
ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչն էժանագին քարոզ է անում
Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսն այնքան է ջանում իր կառույցի հովանավորած ալյուրի հարստացման օրինագիծը դրական լույսի ներքո քարոզելու համար, որ երբեմն հայտնվում է, մեղմ ասած, անհարմար իրավիճակներում:
Անցյալ տարեվերջին ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությունը ալյուրի հարստացման վերաբերյալ սեմինար էր կազմակերպել լրագրողների համար: ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսն, իր ելույթի ժամանակ խոսելով հարստացված ալյուրի մասին, իբրեւ նախադեպ բերեց մեր երկրում աղի յոդացումը. «Հայաստանն արդեն ունի նման՝ աղի պարտադիր յոդացման հաջողված փորձ: Այդ ծրագիրը լավագույնս լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը»: Այսինքն՝ տիկին Արենսը համոզված է, որ ալյուրի հարստացումը աղի յոդացման նման լուծելու է առկա խնդիրները: Բայց արդյո՞ք այդ փորձն իսկապես հաջողված էր, ինչպես հայտարարել է Արենսը:
Շեշտենք, որ աղի յոդացումը նույնպես իրականացվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ինչպես պլանավորվում է անել ալյուրի հարստացման դեպքում: 2004-ին կառավարությունն ընդունել է «ՀՀ բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ծրագիրը», որից մեկ տարի հետո՝ 2005-ին, Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության (ՀԺԱՀՀ-2005) շրջանակներում իրականացվել է յոդի անբավարարության ընտրանքային հետազոտություն, և պարզել է, որ ստուգված տնային տնտեսությունների 97 տոկոսն ունեցել է յոդացված աղ:
ՅՈւՆԻՍԵՖ-ի, ՀՀ ԱՆ-ի և Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների վերահսկման միջազգային խորհրդի անցկացրած հետազոտությամբ էլ (2005 թ.) պարզվել է, որ դպրոցական տարիքի երեխաների շրջանում յոդի անբավարարությունը վերացել է: Այսքանից հետո 2006-ին ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հավաստագիր է հանձնել ԱՆ-ին, ինչով Հայաստանը ճանաչվել է յոդի անբավարարությունը հաղթահարած երկիր:
Իրականում, սակայն, տանը յոդացված աղ ունենալը դեռ չի նշանակում յոդ ստանալ, քանի որ կերակուր պատրաստելիս ջերմային մշակման ժամանակ յոդն ուղղակի ցնդում է (դրա համար խորհուրդ է տրվում աղն օգտագործել ջերմային մշակումից հետո), այն ցնդում է նաև բաց (3-4 ամսից) և փակ (1 տարուց) տարաներում պահելու ընթացքում:
Տիկին Արենսը աղի յոդացման փորձը իբրև հաջողված օրինակ նշելուց առաջ լավ կաներ ուշադրություն դարձներ, մասնավորապես, բնածին հիպոթիրեոզ ունեցող երեխաների եւ ընդհանրապես հիպոթիրեոզ հիվանդության հայաստանյան վիճակագրությանը:
Հիպոթիրեոզը վահանաձեւ գեղձի ֆունկցիայի բնածին կամ ձեռքբերովի (օրինակ՝ վնասվածքից կամ վարակիչ հիվանդություններից հետո) թուլացմամբ պայմանավորված հիվանդություն է: Առաջացման հիմնական պատճառը վահանագեղձի ֆունկցիայի խանգարումն է: Կարող է առաջանալ նաեւ այդ ֆունկցիայի կարգավորմանը նպաստող հիպոֆիզի ախտահարման հետեւանքով: Վահանագեղձն արտադրում է յոդ պարունակող հորմոններ, որոնք նպաստում են հյուսվածքների նորմալ զարգացմանը, նյութափոխանակությանը, նյարդային համակարգի նորմալ գործունեությանը: Իսկ յոդը կլանվում է արյան միջից: Յոդի պակասն էլ հանգեցնում է ֆունկցիայի խանգարման եւ հիպոթիրեոզի: |
Առողջապահության նախարարությանը հարցում էինք ուղարկել, թե 2003-2014 թթ. հիպոթիրեոզի հիվանդացության քանի դեպք է արձանագրվել: Խնդրել էինք հայտնել նաեւ 2005-ից իրականացվող բնածին հիպոթիրեոզի սկրինինգի (բնակչության մասսայական բուժզննում որոշակի հիվանդակիրների բացահայտման նպատակով) վիճակագրական տվյալները:
Նախարարությունը ներկայացրել է 2004-2013 թթ. ՀՀ բնակչության շրջանում հիպոթիրեոզով գրանցված հիվանդների թիվը՝ ըստ առանձին տարիների: Ահա այդ տվյալները՝ բացարձակ եւ հարաբերական (100.000 բնակչի հաշվով) թվերով:
Հետաքրքիր է, որ 2006-ին, երբ Հայաստանը ՅՈւՆԻՍԵՖ-ից յոդի հաղթահարման վերաբերյալ հավաստագիր է ստացել, գրանցվել է հիպոթիրեոզով հիվանդների ամենամեծ թիվը: Եվ կարծես ի հեճուկս տիկին Արենսի՝ աղի պարտադիր յոդացման «հաջողված» փորձի մասին հայտարարության՝ 2010-ից ի վեր հիվանդների թիվը շարունակական աճ է գրանցել:
Բնածին հիպոթիրեոզի սկրինինգը, ինչպես պարզվում է, իրականացնում է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը: Վերջինիս հիմնադիրներից մեկն ու ներկայում գիտական ղեկավարը ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է: Համալիրի նախկին տնօրեն Սերգեյ Բաբլոյանին, որը պատգամավորի որդին է, փոխարինել է մյուսը՝ Արմանը, որը 2013-2015 թթ. առողջապահության փոխնախարարն էր: Ստորեւ՝ Արման Բաբլոյանի ներկայացրած տվյալները սկրինինգ-հետազոտությունների եւ հայտնաբերված հիվանդ նորածինների մասին:
Ինչպես տեսնում ենք, հետազոտությունների ծավալների մեծացմանը զուգահեռ աճել է նաեւ հայտնաբերված հիվանդների թիվը:
Վերոնշյալ փաստերն ապացուցում են, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսն էժանագին դեմագոգիա է անում՝ ալյուրի հարստացման օրինագիծն առաջ հրելու համար:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել