
Մինչև ապրիլի 24-ը Պոլսո պատրիարքի ընտրություններ չեն լինի
Մինչև ապրիլի 24-ը Պոլսո պատրիարքի ընտրություններ չեն լինի. այդ մասին «Հետքին» ասաց աթոռակից պատրիարք, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Արամ սրբազանը հստակեցնում է, որ պատրիարքի ընտրությունները լինում են կրոնական ժողովի որոշմամբ, և միայն այս մարմինն է իրավասու ընտրություններ հրավիրելու խնդրանքով դիմելու թուրքական պետությանը:
Կրոնական ժողովը Թուրքիայի կողմից վավերացրած մարմին է, որը իրավասու է լուծելու եկեղեցուն առնչվող տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ կազմակերպելու պատրիարքի ընտրություններ: Ներկա կրոնական ժողովն ունի 10 անդամ, որի նախագահը Արամ արք. Աթեշյանն է:
«Պիտի դիմենք, թե չպիտի դիմենք՝ ադ մեր որոշումն է, աթոռակից պիտի ընտրենք, թե ուղղակի պատրիարք պիտի ընտրենք՝ դա կրոնական ժողովի որոշումն է»,- մեկնաբանում է նա:
Մինչև 1860-ականները Պոլսո հայ համայնքում գործել է Ազգային ժողովի նմանությամբ մի մարմին, որտեղ եղել են կրթությանը, մշակույթին և այլ ոլորտներին վերաբերվող հանձնախմբեր, որոնք սակայն հետագայում Թուրքիան արգելել է այն պատճառաբանությամբ, որ այս կառույցը պետություն է պետության մեջ:
Քանի որ Պոլսո հայ համայնքում անհանգստություն է տիրում պատրիարքի ընտրությունների հետ կապված, հայ փաստաբաններից մեկը՝ Սեթրակ Դավութհանը այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան:
«Այդ իրեն իրավացիության սահմաններուն չէր և ոչ մեկի իրավացիության սահմաններու մեջ չէ՝ միայն կրոնական ժողովի իրավացիության սահմաններու մեջ, որն էլ որոշած էր աթոռակից ընտրել»,- մեկնաբանում է արք. Աթեշյանը:
Արամ Աթեշյանը անընդունելի է համարում գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացություն ներկայացնելու հանգամանքով նոր ընտրություններ կազմակերպելը:
«Պատմության մեջ ատանկ բան մը եղած չէ. բժշկական տեղեկանքը պատրիարքը վար կիջեցնի՞,- հարցնում է նա,- Վաղը մյուս օր առողջ պատրիարքի համար էլ մի քանի հոգի բժշկական տեղեկագիր կառնեն՝ հոգեկան հիվանդ կըսեն ու վար կիջացնեն: Ասանկ անիմաստ բաները մեր հոգը չէ, և ատանկ բաները պետությունը չէ ընդուներ, ու եթե պետություն էլ ընդունի՝ մենք չպիտի ընդունենք. ռափորով պատրիարք վար չէ իջեցվեր»:
Աթոռակից պատրիարքն, այդուհանդերձ, ասում է, որ պետք է դիմում կատարեն ընտրություններ կազմակերպելու թույլտվությամբ, սակայն դեռևս պարզ չէ՝ երբ:
«Օրը չգիտեմ ու չեմ կարող գիտնալ, առնվազն կուզեմ, որ ապրիլի 24-ն անցնի,- ասում է նա,- բայց նույնիսկ եթե այսօր էլ դիմեմ ու հրաման էլ գա, ատկե վերջը 6 ամիս կտևե, ասիկա մեկ օրվա գործ չէ»:
Նրա խոսքով՝ պատրիարքարանը չի ցանկանում ընտրությունը ձգձգել, իսկ այն, թե որոշ խոսկցությունների համաձայն այս իրավիճակը ձեռնտու է պետությանը՝ չի համապատասխանում իրականությանը:
«Ինչ որ ըրած ենք՝ մեր համայնքի անդամներն արած են, պետությունն այստեղ կապ չունի,- մեկնաբանում է նա,- մենք ասոր-անոր խոսակցությանը մտիկ անելու զզված ենք. երանի թե կարգ մը մարդիկ ժամանակին չխանգարեին այս գործընթացը և ընտրությունը ժամանակին եղած լիներ»:
Ի դեպ, ապրիլի 24-ին Արամ Աթեշյանը եկեղեցում պատարագ է մատուցելու և չի մասնակցի Հայաստանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը: Նա նաև չի մասնակցի Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը՝ Չանաքկալեում:
«Այդպես հրավեր մը ստացած չեմ(Չանաքկալե գնալու.-հեղ), բայց եթե նույնիսկ ըլլա՝ չեմ կըրնա երթալ, որովհտեև նույն օրը արարողություն ունեմ հոս»,- մեկնաբանում է նա:
Մեկնաբանել