
Ստամբուլը` սիրիահայի համար անցանկալի տեղ. նրա սիրտը Հալեպում է
Սիրիայում սկսված ռազմական գործողությունները Ծովիկ Վահրամյանի ընտանիքին դարձրեց փախստական:
Ծովիկը երկու որդիների՝ Հարութի և Հակոբի հետ մոտ երկու տարի առաջ է տեղափոխվել Ստամբուլ: Ամուսինը՝ Հրաչը, որ նրանց միացել է մի քանի ամիս առաջ, կատակում է, թե կինը «Հ» տառը շատ է սիրում, այդ պատճառով երեք «Հ» ունի. Հարութ, Հրաչ, Հակոբ:
Հրաչը մնացել էր այն հույսով, որ, միգուցե Հալեպում իրավիճակը փոխվի և նրանք ետ դառնան, սակայն տեսնելով, որ իրավիճակի բարելավում չի սպասվում, ինքն էլ է միացել ընտանիքին: Նրանք ընտրել են Ստամբուլը, որովհետև այստեղ է ապրում Ծովիկի հորաքույրը, բացի այդ՝ ամուսիններով թուրքերեն գիտեն:
«Ես այստեղ չեմ ապրելու, հոս ապագա չկա, պզտիկներու ուսումն ուսում չէ, Հարութս Հալեպ պիանոյին ու ճատրակին մեջ արդեն շատ բարձունքների էր հասած, հոս տեղն այդ ամենը թողել է, որովհետև հաճախելու տեղ չկա»,- «Հետքին» ասում է Ծովիկ Վահրամյանը:
Սիրիայի 50-60 հազար հայ համայնքից մոտ 11 հազարը այժմ գտնվում է Հայաստանում, շատերն էլ գաղթել են այլ երկրներ, մասնավորապես՝ նաև Թուրքիա: Ըստ թուրքական պաշտոնական վիճակագրության՝ Թուրքիայում ապաստան է գտել մոտ 1 մլն 600 հազար սիրիացի փախստական, սակայն, Թուրքիան էթնիկ վիճակագրություն չի պահում, և հնարավոր չէ պարզել սիրիահայ փախստականների թիվը Թուրքիայում:
Ծովիկն ամենաշատը դժգոհ է հայերենի վիճակից ու հայ լինել-չլինելը թաքցնելու մտավախությունից:
«Հալեպ գիշերվա ժամը 12-ին կինը մենակով տուն դառնալու մտայնություն ունեցած չէ,- ասում է նա,- իսկ հոս իմ պզտիկներուն ավտոբուսներու մեջ չեմ թողնի, որ հայերեն խոսեն, որովհետև, երբ առաջինը կսես մերհաբա(բարև), հաջորդին կհարցնեն, թե որտեղից ես, պիտի անունը հարցնեն. Հակոբ, ինչ ըսե՞ս. հայ ասե՞ս, Սիրայից ասե՞ս, էրմենի ասե՞ս, ուրեմն կըսեմ, որ հայերեն չխոսեն»:
15-ամյա Հարութն ասում է, որ հայ գրականությունից այն, ինչ անցնում է Ստամբուլում 9-րդ դասարանում, Հալեպում անցել է 5-6 դասարաններում: Նա ցույց է տալիս դասագիրքը, որտեղ «երեխաներ» բառը գրված է «երախաներ»: Մայրն էլ ավելացնում է, որ ստամբուլահայերը դժվարանում են «ղ» և «խ» տառերն արտասանել, որովհետև թուրքական այբուբենով առաջինը գրեթե չի արտասանվում, իսկ երկրորդը բացակայում է. ««Խաղալ»-ուն «հաղալ» կըսեն. հոս տեղ լավ հայերեն իմացող հայեր քիչ կան, քանի որ առիթ չունեն լավացնելու, այսինքն՝ տեղ չկա, որ խոսեն»:
![]() |
![]() |
«Միջավայրը հայկական չէ,- ասում է Ծովիկը,- ծնողական ժողովների ժամանակ միայն հայերենի օրիորդն է, որ հայերեն կխոսե, ոչ ծնողները, ոչ մյուս դասատուները երկու նախադասությունեն ավել չեն կարողանում խոսել, մի բան որ կասեմ, երկրորդ բառին կխնդրեն, որ թրքերեն խոսիմ»:
Թուրքահայ և սիրիահայ համայնքների տարբերություններից մեկն այն է, որ, առաջինը գործնականում ինտեգրվել է թուրք հասարակությանը, որի արդյունքում նրանք չեն կարողանում պահել հայոց լեզուն, և մի խոսք է շրջանառվում Ստամբուլում, որ հայերենը թանգարանի նմուշ է դարձել, իսկ սիրիահայ համայնքն ավելի մեկուսացված է հասարակությունից, և այդ պատճառով այնտեղ հայերենի կիրառությունը լայն է, ու տանը մարդիկ խոսում են հայերեն:
Ստամբուլահայ բիզնեսմեն Դիգրան Ալթունն ասում է, որ երեխաները լավ քերականություն գիտեն, բայց երկու բառ իրար կողքի չեն կարողանում դնել, որովհետև հայերեն չեն խոսում: Նրա խոսքով, Հայաստան ուսուցիչներ ուղարկելու և Հայաստանից դասախոս հրավիրելու փորձ են ունեցել, սակայն արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերությունը խանգարել է այս կապի ամրապնդմանը:
«Հիմա տարին երբեմն 10 ուսուցիչ Վենետիկ կուղարկենք, բայց ան ալ բավարար չէ, որովհետև հոն ալ դասարանից դուրս նորեն թրքերեն կխոսեն, որովհետև մնացածներն էլ իտալերեն կխոսեն,- պատմում է նա,- ու այժմ մտածում ենք Բեյրութ ուղարկելու մասին»:
Ծովիկ Վահրամյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, նրա նախագծով է կառուցվել Հալեպի հայ բարեգործական կազմակերպություններից մեկի շենքը, որտեղ հալեպահայ երիտասարդությունը հաճախում է տարբեր խմբակների: Նա նաև դասավանդում է համալսարանում: Նրա մայրական արմատները Կիլիկիայից են, հայրականը՝ Անթեպից: Ծովիկի համար Հալեպն իր տունն է, ու առանց Հալեպի կյանքը չի պատկերացնում:
«Որովհետև Հալեպում հայերը շատ մեծ ազատություն ունեին, ու ոչ մեկ ատեն մենք չէինք զգա, թե իսլամ ու քրիստոնյա հակադրություն կա: Նոր տարվա գիշերը Հալեպին մեջը սալյուտ կխփեինք ու այդ օրը բոլոր մուսուլմանները կգային մեր քով,- ասում է նա,- իսկ հոս տեղը նույնիսկ զարգացածները կմտածեն, թե ինչու պիտի Կաղանդի ծառ դնեն. դու քո տանը մուսուլմանական բայրամները կընդունե՞ս. ես ինչո՞ւ պիտի ծառ դնեմ»:
Հրաչն ասում է, որ իր 52-ամյա կյանքի ընթացքում Հալեպում երկու նոր հայկական եկեղեցիների բացում է տեսել, իսկ Հալեպի 7 հիմնական թատրոններից հինգը հայերինն էին: Նա հպարտությամբ նշում է, որ հայերը Հալեպում միջին և բարձր դասի են պատկանում, ու Հալեպում աղքատ հայ չկար:
«Նույնիսկ հայկական եկեղեցիներին համար ջուրն ու էլեկտրականությունն անվճար էր, ինչպես մզկիթներինը, ու ոչ միայն հայերի, այլև բոլոր փոքրամասնությունների համար,- ասում է նա,- բայց հիմա Հալեպն էլ փոխվեց ու մտայնություն ունեմ, որ այլևս երբեք առաջվանը չի դառնա, որովհետև ասադականներ ու ընդդիմադիրներ են առաջացել, ու մեկը մյուսին կասե, որ դուն իմ եղբայրը սպանեցար»:
Հրաչը բարձրագույն կրթություն ստացել է Հայաստանում՝ 1981-1987թթ, նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտում և այդ տարիների ընթացքում հասցրել է տեսնել Հայաստանը՝ նախկին չորս խորհրդային ղեկավարների օրոք. Բրեժնև, Անդրոպով, Չեռնենկո, Գորբաչև:
«Կյանքիս ամենահամով օրերն անցկացրել եմ Հայաստանում,- ժպտալով պատմում է նա,- Գերմանիայում մի սովորություն կա, երբ մարդը մեռնում է՝ գերեզմանաքարի վրա գրում են. ծնվեց այս տարում, մահացավ այս տարում, ապրեց՝ օրինակ, 5 տարի, որը կնշանակեր, որ վայելել ու իսկապես ապրել է այդ տարիները, ես իմ գերեզմանաքարի վրա կգրեի՝ 6, այդքան որ լավ տարիներ եմ ունեցել այնտեղ»:
Նա մասնագիտությամբ շինարար է ու շենքեր է կառուցել, սակայն դառնությամբ նշում է, որ իր 25 տարվա աշխատանքն այժմ հողին հավասարեցվեց:
Թեպետ երկրում քաղաքացիական պատերազմի հետևանքով առօրյա բնականոն գործունեությունը խաթարվել էր, ու էլեկտրականություն և ջուր չկար, սակայն սիրիահայ ընտանիքը Հալեպը թողնելու որոշում կայացրել է ավելի ուշ, որովհետև նրանց բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնամերձ տարածքում, որը վերահսկվում է իշխանությունների կողմից, մինչդեռ Նոր գյուղը, որը բացառապես հայկական թաղամաս է, տեղակայված է քաղաքի սահմանների մոտ, և այժմ համարյա կեսը գոյություն չունի:
Տեղափոխվելու որոշումը եկել է 2013թ. հունվարի 15-ին, երբ քաղաքում երեք իրար հաջորդող ահռելի ռմբակոծություն է եղել:
«Ես այդ պահին համալսարանում էի, ու չորս ուսուցիչներով պիտի դուրս գայինք, երբ մի ահռելի պայթյուն ելավ, ու օդը մեզ հրեց ու հողը մշուշի պես ելավ, ու ոչինչ չտեսնվեցավ, ու աշակերտները պոռալ սկսեցին, թե՝ օրիորդ, մեզի փրկե, ու լուսամուտները կոտրվեցին ու զարկվեցին երեսիս, ու հետո երկրորդ ռումբն ընկավ,- հուզված պատմում է Ծովիկը,- հետո վազեցինք բաղնիք, ու աշակերտներս պոռացին, թե օրիորդ՝ կարմիր ես, ու նայեցի հայելուն ու տեսա, որ ամբողջությամբ դեմքս արյունոտ է, ու սպիտակ ժակետս ամբողջությամբ կարմիր էր: Այդ օրը 10 աշակերտ մահացավ, ու մենք էլ հրաշքով փրկվեցինք, ու եթե մի քիչ շուտ դուրս ելած լինեինք, մենք էլ հրթիռի ընկած տեղը կլինեինք»:
Ստամբուլում Ծովիկը հեշտությամբ է աշխատանք գտել, որովհետև ֆրանսերեն ու արաբերեն գիտի, սակայն աշխատանքը, որ անում է մի կազմակերպությունում՝ որպես արտաքին վաճառքների գծով մենեջեր, իրեն դուր չի գալիս:
«Աշխատանքի բերումով շատ տեղեր եմ ճամփորդում. երեք գիշերվա մեջ երեք երկիր ու քաղաք փոխեցի. Հնդկաստան, Դուբայ, բայց սիրտս ուրախ չէ, ու այս ամենը, ինչ կտեսնեմ բոլորը միասին՝ Հալեպում ապրածս մեկ օրվան էլ չարժեն»,- ասում է նա:
Նա ասում է, որ տեղափոխվել էին երկու ամսով, սակայն արդեն երկու տարի է, որ Ստամբուլում են:
«Հետո պզտիկս գիշերները հրթիռների ձայնեն կվախեր ու լաց կլիներ,- ասում է Ծովիկը,- սակայն դեռ չենք որոշել, թե ուր ենք գնալու, բայց մեկ բան հայտնի է. Ստամբուլում հաստատ չենք մնալու»:
Ընտանիքը մտմտում է Կանադա կամ Ավստրալիա գնալու ուղղությամբ:
«Բայց կմտածենք, որ հեռու է, ախր, հետո ինչպես ենք հետ դառնալու»,- ասում է Ծովիկը՝ մտքում հույս փայփայելով, որ հետ է գնալու Հալեպ: Սակայն ամուսինն այս հարցում հոռետես է, կարծում է, որ Հալեպն այլևս առաջվանը չի լինի, ու իրենց ապագան այնտեղ չի տեսնում:
«Իսկ ես կարծում եմ, որ պիտի լավանա ու ես պիտի ետ դառնամ, ու ստուդիո պիտի բացեմ, ու Հալեպի շենքերը պիտի շինեմ»,- վճռականորեն ավելացնում է Ծովիկը:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել