
Քայլելու երազանքը
Գրիգոր Դանիելյանի մշտական ֆուտբոլային խաղերը փոխարինվել են «Մալականի այգի» հաշմանդամի սայլակով այցելություններով, իսկ աշխատանքը՝ սոցիալական ցանցերում ամեն օր իր մասին պատմող հայտարարություններ տարածելով: 25-ամյա երիտասարդը ֆեյսբուքյան 40-ից ավելի խմբերում օգնություն է խնդրում մարդկանցից՝ իրեն կրկին քայլելու հնարավորություն ընձեռելու համար:
2011թ. հունիսին նա ավտովթարի է ենթարկվել և ողնաշարի վնասվածքի հետևանքով գամվել հաշմանդամի սայլակին:
Գրիգորը (նրան Գրիշա են անվանում) Ջավախքից է՝ Ախալցխայի շրջանի գյուղերից: Ավտովթարից հետո Թբիլիսիում է բուժում ստացել, բայց այնտեղ վերականգնողական կենտրոն չի եղել, բժիշկները խորհուրդ են տվել մեկնել Երևան՝ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում բուժումը շարունակելու համար:
Գրիգորի ընտանիքը՝ հայրն ու մայրը, որդու բուժման նպատակով նույնպես տեղափոխվել են Երևան: Նրանք այժմ վարձով են ապրում: Տան երկու սենյակը, որտեղ նրանք ապրում են, էլեկտրական ջեռուցիչն է ջերմացնում, բայց դուռը բացելուն պես ցուրտը ներս է սողոսկում: Գրիգորը հաճախ է հիվանդանում, դժվարությամբ հաղթահարում մրսածությունը կամ հազը:
Պայմանները սուղ են, բայց մայրը ջանացել է մեզ համար ճոխ հյուրասիրություն պատրաստել: Շուրջբոլորը Գրիգորի համար կանգնելու, պարապելու կամ պառկելու հարմարանքներն են: Ամեն ինչ նրան է հարմարեցվել: Տեր և տիկին Դանիելյանները մինուճար որդու համար ոչինչ չեն խնայում: Հայրենի գյուղում տուն-տեղ թողել և եկել են, որպեսզի նրան ոտքի կանգնեցնեն:
Գրիգորը մոր խնամքի ներքո է, տեղաշարժվում է նրա օգնությամբ: Հայրը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի` որդու բուժման և ընտանիքի կարիքները հոգալու համար:
Գրիգորը ոտքերը չի կարողանում շարժել, բայց ցավ է զգում, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կամ ցավ են պատճառում: Նրա բժիշկը դա դրական է համարում և հույս է ներշնչել իր հիվանդին, որ նա վաղ թե ուշ կարողանալու է քայլել: Գրիգորն էլ կառչել է այն հույսից, որ որոշակի ազդակներ զգում է ոտքերում: Նրան խորհուրդ են տվել մեկնել Գերմանիա՝ համապատասխան բուժում ստանալու: Բուժումը սկսելու համար նախնական 10 հազար դոլար է հարկավոր:
«Գիտեմ, կյանքը դժվար է, շատերն ունեն օգնության կարիք, շատ կցանկանայի ինքս օգնել մարդկանց և ոչ թե օգնություն խնդրել: Գուցե մոտ ապագայում ամեն ինչ այլ լինի, բայց այսօր ինքս մեծ խնդրանքով դիմում եմ այն մարդկանց, ովքեր կարող են քայլելուս հրաշքը իրականություն դարձնել»,-ասում է Գրիշան:
Նա դիմել է տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Ջավախքի աջակցության հիմնադրամին, «Ջավախք» հայրենակցական միությանը, սակայն դրական արձագանք ոչ մեկից չի ստացել: Երիտասարդին մերժել են՝ «տվյալ պահին այդպիսի ծրագրեր չունենք» պատճառաբանությամբ:
Գրիշան, այնուամենայնիվ, ջավախքցուն բնորոշ համառությամբ շարունակում է դիմել մարդկանց ու պայքարել, վստահ է՝ մի օր անպայման քայելու է:
«Պատրաստ եմ քայլել կարողանալուն պես, թեկուզ մինչ կյանքիս վերջ աշխատել և խորին երախտագիտությամբ վերադարձնել ինձ տրամադրված բուժման ծախսերի գումարը այն մեծ սիրտ ունեցող մարդկանց, ովքեր կարող են ձեռք մեկնելով բարձրացնել ինձ սայլակից և հնարավորություն տալ վատառողջ ծնողներիս ցավ ու մտահոգություն պատճառելու փոխարեն ամուր կանգնել նրանց թիկունքին, հնարավորություն տալ, որ երբ հայրենիքիս պաշտպանելու պահը գա, կանգնել մեր սահմանը պահող տղերքի կողքին»,-ասում է Գրիշան:
Գրիշային օգնելու համար «Օգնենք Գրիշային ոտքի կանգնել» ֆեյսբուքյան էջ է բացվել և հաշվեհամարներ:
DANIELYAN VARDANUSH
AMD 19300 52132960100
USD 19300 52132960101
BENEFICIARY BANK
Converse Bank CJSC
Yerevan, Armenia
SWIFT: COVBAM22
CORRESPONDENT BANK
Deutsche Bank Trust Company Americas
NEW YORK, USA
SWIFT: BKTRUS33
ABA: 021001033
EUR 19300 52132960104
BENEFICIARY BANK
Converse Bank CJSC
Yerevan, Armenia
SWIFT: COVBAM22
CORRESPONDENT BANK
Deutsche Bank Ag,
Frankfurt am Main, Germany
SWIFT: DEUTDEFF
RUB 19300 52132960158
BENEFICIARY BANK
Converse Bank CJSC
Yerevan, Armenia
SWIFT: COVBAM22
CORRESPONDENT BANK
OAO Promsvyazbank, Moscow, Russia,
SWIFT: PRMSRUMM
INN : 7744000912
BIC : 044525555
A/C WITH CB 30101810400000000555
Correspondent A/C No. 30111810000000553902 WITH PRMSRU
Բջջային հեռախոս: 095 65-25-16
Մեկնաբանել