
«Ավետիսյանների տուն պատահական եմ մտել»,- նշել է Պերմյակովն իր ցուցմունքում
Գյումրու Մյասնիկյան փողոցի 188 տանը հունվարի 11-ի լույս 12 –ի գիշերը մեկ ընտանիքի 6 անդամներին գնդակահարելու մեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով ցուցմունք է տվել: Նրան հայտնաբերել էր սահմանապահ խումբը հունվարի 13-ին` կեսգիշերն անց, Բայանդուր գյուղի մերձակայքում, հայ-թուրքական սահմանից 2000 մետր հեռավորության վրա: Ձերբակալվածը եղել է քաղաքացիական հագուստով, նրա մոտ զենք չի հայտնաբերվել, իր հետ ունեցել է երեք բջջային հեռախոս եւ լապտեր:
Կասկածյալին տեղափոխել են ռուսական ռազմաբազա: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի վստահեցմամբ` քննչական գործողություններին հավասարապես մասնակցում են թե հայկական, թե ռուսական կողմի ներկայացուցիչները:
«Քննչական կոմիտեում, ինչպես գիտեք հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանության հատկանիշներով, ռուսական կողմը եւս հարուցել է քրեական գործ` դասալքության հետ կապված եւ սպանության»,- նշեց Հունան Պողոսյանը:
Վալերի Պերմյակովի տված նախաքննական ցուցմունքից փոխոստիկանապետը մեջբերեց հրապարակման ենթակա հատվածները. «Նախաքննության շահերից ելնելով` շատ բան չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ ըստ իր ցուցմունքի, ինքը ցանկացել է շրջել քաղաքում եւ Ավետիսյանների տուն էլ պատահական է մտել, անգամ չի իմացել այնտեղ մարդիկ կան ապրող, թե չէ: Սա իր ցուցմունքից եմ ես ասում: Նաեւ նշել է, որ չի ցանկացել սահմանը հատել, այլ ընդամենը մի քանի տեղ թաքնվել է»,- ասաց Հունան Պողոսյանը:
Նա նաեւ նշեց, որ կասկածյալը մտավոր խնդիրներ կարծես թե ունի, ինչը զգացվում է անգամ պարզ զրույցի ժամանակ:
Վալերի Պերմյակովը 19 տարեկան է, մինչեւ Գյումրու 102-րդ ռազմաբազա տեղափոխվելը 6 ամիս ծառայել է ռուսական այլ զորամասում, որտեղ կարգապահական խնդիրներ է ունեցել: Նրա եղբայրը ներկայումս դատապարտված է սեփական կնոջը սպանելու համար:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել