
«Սպի». ձայն չունես, բայց շնչել կարող ես
Նունե Հախվերդյան
Հայոց Ցեղասպանության թեմային անդրադառնալու որոշումը հաջողակ ու տաղանդավոր գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը վաղուց էր կայացրել: Նրա «Սպի»` «The Cut» ֆիլը յոթ տարի տեւած ուսումնասիրության ու աշխատանքի արդյունք է: Էթնիկ թուրք ռեժիսորը երկու հայրենիքների (Գերմանիայի եւ Թուրքիայի) ու երկու աշխարհընկալման արանքում հայտնվելով` իր պարտքն է համարել խոսել մի բանի մասին, որը նույնքան իրենն է, որքան հայերինը: Գրեթե բոլոր իր հանդիպումներում նա հենց դա է շեշտում. «Սա նաեւ իմ ցեղասպանությունն է»:
2010 թվականին Ֆաթիհ Աքինը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն էր: Այդ ժամանակ նա ասաց, որ ցեղասպանության մասին լավ ֆիլմ նկարահանելու համար առաջին հերթին դիստանցիա է հարկավոր, եւ լավ կլինի, որ եղեռնի մասին ֆիլմի բեմադրիչը հայ չլինի: «Սովորաբար, երբ կենտրոնանում ես ազգային միջուկի վրա, հեռանում ես բուն պատմությունից»,- ասել էր նա: Նաեւ ավելացրել, որ եթե որոշի ֆիլմ նկարահանել հայ-թուրքական ցավոտ անցյալի մասին, ապա կփորձի անել դա սպորտի միջոցով: Օրինակ` բոքսի, քանի որ ինքն էլ է բոքսով զբաղվում ու երկրպագում է հայ բռնցքամարտիկներ Սյուզի Կեդիկյանին ու Արթուր Աբրահամին. «Հիշում եմ` Աբրահամը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Օրալին նոկաուտի ենթարկեց, ու երբ Օրալը փորձում էր ոտքի կանգնել, ասաց` լավ կլինի պառկած մնաս տեղումդ: Դա շատ հետաքրքիր դրվագ էր, որը հնարավոր է օգտագործել ֆիլմում: Այդ մենամարտի օրերին ինտերնետում ատելության հսկայական ալիք էր ստեղծվել, որը կարելի է հակադրել մաքուր ու բարի սպորտային հարաբերություններին»:
Հինգ տարի անց Ֆաթիհ Աքինը նկարահանեց իր ֆիլմը, եւ այն բոլորովին այլ ժանր ու կառուցվածք ունեցավ: Թեեւ ֆիլմի գործողությունները ծավալվում են գրեթե երկու տասնամյակի ընթացքում, սակայն դա գծային ֆիլմ է, որտեղ տարբեր ժամանակային (սերնդային) պատումներ չկան, ամեն ինչ ներկա ժամանակով է, մեկ մարդու շուրջ է ու շուրթերով (միակ բացառությունը զոհված կնոջ երգն է, որը երազներում էլ է լսվում):
«Սպին» կոշտ հակադրությունների ու ցնցող բացահայտումների ֆիլմ չէ, այլ ֆիլմ-որոնում է, ֆիլմ-ճամփորդություն (road movie), որի ընթացքում կոտորածից հրաշքով կենդանի մնացած, բայց խոսելու ունակությունը կորցրած Նազարեթ Մանուկյանը փորձում է գտնել իր ընտանիքը: Ավելի ճիշտ՝ ընտանիքի մի բեկորը` ողջ մնացած երկվորյակ դուստրերին:
Արյունոտ, սարսափելի տեսարանների նվազագույն քանակն ու չափազանց գրագետ օգտագործած դետալների առատությունը «Սպիի» առանձնահատկությունն են: Ֆիլմի բավականին մեծ բյուջեն (15,5 մլն եվրո) թույլ է տվել խուսափել համակարգչային միջամտությունից: Ծավալուն դեկորացիները իրականում են կառուցվել, մշակվել ու մտածվել են զգեստները եւ այլն: Ֆիլմի համասցենարիստն է Հոլիվուդի հնաբնակ, հայկական արմատներ ունեցող Մարդիկ Մարտինը, ով հայտնի է որպես Մարթին Սկորսեզեի վաղ շրջանի ֆիլմերի սցենարիստ: Համապրոդյուսերներ են նաեւ Ռուսաստանի կինոարտադրողներ Ռուբեն Դիշդիշյանն ու Արմեն Մովսեսյանը: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կանադայում, Կուբայում եւ Մալթայում:
Մի խոսքով` «Սպին» լուրջ աջակցություն, աստղային հեղինակ ու պրոֆեսիոնալ թիմ ունեցող այն կինոիրադարձությունն էր, որից սպասելիքները մեծ էին: Ի վերջո, Հայաստանից նման ֆիլմ ակնկալելն անհնար է, քանի որ գրեթե վերացած կինոարտադրությունն ու մասնագիտական տկարությունը թույլ չեն տալիս խոսել լիարժեք ֆիլմի մասին:
«Սպին» լիարժեք ֆիլմ է, բայց որքան էլ տարօրինակ թվա, նրա թուլությունը հենց այդ լիարժեքության ձգտումն է: Կա պատմություն, որը զարգանում է, իր որոշակի փիլիսոփայական ամփոփումը ստանում, միգուցե նաեւ հարցեր առաջացնում (իսկ ովքե՞ր են հայերը, ի՞նչ է նրանց հետ պատահել, ամենաքաջերը կհարցնեն նաեւ` ինչո՞ւ), բայց լայն իմաստով` ֆիլմը հանդիսատեսի կողքով է անցնում:
Ֆիլմը կարելի է երկու պայմանական մասի բաժանել: Առաջին մասում դարբին Նազարեթը դեռ խոսում է ու փորձում է առավելագույնս ազնվորեն, հանգիստ ու ըմբռնումով ընկալել թե՛ Թուրքիայի որոշումները, թե՛ համաշխարհային պատերազմի գործոնը: Շատ ընտանիքների նման նրա ընտանիքն էլ է ջանք թափում` հարմարվելու խառը ժամանակներին: Նազարեթը (ծագումով Ալժիրից ֆրանսիացի դերասան Թահիր Ռահիմի կատարմամբ) կռահում է` երբ կարելի է կաշառել ոստիկաններին բանակ չզորակոչվելու համար, իսկ երբ՝ հնազանդվել:
Ընդհանրապես, բիբլիական անուն ունեցող Նազարեթն իր էությամբ հնազանդ է: Նրա բնավորության հենց այս գիծն էլ դառնում է նրա դժոխքը (առաջին մասում) եւ փրկությունը (երկրորդ մասում): Հնազանդությունն ընդգծելով՝ Ֆաթիհ Աքինը ցույց է տալիս, թե որքան հավատարիմ քաղաքացիներ են եղել հայերը: Իսկ հետագայում տեղի ունեցած արտաքսումն ու ցեղասպանությունը որքան անհասկանալի ու անսպասելի էր նրանց համար: Ճիշտն ասած`պատմության այս էջից անտեղյակ հանդիսատեսը նույնպես լավ չի հասկանա, թե ինչու որոշվեց հանկարծ տեղահանել ու սպանել հայերին, եւ ո՞րն էր այդ որոշման նպատակը:
Ամենայն ազնվությամբ ու վարպետորեն Ֆաթիհ Աքինը շրջանցում է Օսմանյան կայսրության առաջնորդների քաղաքական որոշումները եւ կենտրոնանում հասարակ մարդկանց վրա, որոնք մեծ հաշվով բոլորն էլ զոհ են` անկախ ազգությունից ու սոցիալական դիրքից: Կարծես մի վերացական ուժ, երկաթե ձեռք պոկում է Նազարեթին իր առօրյայից ու սիրելի ընտանիքից եւ տանում գցում մահով լի ուղու վրա, որտեղ դիմակայելու համար ցանկալի է առավելագույնս հնազանդ լինել:
Սա, իհարկե, շատ լավ կինեմատոգրաֆիական հնարք է (ինչպես ասաց Աքինը` Կաֆկային հատուկ իրավիճակ), սակայն պարզ է, որ ֆիլմի նման մեկնակետը զրկում է պատմությունն այն դրամատիզմից, որը ենթագիտակցաբար կրում են բոլոր հայերը, եւ որն, ըստ էության, անհաս է ցեղասպանությանը անծանոթ հանդիսատեսին:
Եթե «Սպիի» առաջին մասը առանց հեռանկարի ու մահով լեցուն դեգերումներ են Միջագետքի անապատներով, ապա ֆիլմի երկրորդ մասը ճամփորդություն է հստակ, անգամ սեւեռուն նպատակով: Նազարեթը, որն արդեն չի խոսում, ամեն գնով ուզում է տեսնել իր դուստրերին, որոնց կենդանության մասին լուրը պատահաբար է ստանում: Նա կտրում է օվկիանոսը, գնում Կուբա, հետո ԱՄՆ` հույս ունենալով, որ իր փրկությունը դուստրերն են:
Ընտանիքի միավորումը միակ բանն է, որին տենչում է Նազարեթը, հայրենի հող վերադառնալու, Թուրքիայում տեղի ունեցած սպանդը վերաիմաստավորելու, այդ մասին պատմելու փորձ նա չի անում: Ընդամենը ուզում է տեսնել դուստրերին: Եվ սա շատ կարեւոր շեշտադրում է: Ֆաթիհ Աքինն իր բոլոր պատմական հետազոտությունները բերել ու միավորել է մի կետում. ընտանիքը արժեք է, որի համար արժե ապրել ու ամեն ինչ նորից սկսել: Մարդկայի՞ն է: Այո: Բավարա՞ր է: Դժվար թե:
Այդ միտքը հասկանալու համար հանդիսատեսը երկար ճամփորդում է հերոսի հետ, տեսնում, որ նրան օգնում են, փրկում, ստորացնում, փորձում սպանել: Հետաքրքիր է, որ Նազարեթը միայն մեկ դրվագում է ընդվզում ու ուժ կիրառում` ծեծելով էպիզոդիկ հայ պերսոնաժի, որի միակ մեղքը ամուսնանալ չցանկանալն է եղել:
Ֆաթիհ Աքինը խելացի ռեժիսոր է, նա կարողացել է չսխալվելով մանրուքներում` ստեղծել մի ֆիլմ, որտեղ մանրուքները շատ արագ անկարեւոր են դառնում: Առաջին պլանում է հայտնվում մի հերոս, որը ազնիվ ու բարյացակամ է, բայց մեծ աղետին առերեսվելու դեպքում ներփակվում, լռում (բառիս բուն իմաստով) ու գերադասում է կիսակտրված կոկորդով կիսակյանքով ապրել: Եվ ավելորդ հարցեր չտալ ո́չ ինքն իրեն, ո́չ շրջապատին:
Լռությունն այն այլաբանությունն է, որը ռեժիսորը շեշտում է տարբեր մակարդակներում: «The Cut» անվանումը հենց այդ բառի մի քանի իմաստների հետ է խաղում` կտրվածք, վերք, ճեղքվածք եւ այլն: Կտրտված պատմությունն ու ճակատագրերը, ի վերջո, սպի կդառնան, բայց դեռ այդպես չէ: Հիմա ավելի շուտ անհանգստացնող ու նյարդայնացնող վերքերի ժամանակն է, այլ ոչ թե լուռ սպիացմանը սպասելու:
Միգուցե ոչ ուղղակի, բայց «Սպին» հուշում է հանդիսատեսին (հատկապես հայաստանցի), որ հնազանդորեն սպիացմանը սպասելը ելք չէ: Ի վերջո, ֆիլմի անհաջողությունը նյարդի պակասն է:
«Սպին» ներկայացված էր Վենետիկի փառատոնում, բայց մրցանակ չշահեց ու բավականին զուսպ ընդունվեց` ի տարբերություն Աքինի նախկին ֆիլմերի, որոնք ե́ւ մրցանակներ, ե́ւ դրամարկղային հաջողություն են ունեցել: Հիմա ֆիլմը տարբեր երկրներում է ցուցադրվում ու 100 տարվա հեռավորությունից փորձում դրդել տարբեր ազգերի հանդիսատեսին չհնչող հարցերի պատասխաններ գտնել:
Ցեղասպանությունը կինոյում իրոք դիստանցիա է պահանջում: Երբեմն հարկ է լինում այդ դիստանցիան արհեստականորեն ստեղծել: Ինչն, օրինակ, «Արարատ» ֆիլմում (2002թ.) արեց Ատոմ Էգոյանը` ստեղծելով մի քանի տարածական հարթակներ`ֆիլմ ֆիլմի մեջ, նկարիչ գրքի մեջ, գիրք անցյալի մասին, գիրք ֆիլմի մեջ եւ այլն: Արդյունքում այնքան բարդ ու կոռեկտության ձգտող կոնստրուկցիա դուրս եկավ, որ թեման էլ կորավ տարածության մեջ:
Ավելի ուշ`2007 թվականին, «Արտույտների ագարակը» ֆիլմում Տավիանի եղբայրները փորձեցին մեկ հայկական ընտանիքի ոչնչացման օրինակով հուզական ու աղաղակող պատմություն պատմել: Արդյունքը այդքան էլ ներգործող չէր. այդ ընտանիքին հանդիսատեսը կարեկցեց, բայց ոչ ավելի:
Հայոց ցեղասպանությանը անդրադարձող մեկ այլ ֆիլմ կես դար առաջ է նկարահանվել: Թուրքիայից գաղթած ազգությամբ հույն ռեժիսոր Էլիա Կազանը «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմի առանցքը դարձրեց ցեղասպանությանը նախորդող ու նպաստող իրավիճակը:
Ֆիլմում հայտնվեց այն ուժը, որը դանդաղորեն դառնում է կործանիչ, քանի որ իշխանության պտուղներից մեկը բռնության հաճույքն է: Եվ այդ դանդաղ հասունացող ամենաթողության զգացումը 1963թ. նկարահանված «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմն ամենից խորն էր դիտարկել` կապելով այն Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա ազգերի ճակատագրերի հետ: Այդ ֆիլմում շատ հետաքրքիր հայերի կերպարներ կան, եւ կա մերօրյա խնդիր դարձած արտագաղթի փառաբանումը:
Արտագաղթը սեփական ինքնությունը պահպանելու միակ հնարավորությունն էր: Այդ մասին է Անրի Վերնոյի «Մայրիկը» (1991 թ.), որի հերոսները զգում են, որ որպես փրկություն պետք է ամեն գնով պահպանեն ընտանեկան ջերմ կապերը: Չէ՞ որ ընտանիքը իմաստ է:
Վերադառնալով «Սպի» ֆիլմին` հարկ է նշել, որ այդ նույն աքսիոմն արդեն չի աշխատում: Շատ բան է փոխվել, իսկ ամենակարեւորը փոխվել է հանդիսատեսը, որին տեղից շարժելու ու մտորելու դրդելու համար ավելի շուտ ոչ թե հնազանդ մարդկանց մասին երկարաշունչ պատմություններ, այլ անհանգիստ հարցեր ու պրովոկացիաներ են հարկավոր: Նյարդ է հարկավոր, խտացում, վերքն անընդհատ փորփրելու պատրաստակամություն: Ավելի շուտ` խաղ (դիստանցիայի ու դեպքերի), այլ ոչ թե`զուսպ դիրքորոշում ու ճշգրիտ դետալներ:
Եթե Ֆաթիհ Աքինը սպորտի թեման ընտրեր, միգուցե ավելի օրիգինալ պատմություն կծնվեր: Բայց նա անկեղծորեն փորձել է հավասարակշռված ֆիլմ անել: Արդյունքում շատ բան պարզապես չի ստացվել (ցեղասպանության ու ընտանիքի միջակայքն է շատ արհեստական): Բայց սա Ֆաթիհ Աքինի ընտրությունն է: Նաեւ` խաչը: Եվ ինքն էլ շատ լավ գիտի, որ ֆիլմը չի ստացվել:
Շատ սիմվոլիկ է ֆիլմի ավարտը: Հյուսիսային Դակոտա նահանգի գերեզմանատանը հանդիպում են համր հայրն ու կաղող աղջիկը: Լռելու դատապարտվածն ու դժվար քայլողը…
Սա այն այլաբանությունն է, որը ուզում է փոխանցել «Սպին»: Լռությունը` կտրված կոկորդով: Ավելի ճիշտ` կիսակտրված: Ձայն չունես, բայց շնչել կարող ես: Սա է հայերի այսօրվա վիճակը: Այստեղ եվրոպացի թուրք ռեժիսորը չի սխալվել:
Մեկնաբանել