
«Գաղտնիք մնաց՝ ինչու դատարանը մտափոխվեց, և դատական լսումներն առանց ինձ անցկացրեց»
19 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը «Հետքին» ուղղված նամակով դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին:
Հիշեցենք, որ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ մարտի 6-ին լսվեցին ցմահ բանտարկյալներ Արթուր Մկրտչյանի և Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքներն առանց դատապարտյալների մասնակցության, չնայած Արթուր Մկրտչյանը, փաստաբանի փոխանցմամբ, դատավորին գրավոր դիմել էր, որ ապահովվի իր ներկայությունը:
Ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանը նամակում նշել է, որ մարտի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը ծանուցում է ստացել դատավորից այն մասին, որ իրեն ամսի 6-ին պետք է ուղեկցեն դատարան՝ մասնակցելու դատարական նիստին: «Սակայն մարտի 6-ին այդպես էլ դատն անցավ առանց իմ ներկայության: Ինձ համար գաղտնիք մնաց, թե ինչու դատարանը մտափոխվեց և դատական լսումներն առանց ինձ անցկացրեց… ինչու արտահայտվելու, իր փաստարկները հնչեցնելու, որոշակի կարևոր հայտարարություն դատարանին ներկայացնելու հնարավորությունից զրկել մարդու, ով 19 տարի է՝ բանտարկված է չկատարած հանցանքի համար, ով 19 տարի յուրաքանչյուր օրն անցկացնում է արդարության սպասումով… 19 տարի, և ոչ թե 19 րոպե, ժամ կամ օր»,- նշված է Արթուր Մկրտչյանի նամակում:
«1997 թ.-ին, երբ իմ հանդեպ մեղադրական դատավճիռ կայացվեց, և դատավճիռը մտավ ուժի մեջ, այդ ժամանակ դատախազությունը լիովին մերժում և հորինվածք էր անվանում իմ այն պնդումները, որ այնտեղ այլ անձինքն են եղել, և այդ պահակակետում զենքի վաճառք է տեղի ունեցել: Իսկ նախկին զինդատախազի հայտարարությունը վերաբերում է արդեն դատավճռին հաջորդող ժամանակահատվածին և նրա վարած քննությանը ու ձեռքբերած օպերատիվ տվյալներին, որոնք, ըստ էության, հաստատել են դեպքի օրը, հենց սպանությունների պահին, այլ անձանց ներկայությունն ու զենքի վաճառքի առկայությունը: Այդ ամենը չէր կարող դատարանը վերլուծել և գնահատական տալ մեկ պարզ պատճառով. այդ ժամանակ ես արդեն իսկ դատապարտված էի մահապատժի, և դատաքննությունը վաղուց ավարտված էր»,- գրված է ցմահ դատապարտյալի նամակում:
Արթուր Մկրտչյանը, մեկ անգամ ևս դիմելով դատավոր Խաչատրյանին, հույս է հայտնել, որ վերջինը մինչ որոշում կայացնելը կլսի իրեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել