
Առաջարկվում է 2 տարով հետաձգել անցումը թվային հեռարձակման
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով, որով առաջարկվում է երկարաձգել անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով` վերջնաժամկետ սահմանելով 2017թ. հուլիսի 1-ը:
Բանն այն է, որ 2015թ. հուլիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում պետք է դադարեցվեր անալոգային հեռուստահեռարձակումը և այդ պահից սկսած` հանրապետության ողջ տարածքում պետք է իրականացվեր միայն թվային հեռուստահեռարձակում:
Գործող օրենքով 2010թ. հուլիսի 20-ից մինչև 2015թ. հուլիսի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ պետք է իրականացվեր աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման: Նախագծով առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. հուլիսի 1-ը:
Ազգային ժողովի կայքում չի նշվում, թե ով է նախագծի հեղինակը: Սակայն նշված փոփոխությունը պատճառաբանել են այն հանգամանքով, որ հեռուստաընկերությունները տարիներ շարունակ աշխատել են ու ձևավորել կայուն լսարան և միանգամից 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում:
«Ավելին, հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են տվյալ ոլորտում, իսկ մարզերում այլեւս համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնարին է լինելու, ապա ակնհայտ է, որ նրանք, չգտնելով գոնե մասնագիտությանն ու մասնագիտացմանը համապատասխան աշխատանք, բռնելու են արտագաղթի ճանապարհը: Ավելին, եթե գործող խմբագրության համաձայն յուրաքանչյուր մարզում գործի միայն 1 հեռուստաընկերություն, ապա փաստորեն իսպառ վերանալու է մրցակցությունը, որը ոլորտի զարգացման շարժիչ ուժն է: Նույնկերպ տուժելու է եթերի բազմազանությունը: Այսպիսով, ընդամենը 5 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից կտրուկ կնվազի՝ այն դեպքում, երբ մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի է իրեն զգացնել տալիս, ու մարզերի բնակչության մի ստվար զանգված ֆինանսական անգամ ամենասուղ հնարավորությունը չունի օգտվելու հեռուստատեսությանն այլընտրանք համարվող ինտերնետից՝ որպես տեղեկատվության աղբյուր եւ ժամանցի կազմակերպման միջոց»,-հիմնավորում են հեղինակները:
Մեկնաբանել