
Շաքիի բնակիչները տեղեկացված չէին վաճառվող հողերի մասին
Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի ավագանին 2014թ. օգոստոսի 12-ին, համայնքային սեփականության 0.0537 հա մակերեսով և 0.0376 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողերն աճուրդ-վաճառքով օտարելու մասին որոշում է ընդունել: Ավագանին հողի մեկ քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանել է 342 դրամ:
Երկու լոտ հողի աճուրդ-վաճառքը նշանակված էր փետրվարի 20-ին, սակայն աճուրդը չկայացավ: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ոչ ոք աճուրդին մասնակցելու հայտ չի ներկայացրել:
Շաքիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Առաքելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողներ եղել են, բայց դիմում որեւէ մեկը չի ներկայացրել: Պատճառը, նրա կարծիքով, ֆինանսական միջոցներն են: «Գյուղում 1500-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն կա, մեծ տնտեսություն ունեցող ֆերմերներ կան, բայց հատկապես մսի իրացման հետ կապված դժվարությունների պատճառով մարդիկ կանխիկ դրամ չունեն»,- հայտնեց Գ· Առաքելյանը:
![]() |
![]() |
Գոռ Առաքելյան | Վահան Ղազարյան |
Շաքի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը, ով նաեւ աճուրդային հանձնաժողովի նախագահն է, հայտնեց, որ օրենքով սահմանված ժամկետում կրկնաճուրդ կհայտարարեն:
Երկրորդ անգամ հայտարարված աճուրդն, արդյոք, մասնակից կունենա՞, հատկապես, երբ հողակտորները փետրվարի 20-ին աճուրդով վաճառելու մասին համայնքապետարանում կամ գյուղի որեւէ այլ հատվածում հայտարարություններ չկային: Կանխատեսումներ հնարավոր կլինի անել, եթե համայնքի ղեկավարի աշխատակազմը ցանկություն ունենա վերանայել իր աշխատաոճը եւ գոնե համայնքի տարածքում պատշաճ իրազեկում ապահովի:
Մեկնաբանել