
Մի դրվագ Ա. Սարգսյանի ամերիկյան բիզնեսից
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը առանձնատուն է վաճառում Լոս Անջելես քաղաքում:
Այս տարածքը փակ է, եւ սովորական մարդիկ այնտեղ չեն կարող մտնել: Սակայն, եթե որեւէ մեկը ցանկանում է գնել այն, կարող է տեսնել տան հարմարությունները: Առանձնատան վաճառքի գինը 3 մլն 395 հազար դոլար է, մանրամասներին կարող եք ծանոթանալ www.realestate123.com/Nav.aspx/Page=/ListNow/Default.aspx կայքում տեղադրված գովազդից:
Լրատվամիջոցները գրել են, որ ՀՀ պաշտպանության նախարարի եղբայրը շինարարություն է իրականացնում Կալիֆոռնիայում, եւ նշվել է, որ ԱՄՆ մուտք գործելիս նա հայտարարագրել է 30 մլն դոլար: Սարգսյանը երբեք չի հերքել այս տեղեկատվությունը: Բնականաբար, նա այս փողերը տարել է Հայաստանից եւ մեր սահմանը հատելու ժամանակ մաքսային հայտարարագիր լրացնելիս չի նշել, որ այդքան փող է տանում իր հետ:
Հարկային պետական ծառայություն ներկայացրած եկամուտների հայտարարագրերում նա երբեք չի գրել, որ այդքան եկամուտ է ունեցել: Սա, իհարկե, օրենքի խախտում է, բայց դա Հայաստանում ընդունված կարգ է` մեր պատգամավորները, նախարարները, դատավորները եւ այլ պաշտոնյաներ, որոնք երբեմն Երեւանի փողոցներում պտտվում են թիկնապահների խմբերով, ըստ իրենց ներկայացրած հայտարարագրերի` Հայաստանի աղքատ խավի ներկայացուցիչներ են: Նրանք ունեն հին մեքենաներ, փոքր բնակարաններ եւ միմիայն աշխատավարձերով են գոյատեւում:
Ա. Սարգսյանի տունը գտնվում է լուսանկարի դարպասներից ներս: Ա. Սարգսյանն այն գնել է 2005թ. սեպտեմբերի 9-ին 2 մլն 840 հազար դոլարով:
Այս տունը գովազդվում է մեկ այլ կայքում էլ` www.niteowlplus.net: Այստեղ կա վաճառվող տան հասցեն` 4935 Avenida Oriente, Tarzana, CA 91356-4632:
Ալեքսանդր Սարգսյանը տունը գնել է "loan type is NA", որը նշանակում է, որ գնորդը բանկից պարտք չի վերցրել եւ վճարել է կանխիկ փողով:
Ամերիկայում նման գործարքներ հազվադեպ են կատարում, որովհետեւ միանգամից վճարելու դեպքում բավականին մեծ հարկ է գանձվում: Եվ ոչ ոք Ա. Սարգսյանի նման այդքան կանխիկ փողով երկրից երկիր ման չի գալիս:
Նույնիսկ Ամերիկայի հայտնի մեծահարուստները նման տներ ձեռք բերելիս բանկից պարտք են վերցնում, որպեսզի գործարքից վճարվող հարկերը քիչ լինեն: Սակայն Ա. Սարգսյանի համար մի քանի տասնյակ հազարները որեւէ արժեք չունեն: Իսկ կանխիկով վճարում առհասարակ որեւէ մեկը չի կատարում, այնպես որ Ալեքսանդր Սարգսյանի գործարքները կարող են հայտնվել գինեսի գրքում: Իսկ սա հայտնի գործարարի ընդամենը մի գործարքն է:
Մեկնաբանել