
Հայի համար՝ թուրք, թուրքի համար՝ հայ. ո՞վ է իսլամացված հայի ժառանգը
Էմեկսիզ քույրերն ուզում են, որ Հայաստանում իմանան իրենց պապի ու նրա ճակատագիրը կիսող այլոց պատմությունը:
«Մենք պատմության մաս ենք, ու ես ուզում եմ, որ հայ հասարակությունում իմանան, որ պապս հայ էր, բայց ես ինձ ոչ թուրք եմ զգում, ոչ հայ, ես ուղղակի մարդ եմ, ու ուզում եմ, որ հայերն ինձ ընկալեն որպես մարդ,- մեկնաբանում է ավագ Էմեսիզը,- այն, ինչ պատահեց իմ պապին, ոչ նրա ընտրությունն էր, ոչ էլ՝ իմ»:
Քույրերը Հաջիք[1] Էմեկսիզյանի թոռներն են, որ դարձավ Հասան Էմեկսիզ՝ ամբողջապես չփոխելով ազգանունը, որովհետև հույս ուներ, որ հետագայում ազգանվան միջոցով կկարողանա գտնել ազգականներին:
Հաջիք Էմեկսիզյանը Սև ծովի ափին գտնվող Օրդու նահանգի Ուզունմահմուդ գյուղից էր. Ցեղասպանության ժամանակ՝ 7 տարեկան: Ըստ ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Հայկական ցեղասպանությունը» աշխատության՝ Օրդուի նահանգում գտնվող հայերը՝ մոտ 13 հազար մարդ, համշենահայ արմատներ ունեն, այս տարածք տեղափոխվել են համեմատաբար ուշ՝ հաստատվելով Օրդու քաղաքում ու սփռվելով շրջակա 29 գյուղերով, որոնցից մեկն էլ 388 բնակչություն ունեցող Ուզունմահմուդն էր:
7-ամյա Հաջիքը ոչինչ չէր մոռացել. ոչ այն, որ ինքը հայ է, ոչ իր ծնողներին, ոչ էլ իրենց տան ու հողի տեղը: Նա պատմել է, որ Տէր Զօր աքսորելու համար մարդկանց հավաքում էին մի կենտրոնում, և սևծովյան տարածքի համար այդպիսի կենտրոն եղել է Սեբաստիան (այժմ՝ Սըվաս): Իրեն աքսորելու փոխարեն ուղարկել են հարևան մի գյուղ, որովհետև այդպիսի մի հրաման է եղել, որ 7 տարեկանից փոքր երեխաներին աքսորելու փոխարեն՝ բաժանել տեղի ընտանիքներին: Նրան տարել էին հարևան գյուղ, որտեղ էլ մի թուրք ընտանիք որդեգրել էր նրան, ու նա մեծացել է որպես մահմեդական:
Քույրերը պատմում են, որ դրանից երկու տարի հետո Հաջիքն իմացել է, որ իրենց գյուղի եկեղեցում մարդիկ են եկել, որ փնտրում էին որբ մնացած հայ երեխաների: Նա պարզել է, որ այդ մարդիկ հայ երեխաներին ուղարկում էին Ֆրանսիա, ԱՄՆ և այլ երկրներ, սակայն ինքը չի ցանկացել գնալ և հետ է փախել իրեն որդեգրած ընտանիք, քանի որ լուր չունենալով իր ծնողներից ու ընտանիքից՝ մտածել է, որ հնարավոր է իր հետևից գան ու իրեն չգտնեն: Այդ ճանապարհով Ֆրանսիա է գնացել Հաջիքի զարմիկներից մեկը, որին տասնամյակներ հետո իրենց ազգանվան միջոցով գտնելու էին Էմեկսիզ քույրերն ու գնալու այցելության:
Հաջիք Էմեկսիզյանը քսան տարեկանում ամուսնացել է իրեն որդեգրած ընտանիքի աղջիկներից մեկի հետ ու ընտանիք կազմել:
«Ես շատ եմ զայրանում, որովհետև պապս մենակ էր թողնված առանց ընտանքի ու առանց ինչքի,- ասում է կրտսեր Էմեկսիզը,- մենք օրինակ գիտենք, որ նրա ընտանիքը հող ուներ, բայց այդ հողն ուրիշներն էին օգտագործում»:
Հաջիք Էմեկսիզը 6 արու զավակ է ունեցել և բազմաթիվ թոռներ, որոնց բոլորին պատմել է իր պատմությունը, սակայն նրանցից ոչ բոլորն են ցանկացել ընդունել այն: Կրտսեր Էմեկսիզ քույրն ասում է, որ իրենց պապը միշտ այս մասին պատմել է նրանց՝ ասելով, որ սա իրենց պատմությունն է, և նրանք պարտավոր են իմանալ այդ մասին:
«Նրանից, որ ես հիմա ջղայնանում եմ՝ իմ պապի կյանքն ու անցյալը չի փոխվի, ու նա մենակ չէ, ու իր պես հարյուր հազարավոր երեխաներ են եղել,- ասում է կրտսեր Էմեկսիզը,- մենք ուղղակի այս մասին ուզում ենք խոսել և հայ, և թուրք հասարակություններում, որովհետև հայերը մեզ թուրք են ասում, թուրքերն՝ էլ հայ»:
Նա հիշում է, որ պապը մշտապես հիշատակել է Նազլու անունով քրոջը, որի երկար ալիքված մազերը ծածկում էին մեջքը, ու ինքն էլ միշտ խաղում էր դրանց հետ:
«Ես շատ բարկացած եմ այս ամենից, որովհետև իմ պապիս ընտանիքից ոչ ոքի չթողեցին, ու նա ստիպված էր իր պատմությունը սկսել նորից,- ասում է կրտսեր Էմեկսիզը,- Օրինակ, մենք տատիս կողմից բարեկամներին գիտենք, սակայն պապիս կողմից ոչ ոք չկա, իսկ նրանք 6-7 երեխա են եղել, ու իրեն որդեգրած ընտանիքն իր իսկական ընտանիքը չէ»:
Քույրեն ասում են, որ իրենց պապի հայ լինելու մասին ամեն տեղ չէ, որ խոսում են, որովհետև ազգայնականների կողմից շատ հեշտությամբ կարող են թշնամանքի թիրախ դառնալ:
«Ես կրոնասեր ու ազգայնական չեմ, իսկ դա որոշ տեղերում խնդիր է,- մեկնաբանում է ավագ Էմեկսիզը,- իմ զարմիկներից շատերը չեն ուզում, որ այս մասին իմացվի, նրանք ուզում են, որ այս պատմությունը մոռացվի՝ գնա»:
Նա ասում է, որ որոշ միջավայրերում նա, այդուհանդերձ պատմում է իր պապի հայ լինելու մասին, ու շատ թուրքեր ոչ միայն զարմանում են, թե Անատոլիայում հայեր են ապրել, այլև հարցնում են, թե երբ են նրանք այնտեղ եկել:
Նրանց հայ պապը մահացել է սրանից 14 տարի առաջ, և քույրերը, որոնք նրա հետ նույն տանը չեն ապրել, այլ ժամանակ առ ժամանակ այցելության են գնացել, այժմ ափսոսում են, որ ավելի շատ ուշադրություն չեն հատկացրել նրան:
«Երբ նա մեռավ, այն ժամանակ միայն հասկացա, որ պետք է շատ ժամանակ անցկացնեի նրա հետ ու մի քիչ ավելի շատ լսեի նրան,- ափսոսանքով ասում է ավագ Էմեկսիզը,- գոնե ձայնագրած լինեի: Կարծում եմ, որ մի բան պետք է նրա համար անեմ»:
Նա կինո պատմություն է սովորում Ստամբուլի համալսարաններից մեկում ու որոշել է ֆիլմ նկարել այս մասին. «Իմ պապը 7 տարեկանում որբացավ, ու նրա պես հազարավոր երեխաներ. ուզում եմ այդ ամենը ֆիլմի միջոցով մարդկանց պատմել»:
[1] Քանի որ թուրքերենում «խ» տառ չկա, այն արտասանվում է որպես «հ», և, հավանաբար նրա անունը եղել է Խաչիկ:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել