
Ուզում եք եկեղեցին փակվի՞
Մինչ լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել, թե ինչու է ԱԺ-ն քննարում Հայ Առաքելական եկեղեցու գույքահարկի եւ հողահարկի արտոնություններ սահմանելու մասին օրինագիծը, հարկ է հիշեցնել, որ, իրականում, եկեղեցապատկան հողն ու գույքը երբեք էլ չի հարկվել: Այս մասին այսօր նշեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Թե ինչու մինչ այժմ եկեղեցին հարկեր չի վճարել պետությանը, Արշակ սրբազանը պատասխանեց. «Դրա համար օբյեկտիվ պատճառներ են եղել»:
Ինչո՞ւ հիմա եղավ անհրաժեշտությունը` արտոնություններն օրենքով սահմանելու: Այս հարցին Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չպետք է օրենքով եկեղեցուն արտոնություններ տրվի: Ինչո՞ւ պետք է պետությունն այնպիսի պայմաններ ստեղծի, որ եկեղեցին ստիպված լինի շրջանցել օրենքները»:
Ինչո՞ւ է եկեղեցին այդքան ցանկանում ազատվել հարկերից. մեծ գումարներ են եւ չի՞ կարող վճարել: Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով այդ հարկերը մեծ չեն: Ավելին` նա նշում է, որ եկեղեցուն արտոնություններ տալը համայնքային բյուջեի վրա չի կարող բացասական կերպով անդրադառնալ, քանի որ հարկերը չնչին գումար են կազմում. «Օրինակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հողահարկը կազմում է տարեկան 60 հազար դրամ, իսկ գյուղերում գտնվող եկեղեցիների հարկերը տարեկան կազմում են մոտ 20 հազար դրամ»:
Ուրեմն ինչո՞ւ եկեղեցին չի ցանկանում վճարել այդ չնչին գումարները եւ աջակցել պետությանը: Արշակ սրբազանն այսպես է պատասխանում. «Վրաց ուղղափառ եկեղեցին հայտնի է որպես ակտիվ, հասարակության մեջ դերակատարություն ունեցող եկեղեցի: Ուզում եմ հարց տալ. ինչի՞ հաշվին է այդ եկեղեցին ակտիվ: Վրացական պետությունը տարեկան եկեղեցուն հատկացնում է 20 մլն դոլարին համարժեք լարիի աջակցություն, նաեւ վրացական եկեղեցին ազատված է գույքի եւ հողի հարկերից: Մեր խնդիրը նվազ չափով նման աջակցություն տրամադրել հայ եկեղեցուն՝ որպես նաեւ բարոյական աջակցություն՝ 70 տարիների ընթացքում եկեղեցու կրած փորձությունների եւ բռնազավթումների համար: Բայց չգիտես ինչու գռեհկացումն այն աստիճանի տեղի ունեցավ, որ ցուցակների մեջ սկսեցին սաունաներ փնտրել: Երեւի ոմանց համար սաունան արժեհամակարգում բարձր սանդղակի վրա է գտնվում»:
Վարդան Բոստանջյանը հայտնում է, որ միակ անհանգստությունը, որ օրենսդիրն ունի, այն է, թե հետագայում եկեղեցին կարող է ապօրինաբար մեծացնել իր տարածքները. «Ես այդ մասին Ազգային ժողովում ասացի, որ այդ մեկ հեկտարը կարող է դառնալ 20, 30 հեկտար: Ես առաջարկեցի, որ այսպիսի օրենք ընդունելու դեպքում մի փոփոխություն կատարենք, որ միայն Հայ Առաքելական եկեղեցու մեր հոգու փրկությանը ծառայող կառույցների համար գործի սա: Ոչ թե հնարավորություն տալ, որ հանկարծակի մեր կամքից անկախ մեծացնեն»,- Վարդան Բոստանջյան:
Արշակ սրբազանը հանգստացրեց Վարդան Բոստանջյանի մտավախությունն՝ ասելով. «Այդ խնդիրը կարող եք փարատելի համարել, քանի որ եկեղեցուն կից ազատ տարածքներ չեն մնացել: Եթե մեզ կհուշեք մի եկեղեցի, որի շրջակայքում ազատ տարածություն կա, լավ: Բայց եկեղեցու տարածքներն են դեռ բռնազավթում»:
Արշակ սրբազանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ գռեհիկ վերաբերմունքն այս օրենքի նախագծի վերաբերյալ. «Եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին չազատեն հարկերից, բարերարներն էլ գումար չտան, եւ եկեղեցին չկարողանա վճարել հարկերը, պիտի սնանկանա՞ եկեղեցին, փակվի՞»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել