
Սուրիկ Խաչատրյանի hէկն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի զբոսաշրջային ծրագրի
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Տաթևի անապատ» ընկերության կառուցած հէկը կարող է վտանգել Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագիրը: Հէկի խողովակները և ենթակառուցվածքային շինությունները գտնվում են Սյունիքի մարզի Տանձատափ և Տաթև համայնքներում, որոնք Տաթևի զարգացման զբոսաշրջային ծրագրի տարածքներում են:
«Հետքի» աղբյուրը տեղեկացրել է, որ IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Սուրիկ Խաչատրյանի հէկի կառուցումը կանխելու համար հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին հարցրել էինք, թե արդյոք «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի նախաձեռնած «Անապատ-1» փհէկի կառուցումը որևէ ձևով առնչվում է «Տաթևի թևեր» զբոսաշրջային զարգացման ծրագրում ընդգրկված ենթակառուցվածքներին կամ տարածքներին: Եթե այո, ապա արդյոք նշված հէկի շահագործումը կարո՞ղ է վտանգել կամ խաթարել «Տաթևի թևերի» բնականոն աշխատանքը, խոչընդոտ հանդիսանալ զբոսաշրջիկների հետագա հոսքի ներգրավման համար, աղավաղել զբոսաշրջային վայրի տեսքը և գրավչությունը:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը պատասխանել է. ««Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը նշված էներգետիկ ծրագրի հետ կապված քննարկումներ է ունեցել տարբեր պետական մարմիններում: Հարցը քննարկվել է նաեւ տարածաշրջանում «ազգային պարկի» ստեղծման ծրագրի համատեքստում, որը նախատեսվում է իրականացնել միջազգային կազմակերպությունների հետ համատեղ: Հուսով ենք, որ բոլոր այս քննարկումները կհանգեցնեն այնպիսի լուծումների, որոնք թույլ կտան լիարժեքորեն իրականացնել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերը»:
Ինչպես արդեն նշել ենք, «Տաթևի անապատը» արդեն իսկ իրականացրել է խողովակների անցկացման և կայանների կառուցման աշխատանքները, և բնապահպանական փորձաքննության է ներկայացվել նոր՝ վերափոխված նախագիծ, որում փոփոխվել է միայն վերին նիշը՝ նախկին 1527 մ բարձրության կայանն իջեցվելու է 1305 մ-ի:
Իսկ դա նշանակում է, որ հիմնադրամի պատասխանում նշված քննարկումներն էական արդյունքներ չեն ունեցել՝ բացի նիշերի փոփոխությունից: Սուրիկ Խաչատրյանին, այնուամենայնիվ, տրվել է թույլտվություն՝ իր հէկը կառուցելու համար «ձախողել» Տաթևի զբոսաշրջային զարգացման ծրագիրը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել