
Ինչու՞ է Շնողի ամբաստանյալ նախկին գյուղապետը «ենթարկվել» ավագանու որոշմանը
Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա մարտին մեկնարկել է ընդամենը 4 դրվագով:
Հ. Քոչինյանի` ենթադրյալ խոշոր չափերի յուրացման դրվագների մեծ մասը Լոռու մարզի դատախազությունը փակել է ապացույցներ չլինելու պատճառով: «Թումանյանի քննչական բաժնից ինձ հայտնել են, որ ժամանակի մեջ չեն տեղավորվում և 4 դրվագներով ավարտած քրգործ են ուղարկում դատարան, մնացածների նախաքննությունը շարունակվելու է»,- ասում է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը, ով քրգործում ներգրավված է որպես տուժողի ներկայացուցիչ: Վերջինիս պաշտպան, փաստաբան Աշոտ Սաֆարյանի ասելով` եթե օբյեկտիվ քննություն կատարվեր, ապա Հայկազ Քոչինյանի դեմ այսօր դատարանում կլինեին ոչ թե 4, այլ բազմադրվագ մեղադրանքեր:
Պաշտպանը փաստեց, որ դատարան ներկայացված մեղադրականում որևէ խոսք չկա Շնողի` Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի, գյուղի գերեզմանատան բարեկարգման, ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների բետոնապատման և Հ. Քոչինյանի այլ խոշոր յուրացումների մասին: Չնայած նախաքննության մարմինը գյուղապետ Հովիկ Սահակյանին հայտնել է, որ գործից մաս է անջատվել, և առանձին քննություն է գնում, բայց տուժող կողմին այդպես էլ պարզ չէ, թե քրգործից որ մասն է անջատվել, որ էպիզոդներն են դեռևս քննության ենթակա, որ էպիզոդներն են ընդհանրապես դուրս մնացել:
«Նախաքննության նյութերով Շնողի երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Խառատյանի կողմից համայնքի բյուջետային միջոցները տնօրինվել են ապօրինաբար: Չձևակերպված աշխատողների աշխատավարձ է վճարվել: Աշխատավարձի ցուցակներում կատարվել են ստորագության կեղծիքներ, երկու տարով Թուրքիա մեկնած աշխատողի ազգանուն է պահպանել աշխատավարձի ցուցակում, որ ստաժը չկորչի»,- հայտնեց Աշոտ Սաֆարյանը: Ըստ վերջինիս` երաժշտական դպրոցի տնօրենը և աշխատողները նախաքննական մարմնին գրավոր դիմում են գրել և խնդրել են Խառատյանի դեմ չկիրառել քրեական հետապնդում: Հիմք ընդունելով զուտ այդ դիմումը` նախաքննական մարմինը դադարեցրել է քրեական հետապնդումը: «Ընդ որում` մենք հստակ դիրքորոշում ունենք, որ այդ դիմումը թելադրել է հենց քննիչը»,- ասում է Ա. Սաֆարյանը:
Պաշտպանը կասկածներ հայտնեց նաև դատավոր Աղասի Մկոյանի դատավարական օբյեկտիվության վերաբերյալ. «Դատավոր Մկոյանի կողմից չի պահպանվում դատավարության կողմերի հավասարությունը: Եթե կողմը ապացույց է ներկայացնում դատարանին, պարտավոր է դրա մեկ օրինակը ներկայացնել նաև տուժող կողմին: Դատավորի թողտվությամբ ամբաստանյալ Հայկազ Քոչինյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը դա մեզ ընդհանրապես չի տրամադրում»,- ասում է Ա. Սաֆարյանը: Փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարանում իր պաշտպանական մարտավարությամբ փորձում է ապացուցել, որ նախաքննող մարմնի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը սխալ է հասցեագրվել, քանի որ, ըստ նրա, համայնքի բյուջեի պատասխանատուն ոչ թե համայնքապետը, այլ ավագանին է: Բանն այն է, որ Հայկազ Քոչինյանը 2007 թ.-ին անսարք և մինչև օրս գյուղապետարանին չծառայած «Մերսեդես Բենց-S-500» մակնիշի ավտոմեքենան 4.9 մլն դրամով իր որդուց` Էդգար Քոչինյանից, գնել է Շնողի համայնքի ավագանու որոշմամբ:
Պաշտպան Ոսկանյանի տրամաբանությամբ` եթե Շնողի ավագանին որոշել է, որ Հայկազ Քոչինյանը «Մերսեդես Բենց» անսարք մեքենան որդուց պետք է գնի 4,9 մլն դրամով, Հայկազ Քոչինյանը չէր կարող չկատարել ավագանու որոշումը:
Դեկտեմբերի 22-ի դատական նիստում Ա. Ոսկանյանը մի քանի անգամ Հովիկ Սահակյանին հարցրեց. «Որպես համայնքի ղեկավար իրավունք ունե՞ք չկատարել համայնքի ավագանու որոշումը»: «Ես կարող եմ համաձայն չլինել այդ որոշման հետ և չընդունել որոշումը` հիմնավորելով: Կարող է և ավագանին այնպիսի որոշում կայացնի, որ իրավական հետևանքեր առաջացնի: Ես պետք է կատարե՞մ նրա որոշումը»,- պատասխանեց Հ. Սահակյանը: «Եթե ավագանին որոշում է, որ բյուջեի միջոցներով համայնքի փողոցները պետք է ասֆալտապատվեն, չե՞ք կատարելու այդ որոշումը»,- կրկին գործող գյուղապետին հարցրեց Արտակ Ոսկանյանը:
Տուժող կողմը, սակայն, Ա. Ոսկանյանին չհարցրեց, որ եթե իր պաշտպանյալը ավագնու որոշման պատճառով որդու ավտոմեքենան ճարահատյալ է գնել, ինչու օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ավագանու նիստ չի հրավիրել և առարկել որոշմանը կամ ինչու այն չի բողոքարկել դատական կարգով: Այնուհետև դուրս գալով քրեական գործի շրջանակներից` Արտակ Ոսկանյանը սկսեց պարզել Հովիկ Սահակյանի իմացությունը մրցույթի և աճուրդի տարբերության շուրջ, տուժողի ներկայացուցչին սկսեց հարցաքննել, թե որ իրավունքով է գյուղապետարանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնում Երևան և ինչ գործերով է գնում Երևան: «Հարգելի դատարան, սկզբունքորեն տուժողի իրավահաջորդին ուղղված հարցերը մեղադրանքի հետ հետ հեչ կապ չունեն»,- մի քանի անգամ դատավորին բողոքեց մեղադրող Մ. Մովսիսյանը: Դատավոր Ա. Մկոյանը այդպես էլ չընդհատեց պաշտպան Արտակ Ոսկանյանին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել