
Բնապահպանության նախարար. «Ախթալայում կա փնթի հանքարտադրություն»
«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրգորյանը:
-Բնապահպանության նախարարության կողմից 2014թ.-ին ի՞նչ տույժեր և տուգանքներ են կիրառվել բնապահպանական պարտավորություններ չկատարող Լոռու մարզի հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ:
-Կարևոր հարց է դա: Ուրեմն, 2014թ.-ին նախարարության կողմից Լոռու մարզի ընդերքօգտագործողների մոտ բնապահպանական ստուգումներ չեն իրականացվել: Երբ ինձ նշանակեցին նախարար, մենք մեր թիմով փորձեցինք հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան ոլորտում: Անկախ նրանից, թե դա էներգետիկայի ոլորտ էր, թե այլ գերատեսչության, մենք ուսումնասիրություն անցկացրեցինք: Եղան մարդիկ, որոնց մենք ուղղորդեցինք կարգի բերել իրենց ոլորտը՝ հիշեցնելով, որ այլ պարագայում խնդիրներ կունենան: Մենք հստակ քայլեր չիրականացրինք՝ հաշվի առնելով, որ որոշակի ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար: Այս տարի մարզի երկու հանքարդյունաբերական ընկերություններում` «Ախթալայի ԼՀԿ»-ում և Արմանիսի «Սագամար» ՓԲԸ-ում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տեսչական ստուգումներ ենք իրականացնում: Առավելագույնը 10 օր հետո մենք Ձեզ հստակ կտրամադրենք ստուգման արդյունքները:
-Ի՞նչ է սպասվում Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրին:
-Երբ մենք փորձեցինք այս հանքի փորձաքննությունն իրականացնել, հանքի սեփականատերը կտրուկ հետ վերցրեց իր բոլոր փաստաթղթերը և ժամանակ խնդրեց իր առաջարկությունը վերանայելու և կրկին փորձաքննության ներկայացնելու համար: Բայց ես, որպես նախարար, միանշանակ հաշվի եմ առնելու նաև Ֆիոլետովոյի բնակչության կարծիքը: Դա կարևոր է մեզ համար, առավել ևս, որ Ֆիոլետովոյում հայեր չեն ապրում, մոլոկաններ են ապրում և զբաղվում են գյուղատնտեսությամբ: Այնուամենայնիվ, քանի դեռ մեզ մոտ փորձաքննության փաստաթղթերը չկան, ես հստակ ոչինչ չեմ կարող ասել:
-Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» ձորի պոչամբարի պոչանքերը տարիներ շարունակ թափում են Դեբեդ գետը: ԼՀԿ-ի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը գործող պոչամբարի հարևանությամբ՝ 40 հա –ի վրա նախատեսում է կառուցել նոր պոչամբար` երկաթգծից 500 մետր, իսկ Դեբեդ գետից հազիվ 600 մետր հեռավորության վրա: Ինչպիսի՞ն է լինելու դրա հետևանքերը:
-Ես ուզում եմ Ձեզ հետ շատ անկեղծ լինել: Իրոք, Ախթալայում կա փնթի հանքարտադրություն: Մենք դա տեսել ենք, բայց դրանից հետո, երբ նոր սեփականատերը եկավ, նա մեզ վստահեցրեց, որ որոշակի ժամանակահատված է իրեն պետք, որպեսզի կարգավորի խնդիրը: Ինչ-որ չափով դրական արդյունքներ մենք նկատեցինք: Ավելացան աշխատատեղեր: Նրանք ազդակիր Մեծ Այրում համայնքի խմելու ջրի խնդիրը խոստացան լուծել: Չեմ ժխտում, «Նահատակ» ձորի պոչամբարը,այո, շատ վատ վիճակում է: Այս պահին այնտեղ մեր կողմից իրականացվում է տեսչական ստուգում: Մենք Մաքսիմ Հակոբյանի հետ զրուցել ենք, ներկայացրել ենք խնդիրները: Հակոբյանը ինքն ընդունում է դրանք և ասում է, որ ցանկություն ունի շրջակա միջավայրին չվնասող արտադրություն կազմակերպել:
-Տեղյա՞կ եք Դեբեդ գետի էկոլոգիական վիճակին:
-Մեր տվյալներով, այսօր Դեբեդ գետի ջուրը էկոլոգիապես բարվոք վիճակում չէ, մանավանդ հանքարդյունաբերական ընկերությունների տարածքներում: Դեբեդի ջրերը աղտոտում է նաև ազգաբնակչությունը: Մենք երկու դեպքում էլ ուսումնասիրել ենք գետի վիճակը և ունենք դրա պատկերը: Դեբեդում լուրջ աղտոտվածություն կա: Մենք կարճ ժամանակ հետո կներկայացնենք մեր ստուգումների արդյունքները և կկիրառենք պատժամիջոցներ:
-Ինչպե՞ս եք գնահատում Թումանյանի տարածաշրջանի պոչամբարների անվտանգության վիճակը, դրանք 8-ն են:
-Պոչամբարները ՀՀ արտակարգ իրավիճակների և էներգետիկայի նախարարություններին են պատկանում: Մենք ընդամենը այնտեղ բնապահպանական վերահսկողություն ենք կատարում:
-Ես հենց բնապահպանական վերահսկողության առումով էլ հարցնում եմ:
-Ախթալայի ԼՀԿ-ի գործող պոչամբարի հետ կապված որոշակի բարդություն կա, պոչամբարն արդեն լցվել է և կարող է թափվել գետը: Երկրորդը`լցված պոչամբարների ռեկուլտիվացիայի աշխատանքներ պետք է պարտադիր իրականացվեին: Մենք մի նախագիծ ենք մշակում և առաջիկայում դիմելու ենք կառավարությանը` լքված և մինչ այսօր ռեկուլտիվացիայի չենթարկված պոչամբարներում բնապահպանական վճարների գումարներով պիլոտային ծրագրեր իրականացնելու և դրանք փակելու համար: Հուսով եմ, որ կարճ ժամանակ հետո մենք կսկսենք այդ աշխատանքները:
-Լոռու մարզում բնապահապանական ի՞նչ ծրագիր է իրականացվել Ձեր պաշտոնավարման ընթացքում:
- Ասեմ Ձեզ, այդ տարածքներում բնապահպանական ոլորտի հետ կապված ծրագրեր իրականացնելու համար մեր նախարարությանը պլանավորված գումարներ չեն հատկացվում: Դրանք իրականացնում են համայնքները`ընկերությունների բնապահպանական վճարների սուբվենցիաներով: Մենք բյուջեում ունենք սուղ միջոցներ: Այնուամենայնիվ, մենք առաջիկայում նախատեսում ենք դոնոր կազմակերպությունների հետ միասին անտառների վերականգնման աշխատանքներ իրականացնել Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Մենք հիմա սպասում ենք ֆինանսավորման:
-Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 2010թ. Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելուց հետո «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը հաջողվեց բնապահպանության նախարարության միջոցով նվազեցնել գործարանի արտանետումների ծավալները և պետբյուջեին վճարվող բնապահպանական իր վճարները: Դրա արդյունքում տարեցտարի նվազում են նաև պետբյուջեից համայնքի բյուջեին հատկացվող բնապահպանական սուբվենցիաները: Հնարավոր համարո՞ւմ եք նախարարության կողմից պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալների վերանայումը:
- Առաջիկայում մենք տեսչական ստուգումներ կիրականացնենք նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Մեր համոզմամբ, արտանետումների ծավալները կպակասեն միայն այն դեպքում, երբ իրենց արտադրության ծավալները նվազեն: Եթե չեն նվազել, ապա արտանետումների ծավալները մնում են նույնը: Ինչ վերաբերում է խողովակի բարձրացնելով արտանետումների նվազելուն, դա իրականում այդպես չի կարող լինել: Այդ դեպքում գործարանի արտանետումներն ավելի մեծ տարածք են ընդգրկում: Միգուցե խողովակը բնակչությունից մի քիչ հեռացվել է: Ես առաջիկայում կհանդիպեմ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականատիրոջ հետ, մենք կքննարկենք թեման, կպարզենք ինչու են վերանայվել իրենց բնապահպանական վճարները: Դա եղել է մինչ իմ նախարար նշանակվելը: Ես հարցին հետամուտ կլինեմ և այդ մասին մենք կխոսենք նաև Ալավերդու քաղաքապետի հետ:
Մեկնաբանել