, որովհետեւ 1000 հա-ից ավելի տարածքներ կան, որոնք, եթե կարողանան ավելի արդյունավետ ջուր օգտագործել, ապա արդյունքներն ավելի բարձր կլինեն: Հիմնական ուղերձն այն է, թե որքանո՞վ կարող ենք արդյունավետ օգտագործել եւ օգտագործելով նույն քանակի ջուր՝ ավելի շատ եկամուտ կարողանանք ստեղծել գյուղատնտեսական տնտեսությունների համար:
-Ազատի ջրամբարը նույնպես վթարային է եւ դրա պատճառով այնտեղ էլ ջրային կորուստները մեծ են, միգուցե ծախսերն ուղղվեին ջրամբարի վերականգնմանը՝ կորուստները նվազեցնելու համար:
-Նախատեսվող ծրագիրն իրականացնելով մենք արդեն իսկ ջրային կորուստները նվազեցնելու ենք եւ մատչելիությունը կավելանա: Կարեւոր է նաեւ առանձնացնել այն հանգամանքը, որ Ազատի ջրամաբարը շուրջ 10,000 հա է ոռոգում, ուստի կենսական կամ կարեւոր ակտիվ է պետության համար: Բայց, ճիշտն ասած, ես տեղյակ չէի, որ բուն ջրամբարի հետ կապված խնդիրներ կան, սակայն դա եւս կարող ենք ուսումնասիրել, եւ եթե պատվարները վերականգնելու խնդիր կա, դա նույնպես կարող ենք օգտագործել ծրագրում: Եվրասիական զարգացման բանկն ուզում է ծրագիրը խորհրդին ներկայացնել այս տարի: Եթե նախնական փաստերի ուսումնասիրությունից պարզ դառնա, որ արժե այս ուղղությամբ ներդրումներ կատարել, ապա մինչեւ աշուն կսկսեն աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել