
Հարստացվող ալյուր. օրենքը չընդունված` սարքավորումները ներկրել են
Կառավարության հավանության արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը դեռևս քննարկման չի դրվել Ազգային ժողովում, մինչդեռ հարստացման համար նախատեսված սարքավորումներն արդեն ձեռք են բերվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան ասել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը: «Ներկա պահին ձեռք են բերվել ալրաղացներին տրամադրվելիք սարքերը, որոնք գերմանական արտադրության են, իսկ հավելանյութերի հարցը դեռևս քննարկվում է»,- նշված է ԱՆ-ի գրավոր պատասխանի մեջ: ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ԱՆ-ն սարքավորումներ չի ստացել, սակայն հավելեց, որ 2012-ին ՅՈւՆԻՍԵՖ-ը ներկրել է դրանք:
Քուշկյանը «քնեցրել է» ծրագիրը
Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման մասին քննարկումները հիմնականում սկսվել են 2010 թ.-ին: 2011-ի փետրվարի 17-ին կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Արձանագրային նախագծին հավանություն էր տվել ԱՆ նախկին նախարար Հարություն Քուշկյանը (նախարարի պաշտոնում եղել է 2007-2012 թթ.): Սակայն արյունաբաններից մեկը, ով չցանկացավ հրապարակել անունը, մեզ հայտնել է, որ նախկին նախարարը չի ցանկացել ընկնել դրա պատասխանատվության բեռի տակ: Ըստ այդմ՝ Քուշկյանն ասել է, որ ինքը հանձն չի առնի ծրագրի կատարումը: Ոչ հրապարակային քննարկումների ժամանակ այդ ծրագրին դեմ են եղել նաև արյունաբանները: 4 տարի անց այդ արյունաբաններից ոմանք հրապարակային այլ կարծիք են հայտնում, թեև նեղ շրջանակներում շարունակում են խոսել հարստացված ալյուրի ռիսկերի մասին: «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ այս ծրագրի քարոզչությամբ նախարարությունից զբաղվում են երկու հոգի՝ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և ԱՆ-ի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Օրինագծի հիմքում 9 տարվա վաղեմության հետազոտությունն է
Ալյուրի հարստացման ծրագրի հիմքերից մեկը 2005-ին անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունն է (ՀԺԱՀՀ), որն անցկացվել է նաև 2000 ու 2010 թթ.: Հետազոտություններն անցկացրել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու առողջապահության նախարարությունը: Տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ամերիկյան «ORC Macro» (2009-ից ` «ICF International») ընկերությունը, իսկ ֆինանսավորողը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն է (USAID):
ՀԺԱՀՀ-ի նպատակն էր հավաքագրել ազգային և տարածաշրջանային մակարդակով ծնելիության և հակաբեղմնավորման մեթոդների իմացության և օգտագործման, մոր և մանկան, չափահասների առողջության, ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հետազոտության տվյալները հավաքագրվել են 13 թիմերի կողմից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է եղել 4 կին և մեկ տղամարդ հարցազրուցավարներից, դաշտային խմբագրից և թիմի վերահսկողից (խմբավարից): Յուրաքանչյուր թիմին կցված է եղել անտրոպոմետրիկ չափումների և սակավարյունության ստուգման համար անհրաժեշտ ուսուցում ստացած բուժաշխատող, որը պետք է տվյալներ հավաքագրեր հասակի, քաշի և սակավարյունության մակարդակի վերաբերյալ:
Կանանց և մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունության մակարդակն ստուգելը եղել է այդ հետազոտության բաղադրիչներից մեկը: Այն որոշվել է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը չափելով, ինչի համար «Հեմոքյու» սարքի միջոցով մատից արյուն են վերցրել:
2000 թ. հեմոգլոբինը չափել են 1334 երեխայի մոտ: Նրանցից 24 տոկոսի (այսինքն` 320 հոգու) մոտ գրանցվել է սակավարյունություն: 15-49 տարեկան 6137 կանանցից 12,4 տոկոսի (761 հոգու) մոտ նույնպես հայտնաբերվել է սակավարյունություն:
2005-ին սակավարյունություն է ունեցել ստուգված 1106 երեխաներից 36,5 տոկոսը (404 հոգի): 6080 կանանցից էլ` 24,6 տոկոսը (1496 հոգի):
Եթե նախորդ երկու հետազոտություններում որպես առանձին բաղադրիչ կարող ենք գտնել սակավարյունության տարածվածության արդյունքները, ապա 2010-ին դրանք բացակայում են:
Հատկանշական է, որ վերը նշված անձինք` Սերգեյ Խաչատրյանն ու Կարինե Սարիբեկյանը, մասնակցություն են ունեցել այս հետազոտություններում: 2010-ին երկուսն էլ եղել են ծրագրի բժշկական հարցերով ազգային տնօրեններ: Սարիբեկյանը նաև մասնակցել է 2000, 2005 թթ. ծրագրերին, ընդ որում` 2000-ին եղել է ծրագրի բժշկական տնօրեն:
Թե ինչու 2010-ին չի կատարվել հեմոգլոբինի չափում, փոխնախարար Խաչատրյանն ասում է, որ այդ տարի USAID-ի ֆինանսավորումը չի բավականացրել: Ըստ նրա` USAID-ն այդ նպատակով դիմել էր ՅՈւՆԻՍԵՖ-ին, սակայն վերջինս նույնպես չի կարողացել հովանավորել:
Փոխնախարարը չի համաձայնում, որ իրենք հին, վաղեմություն ունեցող ցուցանիշներով են կառուցել օրինագիծը. «2005-ը հին տվյալ չէ: Մենք ոչ մի միջոցառում չենք իրականացրել հանրության մեջ սակավարյունությունն իջեցնելու նպատակով, անհնար է, որ իջնի. դա մեկ, որովհետև գիտականորեն ապացուցված է՝ երկու խոշոր հետազոտությունները խոսում են այդ մասին: Երկրորդ՝ 2010 թ. արված հետազոտության ժամանակ կան որոշ ցուցանիշներ, օրինակ, անհաս երեխաներ, զարգացման արատներ, որոնք անմիջականորեն խոսում են այդ նույն երևույթի մասին (նկատի ունի սակավարյունությունը- հեղ.)»:
Նկատենք, որ 2010-ի հետազոտության մասնակից մայրերին հարցրել են, թե արդյոք վերջին 1 օրվա, շաբաթվա ու 6 ամսվա ընթացքում երեխան ստացել է երկաթով ու վիտամին A-ով հարուստ սնունդ: Սակայն դժվար է ասել, թե նման հարցումից կոնկրետ եզրակացություն անելը որքանով է ճիշտ:
Փոխնախարար Խաչատրյանը «չգիտի», թե որքան գումար է ստացել ԱՆ-ն
Փոխնախարարը նաև նշում է, որ նշյալ 3 հետազոտությունների համար նախարարությունը ոչ մի ֆինասնավորում, դրամաշնորհ չի ստացել ՅՈւՆԻՍԵՖ-ից: Իսկ հարցին, թե որքան է եղել USAID-ի ֆինանսավորումը, հավելում է. «Չեմ կարող ասել, չգիտեմ, մենք մասնակցում ենք որպես նախարարություն և վիճծառայությունը: Ինչ-որ աշխատանքի համար որոշ վճարումներ եղել են, բայց ընդհանուր հետազոտության համար չի եղել»: Խաչատրյանը, շեշտենք, 2010-ին բժշկական հարցերով ազգային տնօրեն էր ու այդ տարվա նոյեմբերին նշանակվել էր փոխնախարար, այնպես որ չէր կարող տեղյակ չլինել ֆինանսավորման չափից: Ավելին` 2010-ի զեկույցում «Խոսք երախտիքի» վերնագրով առանձին բաժին է նվիրվել աջակիցներին, առաջնահերթ` Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակին` «ՀԺԱՀՀ 2010-ի կազմակերպման նպատակով անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»:
Պրեմիքսները կբերվեն Կոպենհագենի պահեստից
Ս. Խաչատրյանը նշում է, որ ինքը ալյուրի հարստացման ծրագրում ռիսկեր չի տեսնում, թերություն չկա, որ դա հանրության առողջության համար կարևորագույն ծրագրերից է: Նա ասում է, որ իրականում սակավարյունությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Իսկ թե ինչու են պարտադրում հանրությանն այդ ծրագիրը, ալյուր արտադրողների 85 տոկոսին ներգրավվելով դրանում, փոխնախարարի խոսքով՝ 85 տոկոսը նվազագույն թիվն է, որ կարող են ներառել ծրագրում: Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որ 100 տոկոսով հարստացնեին ալյուրը, քանի որ դա միայն հանրության առողջության համար է արվում:
Փոխնախարարին հարցրեցինք, թե որ երկրներից, որ ընկերություններից են ձեռք բերելու հավելանյութերը, ինչ չափաքանակով են դրանք ավելացվելու ալյուրի մեջ: Նա դժվարացավ նշել կոնկրետ չափաքանակները, բայցև ավելացրեց, որ ալյուրի մեջ երկաթի ու ֆոլաթթվի պարունակությունը պետք է քննարկվի ԵՏՄ գործընկերների հետ (ԱՆ-ն հավաստիացնում է, որ նախատեսում է ավելացնել միայն երկաթ ու ֆոլաթթու, չնայած արդեն գրել ենք, որ այս ծրագրի նախաձեռնության կայքում՝ Հայաստանի բաժնում, նշված էր նաև ցինկը): Այս պահին ԵՏՄ երկրներից միայն Ղազախստանում են պարտադիր կերպով հարստացնում ալյուրը, իսկ Ռուսաստանում, Բելառուսում նման կարգ չկա:
Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերն ու պրեմիքսները պահեստավորում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: «Դրանք հազարավոր քառակուսի մետրեր են, որտեղ իրենք ձեռք են բերում իրենց գնումների համակարգով վակցինաներ, նյութեր, պարագաներ, այդ թվում նաև` պրեմիքսներ: ՅՈւՆԻՍԵՖ-ը հսկայական զեղչերով դրանք ձեռք է բերում արտադրողներից և այդ նույն գնով տալիս է երկրներին: Մենք մեր վակցինաները նույնպես ձեռք ենք բերում ՅՈւՆԻՍԵՖ-ից»:
Դեկտեմբերի 21-22-ին ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությունը սեմինար էր կազմակերպել լրագրողների համար: ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը, սեմինարում իր ելույթի ժամանակ խոսելով հարստացված ալյուրի մասին, նշեց Հայաստանում աղի պարտադիր յոդացման հաջողված փորձը: Նրա կարծիքով՝ այդ ծրագիրը լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը: Սակայն իրականությունը խոսում է հակառակի մասին, ինչին մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք:
ԱՆ-ն օրինագծում չի նշել սակավարյունության իր ունեցած ցուցանիշները
Ինչպես նշվեց, ալյուրի հարստացման մասին օրինագծում հիմք են ընդունվել ՀԺԱՀՀ-2005-ի տվյալները: Սակայն առողջապահության նախարարությունը նույնպես ունի մի շարք թվեր, որոնք չեն հիշատակված օրենքի նախագծում, փոխարենը 2005-ի հետազոտության տվյալներին հղում անելով, նշում է, որ, օրինակ, այդ տարի հղիների մոտ եղել է 39 տոկոս սակավարյունություն: Իհարկե, ԱՆ-ն չի ասում, թե քանի հոգու տվյալներով է որոշվել այս 39 տոկոսը: Պարզաբանենք. 2005-ի հետազոտությանը մասնակցել է ընդամենը 176 հղի, որոնցից 39 տոկոսի կամ 68-ի մոտ սակավարյունություն է հայտնաբերվել: Եվ այսօր օրինագծի ջատագովները 68 հոգու 9 տարվա վաղեմության տվյալները բերում են իբրև ալյուրի հարստացման անհրաժեշտության հիմքերից մեկը:
Բերենք ԱՆ-ի՝ այս տարի հրապարակված տարեգրքի տվյալները անցած տարիներին հղիների սակավարյունության վերաբերյալ:
Տոկոսները, ինչպես երևում է, շատ ավելի փոքր են, քան օրինագծում ներկայացվածը: Ինչո՞ւ է ԱՆ-ն նախընտրել ոչ իր սեփական ցուցանիշները, այլ ընտրանքային հետազոտությունը: Նախարար Մուրադյանն ասում է, որ իրենք հիմնվել են ոչ թե հիվանդացության, այլ տարածվության թվերի վրա:
Հիվանդացությունը կոնկրետ ժամանակահատվածում գրանցված հիվանդանալու դեպքերի թիվն է (կարող է արտահայտվել բացարձակ թվով կամ հարաբերական, օրինակ՝ 100.000 մարդու հաշվով): Ասենք՝ ՁԻԱՀ-ով հիվանդանալու դեպքերի թիվը 2014 թ. ընթացքում:
Տարածվածությունը որոշակի պահի տվյալ հիվանդությունն ունեցողների ընդհանուր թիվն է (կարող է արտահայտվել բացարձակ թվով կամ տոկոսով): Օրինակ՝ ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը 2014 թ. վերջում:
Ստացվում է, որ ԱՆ-ն նախընտրել է հիմնվել 9 տարվա (շուտով՝ 10) հնության տվյալների վրա, որոնք վերցված են ընտրանքային հետազոտությունից, չնայած կարող էր հաշվի առնել ընթացիկ միտումները, որոնք արտահայտվում են հիվանդացության ցուցանիշներով ամեն տարի: Նույն հղիների մասով ասենք, որ ԱՆ-ի տվյալները բացարձակ թվեր են՝ հավաքագրված առողջապահության ոլորտից, իսկ 2005-ի հետազոտությունը զուտ տոկոսային է՝ հարաբերական՝ հիմնված փոքր խմբի ցուցանիշների վրա:
Ինչպես վերը նշեցինք, 2005-ի հետազոտության ժամանակ սակավարյունություն է ունեցել ստուգված 1106 երեխաներից 36,5 տոկոսը (404 հոգի): 6080 կանանցից էլ` 24,6 տոկոսը (1496 հոգի): ՀԺԱՀՀ-2005-ում Հայաստանի ընդհանուր բնակչության թիվը ներկայացված է 2001-ի մարդահամարի տվյալներով՝ 3,2 մլն: Ստացվում է, որ ալյուրի հարստացման օրինագծի հիմքում դրվել են 7186 քաղաքացու կամ բնակչության 0,2 տոկոսի ցուցանիշները:
ԱՆ-ի կազմակերպած սեմինարի մասնակիցներից արյունաբան Երվանդ Հակոբյանի խոսքով՝ ալյուրի հարստացումը նպատակ ունի կանխարգելել որոշակի խմբերի մոտ անեմիայի (սակավարյունության) առաջացումը, ինչի խորացումն իրենք տեսնում են կլինիկաներում: Հարցին, թե բացի 2005-ի հետազոտությունից, կան արդյոք այլ ցուցանիշներ ՀՀ-ում սակավարյունության վերաբերյալ, նա ասում է. «Դուք շատ եք շեշտը դնում, որ 2005 թ.-ին է արվել, բայց երբ ինչ-որ տեղ լավ հետազոտություն է լինում ավելի մեծ մասշտաբներով, այդ տվյալները կարող են օգտագործվել: Ես արյունաբան եմ, բուժում եմ լեյկոզով հիվանդների և ամեն մի հիվանդության համար չեմ կարող հետազոտություն անել Հայաստանում ու չեմ էլ անում: Ես բուժում եմ այն ծրագրերով, որոնք եվրոպական, ամերիկյան երկրներում ապացուցվել են և արդյունավետություն ունեն»: Հակոբյանը հավելում է, որ ինքն ունի սակավարյունության ցուցանիշներ, որոնք ավելի բարձր են մեծահասակների, հղիների, խրոնիկ հիվանդների մոտ, բայց թվեր չի կարող ասել:
Քայքայվող ֆոլաթթվի մասին լռում են
Առողջապահության նախարարության պաշտոնյաներն ու ալյուրի հարստացման կողմնակիցները լռում են ավելացվելիք ֆոլաթթվի արդյունավետության մասին: Բանն այն է, որ ֆոլաթթուն կամ B9 վիտամինը ջերմային մշակման ժամանակ քայքայվում է 50-90 տոկոսով: Մասնավորապես, բանջարեղենի ու մսի եփման ժամանակ ֆոլաթթվի կորուստը 70-90 տոկոս է, միսը տապակելիս՝ 95 տոկոս, ձու խաշելիս՝ 50 տոկոս: Հացաթխման պրոցեսում, երբ խմորը եփվում է, ֆոլաթթվի էական կորուստն անխուսափելի է: Այսինքն՝ ֆոլաթթվով ալյուրի հարստացումը ինչ-որ առումով նման է աղի յոդացմանը:
Առողջ մարդու օրգանիզմում կա 5-20 մգ ֆոլաթթու: Ֆոլաթթվի՝ հասուն մարդու օրական չափաբաժինը 0,4 մգ է, իսկ հղիների ու կերակրող մայրերի դեպքում՝ մինչև 0,8 մգ: Սակայն սուր դեֆիցիտի դեպքում կնոջ օրապահանջը կտրուկ աճում է և կարող է հասնել մինչև 5 մգ-ի: Բժշկի դեղատոմսով հատկապես հղիության ու կերակրելու շրջանում կանայք ընդունում են հաբեր՝ վիտամինային կոմպլեքսներ, որոնց մեջ կա ֆոլաթթու: Տարբեր հաբեր ունեն տարբեր դոզաներ:
Ֆոլաթթուն պարունակվում է շատ մթերքներում: Բուսատեսակներից՝ հատկապես ընդավորներում, իսկ կենդանական ծագման մթերքից՝ լյարդում: Քանի որ տարբեր աղյուսակներում ֆոլաթթվի պարունակության թվերը խիստ տարբեր են, ներկայացնում ենք միայն դրանց անունները: Եթե հաշվի առնենք ջերմային պատրաստման ժամանակ ֆոլաթթվի կորուստները, կարող ենք փաստել, որ լավագույն տարբերակը թարմ բանջարեղեն շատ օգտագործելն է:
Ինչ վերաբերում է երկաթին, որի քանակությունը առողջ մարդու օրգանիզմում 4-5 գր է, պետք է ասել, որ այս տարրի օրապահանջը տարբեր է. եթե հասուն տղամարդուն անհրաժեշտ է 10 մգ, ապա կնոջը՝ 20 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝ 30-35 մգ, երեխաներին՝ մինչև 18 մգ: Երկաթի տոքսիկ չափը օրական 200 մգ-ն է, իսկ մահաբերը՝ 3-35 գ-ն (տարբեր է՝ կախված տարիքից, քաշից, սեռից):
Երկաթը նույնպես պարունակվում է թե բուսական, թե կենդանական ծագման մթերքներում: Եթե բուսականներից առավել օգտակար են տարբեր չրերը, կաղամբի տեսակները, կանաչիներն ու շոկոլադը, ապա կենդանականներից առաջատարը կարմիր միսն է ու լյարդը:
Ի մի բերելով ասենք, որ ալյուրը չհարստացնող եվրոպական երկրների ու Հայաստանի գլխավոր տարբերությունն այս հարցում, ըստ էության, կենսամակարդակն է: Առողջ ապրելակերպ ու կարգին սննդակարգ ունեցող բնակչությունը ալյուրի հարստացման կարիք չի ունենա: Իսկ եվրոպացիների ու ամերիկացիների տարբերությունը, թերեւս, ոչ թե կենսամակարդակի, այլ կենսակերպի, առողջ ու տարբեր հավելանյութերից զերծ սննդի մեջ է:
Օրինագծի ընդունումից հետո ՀՀ ԱՆ-ն, ՅՈւՆԻՍԵՖ-ն ու USAID-ն գուցե մի հետազոտություն էլ անեն սակավարյունության վերաբերյալ: Եվ չի բացառվում, որ ալյուրի հարստացումից մեկ տարի անց նրանք Հայաստանը ճանաչեն երկաթի ու ֆոլաթթվի դեֆիցիտը հաղթահարած երկիր, ինչպես ժամանակին եղավ յոդի պարագայում՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Շարունակելի
Գլխավոր նկարում` փոխնախարար Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Մուրադյանը
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել