
KDWin-ի հիմնադրին` 0 մեդալ, «ականջ կտրող» ոստիկանին` 20 մեդալ
51 տարեկան հասակում երեկ մահացել է Ռաֆիկ Մարությանը: Շատ հնարավոր է, որ այս մարդու անունը Ձեզ ոչինչի չի ասում, սակայն բոլորիս հայտնի է այդ մարդու գործը… Ռաֆիկ Մարությանը ստեղծել է հանրահայտ KDWin ծրագիրը: Այո, դա հենց այն KDWin-նն է, որից հայատառ գրելուց օգտվում ենք գրեթե բոլորս:
Այդ մարդը իր գործով կարողացել է հեշտացնել բոլոր հայերի կյանքը: Ամեն օր, ամեն ժամ հարյուր հազարավոր մարդիկ օգտագործում են Ռաֆիկ Մարությանի ստեղծած ծրագիրը և դրա դիմաց ոչինչ չեն վճարում:
Սակայն համայն հայությանը անհատույց այսպիսի օգուտ տված մարդը երբեք չի արժանացել պետական պարգևների, մեդալների: Գործող օրենսդրության համաձայն Ռաֆիկ Մարությանը արժանի էր Անանիա Շիրակացու մեդալին, որը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։
Այդ մեդալով պարգևատրված 263 անձանց մեջ են ՀՀ և ՌԴ պաշտոնյաներ, տարբեր շինարարական կազմակերպությունների ղեկավարներ և բազմաթիվ այլ անձինք, ովքեր, որպես կանոն, կապ չունեն գիտությամբ և հայտնագործություններով հայության կամ մարդկության կյանքը հեշտացնելու հետ:
Շուրջ մեկ տարի առաջ մենք արդեն գրել էինք, որ նախագահը մեդալներ շնորհելուց բազմիցս խախտել է ՀՀ օրենսդրությունը: Սակայն այժմ եկեք մի համեմատություն անենք:
Անցած ամսվա ընթացքում բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնվեց փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով սպառնաց Սերժ Սարգսյանին հայհոյող քաղաքացիների «ականջները կտրել», և ում անունը կապվում է հենց այդ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությամբ:
Լևոն Երանոսյանը, պարզվում է, ունի 5 պետական և 15 գերատեսչական մեդալ: Այդ թվում, «ականջ կտրող» ոստիկանության գեներալը «մարդասիրական սկզբունքների հաստատման համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով»:
Այսինքն, դատելով մեդալների քանակից՝ կարելի է արձանագրել, որ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ կոչեր անող ոստիկանության զորքերի հրամանատարը անհամեմատ ավելի մեծ օգուտ է տվել երկրին, քան KDWin-ի հիմնադիրը:
Իհարկե, Ռաֆիկ Մարությանը մեդալների համար չէ բոլորիս նվիրել KDWin-ը: Ենթադրաբար, նա մեդալների կարիք էլ չուներ… Եվ մենք բոլորս հարգում ենք իրեն ու իր արարքը` անկախ մեդալների քանակից:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել