
Փաստաբան Արա Զաքարյան. «Այն դատավորը, ով կհանդգնի պաշտպանել իրավունքի շահերը, կստորագրի իր դատավճիռը»
Շանթ Հարությունյանն ու 10 քաղաքացիները կշարունակեն մնալ բանտում: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրանց նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռներ: Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանն ընթերցեց միայն դատավճռի եզրափակիչ մասը ու հեռացավ դատարանի դահլիճում հավաքված քաղաքացիների ամոթանքների ներքո: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և 13 այլ քաղաքացիներ մեղադրվել են 2013թ. նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ խուլիգանություն կատարելու մեջ: Անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը կայացրել էր 14 մեղադրական դատավճիռ:
Դատարանի բակում 14 քաղաքացիներին սատարողները, նրանց ընտանիքների անդամները, փաստաբաններ, պատասխանելով «Հետքի» հարցերին, նշում էին, որ սպասելիքներ չունեն Հայաստանի արդարադատությունից: Իսկ եռաստիճան դատական համակարգով անցնելը զուտ ֆորմալ բնույթ է կրում, որպեսզի բողոք կարողանան ներկայացնել ՄԻ եվրոպական դատարան:
4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված, Հանրային խորհրդի անդամ Հայկ Հարությունյանի հայրը՝ Հակոբ Հարությունյանը, նկատեց. «Մենք չենք վստահում Հայաստանի դատարաններին, դատավորներին, քանի որ կոռուպցիայի մեջ թաթախված են»:
1 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Սևակ Համբարձումյանի մոր՝ Նորա Զաքևոսյանի կարծիքով, իշխանությունը պարզապես վախենում է իրենց տղաների հայացքներից, ովքեր ուզում են պարզապես արժեքների հեղափոխություն, արժանապատիվ կյանք:
Այս գործով 2 քաղաքացիների պաշտպան Արա Զաքարյանը նկատեց.
«Վճռաբեկ դատարանից էլ որևէ հույս չունենք, թեպետ պիտի դիմենք, որ գանգատ տանենք ԵԴ: Բանն այն է, որ որոշում կայացնողը ոչ թե դատարանն է, այլ իշխանությունը, տվյալ դեպքում դատարանը միայն պատվեր կատարողն է: Այսպիսի դատավճիռները սպասելի են, քանի որ իշխանությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել էր: Իսկ մեր դատարանը չունի նվազագույն անկախություն, որպեսզի կարողանա քաղաքական հնչեղություն ստացած գործերով կայացնել արդարադատություն: Եթե լինում են դեպքեր, երբ դատավորը կայացնում է արդարադատություն, նրա նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, վարույթներ են հարուցվում, և այդ դատավորների լիազորությունները դադարեցվում են: Նման 1-2 դեպքը խիստ բացասական անդրադարձան ամբողջ դատական համակարգի վրա և հիմա, ցավոք, ոչ միայն ես եմ ասում, այլ բոլորն են կրկնում, մեր դատական համակարգին ոչ մեկը չի վստահում, հավատ չկա: Առավել ևս քաղաքական այսպիսի գործով ակնկալել, որ դատրանը կարող էր ինքնուրույն որոշում կայացնել, միամտություն կլիներ: Այն դատավորը, որը կհանդգնի պաշտպանել իրավունքի շահերը, կստորագրի իր դատավճիռը»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը:
Մեկնաբանել