
Ազատամարտիկի զինվորական թոշակի հարցը 9 ամիս է` ձգձգվում է
Ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանի Աքորիում գտնվող տունը մեկ սենյակ է` քանդված առաստաղով ու խունացած պատերով: Սենյակում 4 երկաթե հին մահճակալ, մեկ սեղան ու փայտի մի վառարան կա, որի մոտ դրված երկու փայտե կոճղերը ընտանիքի համար որպես աթոռ են ծառայում: Մեր այցելության պահին երկաթե մահճակալներից մեկի վրա նստած էր անդամահատված ոտքով ազատամարտիկը: Երբ տուն մտանք, ճաշի սեղանի մոտ հաշմանդամ հոր շարժասայլակի վրա և աթոռին նստած ճաշում էին դպրոցից վերադարձած նրա 4 երեխաներից երկուսը: Ինձ աթոռ առաջարկելուց հետո նկատեցի, որ աղջիկ երեխան ճաշը շարունակեց ուտել ոտքի վրա: Ընտանիքին ծառայող միակ աթոռին էի նստած: «Մինչ արցախյան պատերազմը իրենց հին տան կողքին Արարատը մի նկուղ էր կառուցել, որի վրա պետք է տուն կառուցեր: Երբ պատերազմը սկսվեց, նա ամեն ինչ կիսատ թողեց և մեկնեց Արցախ: Տունն այդպես էլ կիսատ մնաց»,- ասաց Արարատի մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանը:
Պատերազմից հետո Արարատը ամուսնացել և 4 երեխա է ունեցել: Ընտանիքը կերակրելու համար վարել է իր սեփական տնտեսությունը: «Հողագործությամբ եմ զբաղվել, մի 3000 մետր հող ունեմ, դա եմ մշակել, մի կով, մի ձի, մի մոզի, մի քուռիկ ու մի քանի ոչխար եմ պահել: Հիմա էդ բոլորը էլ չկա, դե պակաս ենք ապրել, վաճառել եմ: Այս պահին դեռ մի 4 ոչխար ունեմ, նոր եմ առել, երեխեքն են պահում»,- ասաց նա:
Արարատը պատերազմին մասնակցել է առաջին օրերից մինչև զինադադարը: «Կռվել եմ Շահումյանի համար մղվող մարտերում, Բուզլուխ գյուղի ճակատամարտում, մասնակցել եմ Մարտակերտի, Ղազանչի գյուղի կռիվներին, Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի պաշտպանությանը»,- ասաց նա: Աքորեցի Անդրանիկ Պետրոսյանի գլխավորությամբ 1988թ. վերջերին և 89թ. սկզբներին Աքորիում ստեղծվեց առաջին մարտական ջոկատը: Այդ ջոկատի կազմում էր նաև Արարատ Կիրակոսյանը: Նա ջոկատի տղաներից տարիքով ամենափոքրն էր, այն ժամանակ 22 տարեկան էր: Հայտնի էր որպես որսորդ և և լավ էր տիրապետում որսորդական զենքին: Հետագայում` Թումանյանի մարտական ջոկատում նրան վստահեցին ականանետը: «Արարատը իրականում զենքի մարդ էր»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը: Արարատը վիրավորվել է 1992թ. հունիսի 13- ին Շահումյանի Բուզլուխ գյուղի դիրքերում տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ: «Մարտի ընթացքում մինչև վիրավորվելը Արարատը թշնամու BMP-2 տանկ ոչնչացրեց, հակառակորդի մյուս BMP-ն փորձեց մեր դիրքերը շրջանցել, որ ներքևից հարվածի: Նա իջավ ներքև, որ ներքևից խփի ռազմական մեքենային: Այդ ժամանակ վիրավորվեց դաստակից: Արարատի զարկերակային երակի արյունը չէր դադարում: Իսկ մինչ այդ թշնամին մեր դիրքերի վրա տարբեր կողմերից ուժեղացրեց հարձակումը: Արարատը հայտնվել էր կրակահերթի տակ: Ես նրան հանեցի կրակահերթի տակից»,- պատմեց է Ռաֆիկ Ղազինյանը:
Վիրավորվելուց հետո Արարատին իրենց ջոկատի 5-6 վիրավորների հետ տեղափոխել են Շահումյանի շրջկենտրոնի հիվանդանոց: «Նրա աջ ոտքին կային մի քանի բեկորային վնասվածքներ: Ուներ նաև այլ վերքեր: Արարատին այլ վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան»,- հիշեց Ռ. Ղազինյանը: «Արարատ Կիրակոսյանը շատ խիզախ մարդ է, նա Շահումյանի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի պարտիզանական շարժմանը»,- մարտական ընկերոջ մասին հայտնեց Պռոշյանի մարտական ջոկատի անդամ, ազատամարտիկ Դանիել Գրիգորյանը:
2014թ. ապրիլի 22-ին Արարատի ոտքն անդամահատվել է: Նրան զինվորական թոշակ տրամադրելու խնդիրն արդեն 9 ամիս է` ձգձգվում է: Ազատամարտիկի ընտանիքը գոյատևում է 45 հազար դրամ նպաստով:
«Արարատ Կիրակոսյանի անդամահատված ոտքը պատերազմի հետևանք է: Նա այդ ոտքի համար երկու տարին մեկ ստացիոնար և ամբուլատոր բուժումներ է ստացել»,- ասաց Աքորու ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Աղունիկ Հակոբյանը: Արարատը անձամբ չի կարողանում զբաղվել իր կենսաթոշակի հարցով: Բժշկուհի Աղունիկ Հակոբյանից էլ տեղեկացանք, որ Արարատի թոշակավորման հարցով զբաղվում են նրա մարտական 3 ընկերները` համագյուղացի Հրաչյա Ոսկանյանը, Ռաֆիկ Ղազինյանը և Պռոշյանի մարտական ջոկատի անդամ Դանիել Գրիգորյանը: Վերջիններիս դեռ չի հաջողվել լուծել Արարատի թոշակի խնդիրը: «Գործում պակաս փաստաթղթեր կան»,- ասաց Դանիել Գրիգորյանը: Ռաֆիկ Ղազինյանն էլ հույս հայտնեց, որ զինվորական թոշակի հարցով Արարատին օգնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արարատ Կիրակոսյանը ԼՂՀ նախագահի 2008թ. թիվ 54 հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ունի այլ մեդալներ: ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցպաշտպանության վարչության N 7224 վկայականով իրավունք ունի օգտվելու մարտական գործողությունների-պատերազմի մասնակցի համար ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել