
Կեչառիսի տարածքը չի՞ ազատվելու հարկերից
Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին. «Կգնաս կգրես, թե Արշակ սրբազանը անիծել է քեզ»,- ասաց նա:
Սակայն մինչ այդ, դեռեւս չիմանալով ով եմ, պատասխանեց մի քանի հարցի` ասուլիսի ժամանակ:
- Արդյո՞ք եկեղեցուն գույքի եւ հողահարկի արտոնություններ տալու օրինագծի համաձայն Կեչառիսի վարձակալած տարածքը ազատվելու է հարկերից:
- Ոչ:
- Իսկ դա նշանակո՞ւմ է, որ եկեղեցու վարձակալած տարածքները հարկվելու են:
- Դա կախված է տվյալ տարածքի` հոգեւոր, մշակութային գործառույթներից: Պետք է նայվի, թե ինչ նպատակով են գործածվում այդ տարածքները: Ինձ զարմացնում է փաստը, որ դուք դա անվանում եք ռեստորան: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մարդիկ եկեղեցի գնալիս, պետք է կարողանան հոգալ նաեւ իրենց կենցաղային կարիքները: Տուրիստներ են գնում էնտեղ, միգուցե մի կտոր բան ուտեն,- Արշակ եպիսկոպոս Խաչատրյան:
- Այդ կառույցը տուրիստներին կերակրելուց բացի նախատեսված էր հարսանիքների անց կացման համար: Մենք ինքներս արդեն նկարահանել եւ վաղուց հրապարակել ենք, թե ինչի համար է դա նախատեսված:
- Ես տեսել եմ ինչպես եւ ինչ ոճով եք մուտք գործել ու նկարել: Ռեստորան ասելով` պետք չէ ապշահար դեմք ընդունել: Եթե եկեղեցու տարածքում հնարավոր է այնպիսի տարածք ստեղծել, որ մարդիկ գնան, իրենց կենցաղային բնական պայմանները ստեղծեն, կարիքները հոգան, ինչո՞ւ չանել:
- Ուրեմն Կեչառիսում իրականացվող շինարարությունն էլ ծառայում է եկեղեցու հավատացյալների համար եւ կարող է հոգեւոր նշանակություն ունենալ:
- Դա ձեռնարկատիրական գործունեություն է եւ պետք է հարկել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել