
Ռոբերտ Նազարյանի կնոջ հիմնական եկամուտը տրված փոխառություններից ստացված գումարներն են
Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը` տպավորություն է ստեղծվում, որ նրանց գերակշիռ մասը տոկոսով գումար տվողներ են: Փոխառություններից ստացված տոկոսագումարները երբեմն ավելի մեծ են, քան կոնկրետ պաշտոնյայի կամ նրա հետ փոխկապակցված անձի աշխատավարձը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ու նրա կինը՝ Սվետլանա Խառատյանը հենց այդ ճանապարհով են վաստակում իրենց եկամուտների մի մասը:
2011թ.-ին Ռոբերտ Նազարյանը միայն 8.100 դոլար եկամուտ է ստացել տրված փոխառությունից ստացված տոկոսներից: Իսկ որպես դրամական միջոց` հայտարարագրել է 112.000 դոլար և 11 մլն դրամ: 2010թ.-ին այդ գումարը եղել է 15.000 դոլար և 8 մլն դրամ:
2012թ.-ին փոխառությունից ստացված եկամուտները կազմել են 8.300 դոլար, իսկ հաշվին պահվող դրամական միջոցները մնացել են գրեթե անփոփոխ՝ 112.000 դոլար և 12 մլն դրամ:
Ռոբերտ Նազարյանը «մոռացել» է, որ տարեվերջին հայտարարագրել է 12 մլն դրամ և 2013թ.-ի սկզբին դարձյալ մեկ միլիոն դրամով «կրճատել» է իր դրամական միջոցը՝ դարձնելով 11մլն դրամ, մինչդեռ այն պետք է նշված լիներ 12 մլն դրամ: Դոլարային միջոցները դարձյալ մնացել են անփոփոխ՝ 112,000:
2013թ.-ին Ռոբերտ Նազարյանը դարձյալ 8.300 դոլարի չափով տոկոսագումար է ստացել:
Կինը՝ Սվետլանա Խառատյանը, 2011թ.-ին աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարներ չի ստացել: Նրա միակ եկամուտը՝ 24.300 դոլարը, գոյացել է տրված փոխառությունից ստացված տոկոսագումարից:
Իսկ նրա հաշվին եղել է 300.000 դոլար և 3 մլն դրամ՝ 2010թ.-ի 1մլն-ի փոխարեն:
2012թ.-ին Ս. Խառատյանը փոխառության տոկոսագումարից ստացել է 24.450 դոլարի եկամուտ: Դրամական միջոցներից դոլարային գումարը մնացել է նույնը, իսկ դրամայինը տարեվերջին նվազել է 1 մլն դրամով՝ դառնալով 2 մլն դրամ:
Պաշտոնատար ու նրանց հետ փոխկապակցված անձինք գրեթե վստահ են, որ իրենց հայտարարագիրը մանրակրկիտ չի ստուգվում, ուստի իրենց կարող են թույլ տալ «copy paste» հայտարարագրեր ներկայացնել:
Մասնավորապես, Սվետլանա Խառատյանը ամուսնու նման «մոռանալով», որ նախորդ տարվա վերջին որպես դրամական միջոց հայտարարագրել էր 2 մլն դրամ և այն պետք է նույնությամբ համընկնի 2013թ.-ի տարեսկզբին հայտարարագրածի հետ` 2013թ. սկզբին հայտարարագրել է 3 մլն, դոլարայինը մնացել է անփոփոխ՝ 300.000 դոլար: 2013-ին տոկոսագումարից ստացված եկամուտը դարձյալ նույն գումարն է նշած՝ 24, 450 դոլար:
Մեկնաբանել