
«Ավելի լավ է մեր պատմամշակութային հուշարձանները չվերականգնվեն, եթե փլման եզրին չեն` բնական ծերանան»
Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը հունվարի 8-ին Սանահինի վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքերը դիտելուց հետո եզրահանգեց, որ ամեն ինչ պետք է անել գոնե Ամենափրկիչ եկեղեցին փրկելու համար:
Մեր հարցումներից պարզվեց, որ վանական համալիրի վերականգնման աշխատանքներից դժգոհ են նաև մշակույթի նախարարության առանձին պատասխանատուներ, անգամ վերականգնող շինարարը: Վերականգնման աշխատանքերի նախագծի հեղինակ ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը երկու ամիս առաջ մահացել է:
«Շինարարական աշխատանքերը վերահսկում ենք մենք` Մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակը» և Աշոտ Հովսեփյանի որդին`Հրանտ Հովսեփյանը, ով նույնպես ճարտարապետ է: Աշխատանքները կատարվում են նախագծի համաձայն»,- այսօր մեզ հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետի տեղակալ Արսեն Սողոմոնյանը:
Պատմամշակութային հուշարձանների վերականգնման շինարարական աշխատանքերի որակի համար կարևոր նախապայման է առնվազն +8 ջերմաստիճանը և եղանակային պայմանները: Այս առումով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները նախընտրելի չեն: Արսեն Սողոմոնյանը «չհիշեց», թե 2014թ.-ին կոնկրետ, որ ամսին է սկսվել վերականգնման աշխատանքերի 3-րդ փուլը: «Կատարողականները կնայեմ, կասեմ»,- ասաց նա:
«Աշխատանքերը , կոնկրետ չեմ հիշում, բայց շատ ուշ են սկսվել: Կարծեմ՝ նախարարությունը հոկտեմբերի կեսերին տվեց թույլտվությունը, նոյեմբերին սկսվեցին աշխատանքերը»,- պատասխանեց վերականգնման շինաշխատանքներն իրականացնող «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Եգանյանը:
Սանահինի վանական համալիրի վերականգնման աշխատանքերը իրականացվում են ՀՀ կառավարության 2012-2016թթ. ծրագրով, պետբյուջեի 180 մլն դրամ հատկացումով: Աշխատանքերի պատվիրատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է: Աշխատանքերն իրականացվում են փուլ առ փուլ: Անցած 3 փուլերում արդեն ծախսվել է 58 մլն դրամ:
Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը դեկտեմբերի 15-ին «Հետքին» հայտնել է, որ 3-րդ փուլում `2014թ.-ին, ամբողջ ծավալով իրականացվել են Սբ. Աստվածածին եկեղեցու վեղարի վերականգնման, հարթ երեսապատի նոր տաշ ու շարման, սրահի հատակի սալարկման, նախագավթի սրահի հատակի սալարկման, նախագավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի տանիքի ծածկասալերի տակի դատարկությունների ներարկման, ինչպես նաև նախագավթի տապանաքարերի կազմաքանդման և վերատեղադրման աշխատանքները: Դրանց նախահաշվային ծավալի գումարը կազմել է 17,5 մլն դրամ:
Արև Սամուելյանը նաև նախարարության գիտամեթոդական խորհրդի նախագահն է և պատասխանատու է կատարված աշխատանքերի որակի համար: Նրա ներկայացրած աշխատանքների ծավալը Սանահինում փաստացի կատարված աշխատանքերի հետ համադրելուց հետո պարզվեց, որ նախագավթի սրահի հատակի սալարկման, տապանաքարերի կազմաքանդման ու վերատեղադրման, Ամենափրկիչ եկեղեցու հարավային պատի ջրահեռացման և այլ աշխատանքեր ամբողջ ծավալով չեն իրականացվել: Ավելին, աշխատանքային ծավալի մեջ ընդգրկված Սբ.Աստվածածին եկեղեցու վեղարի վրա 2014թ.-ին վերականգնման որևէ աշխատանք չի կատարվել, իսկ վեղարի գագաթի նախագծով նախատեսված վերականգնման աշխատանքներն այդպես էլ մնում են չիրականացված:
«Նայեք, Սբ. Աստվածածին եկեղեցու դիմային մասում ինչ հրաշք քանդակներ կան, կարմիր քարի եզրային քանդակներով եզրափակվում է լանջերի ծածկասալերը: Վերանորոգման ընթացքում եկեղեցու խաչթևերի լանջերի շարված նախկին նախշազարդ քանդակները նոր շարված բազալտե սալիկների եզրային մասում չեն պահպանվել»,- ասում է ալավերդցի նկարիչ Արսեն Գրիգորյանը:
Արղության- Երկայնաբազուկների դամբարանի մետ թափված եկեղեցու ջարդված ծածկասալերի մեջ Արսենը մեզ ցույց տվեց նախշազարդ քանդակներով մի քանի կարմիր եզրային քարեր:
«Նախշազարդ քարերի հանել-չհանելը կապված է ծածկասալերի հետ: Թեկուզ հենց նախշազարդ քարերը չկորցնելու համար Սբ, Աստվածածին եկեղեցու խաչթևերին պետք է տեղադրեին ոչ թե բազալտե, այլ նույն`կարմիր անդեզիտի ծածկասալեր»,- բացատրեց ճարտարապետ Գառնիկ Շախկյանը:
«Տապանաքարերի աշխատանքները մի քանի ձևով են արել, մի տեղ սալիկներ են դրել, մեկ այլ տեղ ցեմենտբետոն են լցրել: Տապանաքարերի կողքերին մի տեղ ավազ, մեկ այլ տեղ սովորական հող է լցված: Անհասկանալի է, թե որն է դրանց իմաստը»,- դժգոհում է Արսեն Գրիգորյանը:
Ճարտարապետ Գառնիկ Շախկյանը անթույլատրելի համարեց տապանաքարերի կողքին գունային մեծ տարբերությամբ տաշած բազալտե սալիկների տեղադրումը: Նա գտնում է, որ նախագավիթի հատակը պետք է ծածկվեր կոպիտ բազալտե քարերի շաղախով: Ամենափրկիչ եկեղեցու հարավային պատի դրսի ողջ երկայնքը մաքրվել է հողային շերտերից, սակայն պատի բաց անցքերը չեն փակվել ցեմենտբետոնե շաղախով, չեն կատարվել նաև ջրահեռացման աշխատանքեր:
«Առջևում ձմեռ է: Այս վիճակում ձյունն ու անձրևաջրերը կներծծվեն և կխարխլեն 1000-ամյա եկեղեցու հարավային պատի հիմքերը»,-զգուշացրեց ճարտարապետ Գ.Շախկյանը:
«Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Եգանյանը այսօր մեզ հայտնեց, որ 3-րդ փուլի վերականգնման աշխատանքերն ամբողջ ծավալով ավարտվել են: «Էնտեղ աշխատանքները կատարվել են նախագծի համաձայն, կարծեմ 20 տապանաքար է ուղղվել, իմ կարծիքով նախագավիթում կատարված աշխատանքերը թերի են: Ես ինքս նույնպես նայել եմ, անդուր էր հատկապես նախագավիթի մուտքը, որը անանցանելի է հատկապես կանանց համար: Ես նախագավթի վերականգնման հետ կապված իմ առաջարկությունները ներկայացրել եմ գիտամեթոդական խորհրդին, սակայն դրանք կատարելու համար պետք է նախագիծ լինի: Ես տեղյակ եմ, որ Սրբազանը վերջերս հետևել է նախագավթի սալիկապատման աշխատանքերին և դժգոհ է մնացել»,- ասաց Գ. Եգանյանը:
Հարավային պատի հետ կապված՝ Գագիկ Եգանյանն ասաց, որ այնտեղ աշխատանքերը դեռ չեն ավարտել:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մեզ հայտնեց, որ մի քանի օր առաջ է այցելել Սանահինի վանական համալիր: «Կարծում եմ, որ ամանորյա տոներից հետո թեկուզ մարզի մասնագետների միջոցով պետք է հանձնաժողով ստեղծվի` Սանահինում կատարված վերականգնման աշխատանքների որակը ուսումնասիրելու համար»,- ասաց նա:
«Սանահինի վանքային համալիրի վերականգնման աշխատանքերում մենք ՅՈւՆԵՍԿՈ-ի պահանջներից շատ հեռու ենք: Ավելի լավ է մեր պատմամշակութային հուշարձանները չվերականգնվեն, եթե փլման եզրին չեն` բնական ծերանան: Ինքս էլ անհանգիստ եմ: Անկեղծ ասած` Սանահինի վերականգնման աշխատանքներից գոհ չեմ: Մեզ մոտ վերականգնող շինարարական կազմակերպությունների մակարդակը շատ ցածր է: Վերահսկիչ պալատն էլ է պարտավորվել վերահսկել Սանահինի վերականգնման աշխատանքները» ,- հեռախոսով մեզ հայտնեց մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել