
Գյումրիում հնչել է միայն մեկ պահանջ՝ սպանության մեջ մեղադրվողին հանձնել հայ իրավապահներին (լուսանկարներ)
«Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին եւ դատվի Հայաստանում» պահանջով, այսօր հազարավոր գյումրեցիներ մեկ մարդու նման հավաքվել էին Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի հարեւանությամբ, որտեղից ավտոերթով նախ շարժվեցին դեպի ՌԴ հյուպատոսարան:
Հարյուրավոր մեքենաներ խլացուցիչ ազդանշաններով փորձում էին հրավիրել հյուպատոսարանի աշխատակիցների ուշադրությունը: Երթի մասնակիցները պահանջում էին հանդիպում Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւի հետ՝ նրան իրենց պահանջը փոխանցելու համար:
Հավանաբար հյուպատոսն ու հյուպատոսարանի աշխատակիցները զգուշացված էին, քանի որ պահակի փոխանցմամբ շենքում ոչ ոք չկար: Երթի մասնակիցները հում ձու շպրտեցին շենքի ուղղությամբ, իսկ մի քանի քաղաքացիական ակտիվիստներ շենքի հարեւանությամբ գտնվող ցուցատախտակին փակցրեցին մի փոքրիկ պաստառ, որի վրա գրված էր՝ "Кошкин дом в Армении":
Շարժվելով Գարեգին Նժդեհի փողոցով` երթի մասնակիցներն, ինչպես եւ վաղօրոք պլանավորած էր, կանգ առան Շիրակի մարզպետարանի մոտ: Այստեղ եւս, ինչպես եւ հյուպատոսարանի շենքի դիմաց, շղթա կազմած կանգնած էին ոստիկանական համակարգի եւ ուժային կառույցների ներկայացուցիչները: Մարզպետարանի պատուհանին թղթե պաստառը փակցնելու գյումրեցի Արսեն Վարդանյանի ցանկությունն այս անգամ հանդիպեց խոչընդոտի:
Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը փորձում էր համոզել երիտասարդին չկեղտոտել մարզպետարանի ապակիները, իսկ երիտասարդ ակտիվիստ էլ հակադարձում էր, որ իր սեփական երկրում ազատ կամարտահայտվելու իրավունք ունի՝ հատկապես, որ օրենք չի խախտում:
Երթի մասնակիցները պահանջեցին հանդիպում մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Վերջինս կատարեց պահանջը եւ դուրս եկավ մարզպետարանի շենքից՝ լսելու հավաքվածներին, սակայն խոսակցություն այդպես էլ չստացվեց, եւ մարզպետն առանց զրուցելու վերադարձավ իր աշխատանքին: Մարզպետարանից հետո ավտոմեքենաները խլացնող ազդանշաններով շարժվեցին Հաղթանակի պողոտա, որտեղ գտնվում է Շիրակի մարզային դատախազության շենքը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը բացակայում էր, այնինչ երթի մասնակիցներն իրենց հուզող հարցի պատասխանը ցանկանում էին ստանալ հենց դատախազից՝ հանձնելու է արդյոք ռուսական կողմը հանցագործության մեջ կասկածվողին հայ իրավապահներին (օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել, եւ նա այսուհետ մեղադրյալ է):
Հակառուսական կոչեր ողջ երթի ընթացքում չեն հնչել: Գյումրեցիների միակ պահանջը Վալերի Պերմյակովի հանձնումն էր հայկական կողմին: Նրանցից շատերը շեշտում էին, որ այս պահին ոչ թե հանցանքի մեջ կասկածվողի ազգությունն է քննարկվում, այլ սեփական երկրի արժանապատվությունն է դրված կասկածի տակ: «Մենք գուզենք, օր իրան դատեն մեր երկրում, մեր օրենքներով ու ինքը Հայաստանի մեջ կրե իրա պատիժը»,- հայտարարում էին երթի մասնակիցները:
Ըստ նախնական պայմանավորվածության` դատախազի հետ հանդիպումից հետո երթի մասնակիցները պետք է ուղեւորվեին սուրբ Նշան եկեղեցի, որտեղ ժամը 17-ին կայանալու էր Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հոգեհանգստի արարողությունը: Սակայն դատախազի բացակայությունը, ինչպես նաեւ ժամը 16:30-ին ՀՀ դատախազության ու քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները, որտեղ նշված չէր կասկածյալին հայ իրավապահներին հանձնելու մասին որեւէ տող, զայրույթի ալիք բարձրացրեց հավաքվածների մոտ:
Երթի մասնակիցները որոշեցին շարժվել դեպի 102-րդ ռազմաբազա եւ տեսակցություն պահանջել ռուսական զորամասի հրամանատարական կազմի հետ: Ոստիկանապետ Վարդան Նադարյանը փորձեց հորդորներով համոզել հավաքվածների չգնալ ռազմաբազա, այնուհետեւ տեսնելով հավաքվածների վճռական տրամադրվածությունը՝ հրահանգ եղավ փակել Հաղթանակի պողոտան:
Չնայած ստեղծված խոչընդոտներին` հավաքվածներին հաջողվեց ճեղքել ոստիկանների շղթան եւ ոտքով շարժվել դեպի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք: Այստեղ երթի մասնակիցների առաջխաղացումը հնարավոր եղավ կասեցնել մոտ 20 րոպե, այնուհետեւ շատ կազմակերպված, միահամուռ կերպով, իր շրջապտույտի մեջ վերցնելով նաեւ ոստիկաններին՝ առանց ընդհարման, երթի մասնակիցները՝ քանդելով ոստիկանական պատնեշը հասան մինչեւ ռազմաբազայի մերձակա տարածք:
Նույն պահանջը՝ հանձնել Պերմյակովին հայ իրավապահներին, երթի մասնակիցները հնչեցրեցին նաեւ այստեղ: Հավաքվածների պահանջով ռազմաբազայի տարածք հասավ նաեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Երթի մասնակիցները նրանից պահանջում էին լինել իրենց դեսպանը, մուտք գործել ռազմաբազա եւ վերադառնալ ռուսական զորամասի հրամանատարի հետ: Իր հերթին՝ դատախազը առաջարկում էր առանձնազրույց հավաքվածներից 15-20 հոգու հետ դատախազության շենքում՝ առանց լրագրողների մասնակցության:
Գլխավոր դատախազի հետ զրույցից հետո Ասլանյանը հայտարարեց, որ ընթանում է խորհրդակցություն, որը կշարունակվի վաղը: Ակցիայի մասնակիցները իրավապահներին մինչեւ վաղը` 17:00-ն ժամանակ տվեցին` իրենց պահանջին դրական լուծում տալու համար: Այդ ժամին նրանք կրկին հավաքվելու են մարզի դատախազության շենքի դիմաց:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել