
Որևէ պաշտոնյա ներողություն չի խնդրել քաղաքացիների խախտված իրավունքների համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև վերջերս՝ նոյեմբերի 13-ին, ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի կայացրած 3 վճիռներին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պետական կարիքների դիմաց իրացված ներկայիս Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին, որով երեք ընտանիքներին միասին Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճարել 160.000 եվրո:
«Մենք դեմ չենք եղել բնակարաններ ստանալ». Սեդրակ Բաղդասարյան
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ով հրավիրված չէր համաժողովին և պատահաբար էր իմացել դրա մասին, ասաց, որ եկել է իր՝ «Բաղդասարյանն ու Զարիկյանցներն ընդդեմ ՀՀ-ի» գործով պարզաբանումներ տալու:
Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ 2011թ. նոյեմբերին իրենց հետ կոմունիկացիայից հետո ԵԴ-ն որոշում էր կայացրել 3 ընտանիքներին տալ բնակարան: «Մենք դեմ չենք եղել բնակարաններ ստանալ: Սակայն 2012թ. իմ ներկայացուցիչը նամակով դիմել է Գևորգ Կոստանյանին, թե ինչպես պիտի ստանանք այդ բնակարանները, սակայն առ այսօր նամակի պատասխանը չենք ստացել: Նախկին ԱՆ փոխնախարար Ռուբեն Մելիքյանն էլ բանավոր հայտարարեց, որ կառուցապատողի տված փոխհատուցումը ետ պիտի վերադարձնենք: Մենք դիմեցինք կադաստր և ստացանք տեղեկանք, որ մեզ տրվելիք բնակարանները վաճառված են, ունեն այլ սեփականատերեր»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:
Ի՞նչ է առաջարկել կառավարությունը պետության կարիքներից տուժածներին
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ցանկացել են բարեկամական կարգավորման գալ, այնինչ երեք ընտանիքները չեն համաձայնել:
«Կառավարությունը 55 քմ մետր վերցված տան դիմաց առաջարկել է 3 ընտանիքներին Բուզանդ-Կողբացի խաչմերուկում բնակարան 140 քմ մակերեսով և մինչև այդ շենքի շահագործման հանձնվելը ամսական 120.000 դրամ վարձ՝ բնակարան վարձելու համար: Բայց այդ առաջարկը մերժել են նրանք»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ ևս մեկ առաջարկ է արվել կառավարության կողմից՝ տրամադրել 117 քմ մակերեսով բնակարաններ Ամիրյան փողոցում: «Երբ հաշտության չենք հանգում, կառավարությունն անում է միակողմանի հայտարարություն: ՄԻԵԴ-ը ասում է, որ կառուցապատողի տված նախկին փոխհատուցումը՝ 23.000 եվրոն, պիտի մնա դիմումատուներին: Էստեղ մենք արդեն դեմ ենք լինում և առաջարկում, որ վերսկսվի գործի քննությունը: Մենք գտնում ենք, որ դա կլինի ոչ արդարացի: Այդ դեպքում դատարանն ասում է, որ ես կսահմանեմ՝ որն է արդարացի, սահմանեց 44.000 եվրո»,-ասաց Գևորգ Կոստանյանը՝ հորդորելով լրագրողներին տալ 3 գործերի մասին տեղեկանքներ: Դրանք տեղադրված են նաև Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Գլխավոր դատախազը չանդրադարձավ քաղաքացու հարցին, թե մինչ օրս չեն ստացել իրեն հասցեագրված նամակի պատասխանը: Ահա այն նամակը, որը 2012թ. փետրվարին Սեդրակ Բաղդասարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը հասցեագրել է Գևորգ Կոստանյանին: Նամակով փաստաբանը ցանկացել է տեղեկանալ, թե ինչպես կարող է իր ներկայացուցիչը 3 ամսվա ընթացքում ստանալ ԵԴ 2011թ. նոյեմբերին կայացրած որոշմամբ արձանագրված բնակարանը ստանալ:
ԱՆ նախկին փոխնախարար, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը «Հետքին» տված հարցազրույցում պարզաբանեց, թե ինչու է Բաղդասարյանին ասել՝ ետ վերադարձրեք կառուցապատողի փոխհատուցած գումարը. «Ամենևին Արդարադատության նախարարը պարտավոր չէր հանդիպում կազմակերպել: Ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ հրավիրել նրանց: Այն, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ չկար փոխհատուցումը ետ վերադարձնելու նշում դա մեկնաբանման խնդիր էր:
Մենք տալիս ենք փոխհատուցում, դա նշանակում է, որ այլ փոխհատուցումն իր ուժը կորցնում է: Սա մեր մեկնաբանությունն էր: Հաշվի առնելով պետական պաշտոնյայի զսպվածության գործոնը՝ ես ուղղակի ձեռնպահ եմ մնում մեկնաբանել պարոն Բաղդասարյանի հայտարարությունը»:
Հարցին, թե կառավարության կողմից տրվելիք բնակարանների վաճառված լինելու հանգամանքը ինչպես է մեկնաբանում Ռուբեն Մելիքյանը, վերջինը նշեց. «Ես հավաստիացրել եմ, որ այդ բնակարանները կան: Երբ ներկայացվել են, հնարավոր է գնված եղել են, բայց կողքի
բնակարանները ևս նույն քառակուսիներով էին և կային, ես անձամբ եմ տեսել: Մարդիկ չգիտեմ ինչ պատճառներով ունեցել են ակնկալիք ստանալու հսկայական գումար: Բայց արդեն կար այս գործերով նախադեպ, թե ինչքան է սահմանում ԵԴ-ն»:
Քաղաքացիներին առաջարկել են արդեն վաճառված բնակարաններ
«Հետքի» հարցերին պատասխանելով՝ Սեդրակ Բաղդասարյանը նշեց. «Միայն ես չեմ, երեք ընտանիք: Սեդրակն էր, գիժ էր, բան չէր հասկանում: Բա, մյուսները ինչո՞ւ չէին վերցնում կառավարության առաջարկած բնակարանները: Առաջարկում էին 140 քմ մակերեսով բնակարան, համաձայնվել ենք, բայց ասել՝ ինչո՞ւ մեր տան տեղում պատրաստի շենքից չեք տալիս, այլ մի չիրացված տարածքից, որտեղ դեռ շենքի փոս էլ փորված չկա: Շենքը պիտի պատրաստ լիներ 2010-ին, չնայած 2013-ին հանձնվեց շահագործման: Բացի այդ դարձյալ ետ էին ուզում մեզ տրված 23.000 դոլարի փոխհատուցված գումարը: Մենք ասացինք՝ ինչու եք ուզում տալ ուրիշ ենթադրյալ շենքում, այն դեպքում, երբ մեր տան տեղում արդեն պատրաստի շենքը կար: Ինչու մենք ևս մի քանի տարի պիտի ապրենք վարձով: Հետո առաջակեցին 117 քմ մակերեսով բնակարաններ (63, 31, 40 բնակարանները): Նորից համաձայն եմ եղել, բայց հետո պարզել ենք որ մեզ արդեն վաճառված բնակարաններ են տալիս: Գնացել- տեսել ենք իրենց առաջարկած բնակարանները Ամիրյանի 4/6 շենքում ՝ բետոնից հատակով, նույնիսկ հոսանք դեռ չկար: Ասացի 31 համարի բնակարանը կարո՞ղ եք բացել, այն, որը ինձ պիտի տային, ըստ ԵԴ ուղարկված նյութերի: «Գրիարի» ներկայացուցիչը պատասխանեց, որ դա վաճառված է: Քիչ անց տեսա մի մարդ դուրս եկավ 31 բնակարանից, դուռը փակեց ու գնաց: Մեզ տիպարային բնակարան էին ցույց տալիս՝ ասելով, որ մյուսները նույնատիպ են: Մենք կասկածեցինք, բայց համաձայնեցիք: Եղավ որոշումը՝ տալ բնակարան: Փոխարենը լսեցի՝ փող տվեք, բնակարանը տանք»:
Սեդրակ Բաղդասարյանը շեշտեց, որ պետությունը խախտել է իրենց իրավունքները, ինչը հաստատել է և՛ Սահմանադրական դատարանը և՛ ԵԴ-ն. «Սակայն առ այսօր ներողություն չեն խնդրել: Գոնե ասեին՝ կներեք, որ Ձեզ ինը տարի գցել ենք փողոցները, կներեք, որ Ձեր երեխաները մանկություն չունեցան: 2015 թ-ին լրանում է հայոց Ցեղասպանության 100 տարին, որ թուրքերը մորթեցին միլիոն ու կես հայ: Հիմնական նպատակներից էր տիրանալ հայի գույքին: Նույնը կրկնվում է ՀՀ-ում, որը կատարում է պետական ապարատը իր ժողովրդի նատմամբ»:
Մեկնաբանել