
Շիրակի մարզպետը մերժեց ռազմաբազայի հրամանատարի առաջարկած դրամական օգնությունը Ավետիսյանների մերձավորներին
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ հիմնականում խոսեց հունվարի 12-ից մինչեւ օրս տեղի ունեցած իրադարձությունների եւ իրականացրած միջոցառումների մասին: Ֆելիքս Ցոլակյանը նախ խոհեմության կոչ արեց գյումրեցիներին՝ հորդորելով չտրվել զգացմունքներին:
Շիրակի մարզպետը հայտարարեց, որ ինքը միանում է գյումրեցիների արդար դատավարության պահանջին, որ պիտի իրականացվի միմիայն ՀՀ-ում եւ միայն հայ իրավապահների կողմից: Նրա համար անհասկանալի էր մնացել, թե ինչու այդ պահանջն այդպես էլ գրավոր ձեւակերպում չստացավ ցուցարարների կողմից եւ չներկայացվեց ուր հարկն էր:
«Ես խոսեցի այսօր ցույցի ղեկավարների հետ, ասացի՝ ես չեմ հասկանում, դուք կանգնում փողոցում գոռում եք, բայց պետք է ունենաք գրավոր պահանջ եւ որ այդ պահանջը պետք է ներկայացնել ուր հարկ է, մի բան, որ դուք այդպես էլ չարեցիք»,-նկատեց մարզպետը:
Ըստ մարզպետի, քաղաքում հակառուսական տրամադրություններ չկան: Խաղաղ ցույցերին մարզի ղեկավար դեմ չէ, դեմ է՝ արյունահեղությանը: Համարում է, որ այն, ինչ կատարվեց հունվարի 15-ին, հնարավոր էր եւ խուսափել, եթե չլինեին հրահրողներ:
Անցած երկու-երեք օրերին բուժօգնության դիմողների թիվն ավելացել է՝ հիմնական դիմողները ոստիկանության աշխատակիցներ են, որ հունվարի 15-ին մասնակցել են հյուպատոսարանի դիմաց ցուցարարների հետ բախմանը: Այսօր Գյումրու բժկական կենտրոն են դիմել 5 ոստիկան: Մարզպետի փոխանցմամբ, ընդհանուր տուժածների թիվը հասել է 33-ի:
Ասուլիսն ընդահատվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի գլխավոր հրամանատարի զանգով: Վերջինս տեղեկացնում էր Ֆելիքս Ցոլակյանին, որ գումար են հավաքել եւ իրենց ֆինանսական աջակցություն են առաջարկում Ավետիսյանների հարազատներին: Սակայն մարզպետը մերժեց առաջարկը՝ նշելով, որ հարմար չի գտնում այս պահին որեւէ ֆինանսական աջակցություն ռազմաբազայի կողմից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել