
Մեծ Այրումում պոչամբար կառուցելու համար փոխվեց հողի նշանակությունը
Այսօր տեղի ունեցավ Մեծ Այրում համայնքի ավագանու նիստը, որտեղ ավագանու 4 անդամներից 3-ը` Պապիկ Առուշանյանը, Սամվել Միրզոյանը և գյուղի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, հաստատեցին Մեծ Այրումի վարչական տարածքում գտնվող 12.1 հա գյուղատնտեսական հողի նշանակության փոփոխությունը ` Ախթալայի ԼՀԿ–ի 2-րդ պոչամբարը կառուցելու նպատակով:
Նիստից բացակայում էր ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը: Վերջինս հեռախոսով մեզ հայտնեց, որ աշխատանքային անհետաձգելի այցով գտնվում է Երևանում և գյուղապետ Սահակ Նազարյանին գրավոր դիմել է ավագանու նիստը մեկ օրով հետաձգելու համար, սակայն գյուղապետը մերժել է իր դիմումը: «Քվորումն ապահովում է և մենք կարող ենք ավագանու նիստը հայտարարել բացված»,- ասաց Սահակ Նազարյանը: Վերջինս ավագանուն ներկայացրեց նիստի օրակարգը, ասաց, որ օրակարգում դրված է 12,1 հա հողամասի հողատեսքը փոխելու հարցը: «Խոսքը վերաբերում է Նահատակ ձորում գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականությունը հանդիսացող ներկայիս գործող պոչամբարից ներքև գտնվող հողատարածքին: Փոփոխության արդյունքում գյուղատնտեսական նշանակության 12,1 հա հողատարածքը դառնալու է արդյունաբերական–ընդերքօգտագործման արտադրական նշանակության օբյեկտ: Այսօրվա նիստի մեր խնդիրը հողատեսքի փոփոխության համար ավագանու անդամների համաձայնությունը ստանալն է»,- ասաց Ս. Նազարյանը:
Նիստին ներկա այրումցի Նաիրա Առաքելյանը փորձեց քվեարկությունից առաջ ելույթ ունենալ: «Ես հարցը ուղղել եմ ավագանիներին: Երբ խոսքը կտրամադրենք Ձեզ, դուք էլ կպատասխանեք»,- առարկեց համայնքապետը:
«Ընկեր Այվազյան, դուք»,- ավագանու անդամ Սոֆյա Այվազյանին դիմեց գյուղապետը: «Ես բան չունեմ ասելու»,- պատասխանեց Ս. Այվազյանը: Գյուղապետը հարցը ներկայացրեց ավագանու քվեարկությանը: Ավագանու երեք անդամներն էլ գյուղապետի առաջարկությունը ընդունեցին միաձայն:
Քվեարկությունից հետո ավագանու անդամները լքեցին գյուղապետի աշխատասենյակը: «Էս հարցի միջին ժողովուրդն իրավունք չուներ խոսելու»,- գյուղապետին դիմեց Նաիրա Առաքելյանը: «Ուրեմն մենք ժողովրդի հետ բազմաթիվ քննարկումներ կատարել ենք: Ես Ձեզ բացարձակ հիմա հավաստիացնում եմ, որ փետրվարի 12-ին մենք գլոբալ քննարկում ենք արել` պոչամբար կառուցելու համար: Քննարկման մասին 27 ընտանիքի տեղեկացվել է Փոքր Այրումում, 131 ընտանիք Մեծ Այրումում»,- պատասխանեց գյուղապետը: Սահակ Նազարյանը, սակայն, չհայտնեց, որ հանրային քննարկումներին այրումցիների վերաբերմունքը ճշտելու նպատակով իր կողմից քվեարկություն չի անցկացվել:
Ավագանու քվեարկությունից հետո նիստին ներկա այրումցիները սկսեցին դժգոհել քվեարկությունից: «ժողովուրդ, էսօր միայն քվեարկությունը հողատեսքի փոփոխության համար էր, էնտեղ կատարվելու է պրոցես»,- գյուղացիներին փորձեց բացատրել Ս. Նազարյանը: «Այսօր ավագանու անդամը ստորագրեց մի փաստաթուղթ, որը ես կարծում եմ պետք է հաստատվեր համայնքի բոլոր գյուղացիների կողմից: Բերեք հարցը դնենք համայնքի քվեարկությանը: Ավագանու այդ 3 անդամները վաղը, մյուս օրը քոչելու են, գնան, ապականված օդը շնչելու են մնացած գյուղացիները: Դուք դա ճի՞շտ եք համարում»,- պահանջեց համայնքի բնակիչ Գարիկ Պետրոսյանը: «Հող չի հատկացվում, ընդամենը հողատեսքի փոփոխություն է կատարվում», - Գարիկին բացատրեց գյուղապետը:
«Հետքի»` հողատարածքի մասին ճշտող հարցին` գյուղապետը պատասխանեց. «Ձեր կարծիքով մենք հո՞ղ ենք հատկացնում: Գրություն ենք ստացել, հողատեսքի փոփոխություն` հետագայում պոչամբարի կառուցման համար, մենք դա ենք հաստատել»:
Ներկաների պահանջով ավագանու անդամները կրկին հրավիրվեցին գյուղապետի աշխատասենյակ: «2-րդ պոչամբարի առաջին քայլը հողի տեսքը փոխելուց հետո սկսվեց: Ավագանին քվեարկեց ու գնաց, միգուցե գան, բացատրեն մեզ, մենք` գյուղացիներս ինչ եք ստանալու դրա դիմաց»,- պահանջեց Արսեն Պետրոսյանը:
Ախթալայի ԼՀԿ-ի ներկայացուցիչներն այսօր Մեծ Այրումի գյուղացիներին 2-րդ պոչամբարի կառուցման համար որևէ կոնկրետ խոստում չէին տալիս: Այդ խոստումների մասին խոսում է միայն գյուղապետ Սահակ Նազարյանը: Գյուղացիների դժգոհությունները գյուղապետարանում երկար շարունակվեցին. «Պարոն Նազարյան, այս որոշումով դուք մեծ պատասխանատվություն վերցրեցիք Ձեր վրա: Ակնհայտ է, որ Մեծ Արյումի վարչական տարածքում պետք է կառուցվի 2-րդ պոչամբարը: Հարցը նրանում է, որ կառուցելիս գոնե պոչամբարի բնապահպանական անվտանգությունը ապահովվի և կառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան պոչամբար»,- պահանջեց քաղաքացիական ակտիվիստ Մարիանա Պեպանյանը: Գյուղապետ Սահակ Նազարյանը խոստացավ այդ հարցում լինել հետևողական:
Մեկնաբանել