
Բժշկական համալսարանը շրջանցել է ուսանողների հետ կնքած պայմանագիրը. ինչպե՞ս է տնօրինվել 16 միլիոն դրամը
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսին, կառավարության որոշմամբ, հատկացված է 54 անվճար տեղ: Այս տարի, սակայն, ուսանողներին բաշխվել է միայն 29-ը: Կրթության ոլորտը կարգավորող օրենքները, կառավարության որոշումները և ուսանողների հետ կնքած պայմանագիրը պարտադրում են բաշխել թափուր մնացած տեղերը: Սակայն բուհը խնայել է մոտ 16 միլիոն դրամը` 21 ուսանողների մեկ տարվա վարձավճարը: Կրթության նախարարությունը չի պատասխանում, թե ինչպես է տնօրինվել այդ գումարը:
Ռոտացիայի մրցույթի ավարտից հետո չորրորդ կուրսեցիները գրավոր դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ անվճար տեղերն իրենց բաշխելու համար: Դիմումի տակ ստորագրել է կուրսից 99 հոգի:
Դիմումը բավարարվելու դեպքում միայն 21 հոգի պետք է սովորեր անվճար համակարգում: Մնացածը ստորագրել են` ընկերներին աջակցելու համար:
Ուսանողներին գրավոր պատասխանել է կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը` տեղեկացնելով, թե դիմումը քննարկվել է համալսարանի հետ, իսկ անվճար տեղերից ուսանողներին զրկելու հիմքը բուհի` 2013թ. նոյեմբերի 27-ի որոշումն է, համաձայն որի` ակադեմիական պարտք ունեցող ուսանողը իրավունք չունի մասնակցելու ռոտացիայի մրցույթին:
«Ուսման վարձի փոխհատուցման նպաստի համակարգում ընդգրկվելու համար (վճարովի համակարգից անվճար համակարգ անցնելը և հակառակը` «ռոտացիա») ուսանողը պարտավոր է ուսումնական ծրագրով սահմանված ստուգարքները և քննությունները հանձնել միայն քննաշրջանի ընթացքում: Մարման շրջաններում ստուգարքներ և քննություններ հանձնած ուսանողը չի մասնակցում ուսման վարձի փոխհատուցման նպաստի մրցույթին»: Սա բուհի որոշման 24-րդ կետն է, որը հիմք ընդունելով` ուսանողներին զրկել են անվճար տեղերից:
Բուհի գիտխորհրդի որոշումը հակասում է օրենքին, կառավարության որոշմանը և ուսանողների հետ կնքած պայմանագրին
Բժշկական համալասարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Հետքի» հարցման պատասխանում մի քանի անգամ ընդգծել է «բարձր առաջադիմություն» բառակապակցությունը` նշելով, որ միայն «բարձր առաջադիմություն» ունեցող ուսանողները կարող են մասնակցել ուսման վճարի փոխհատուցման մրցույթին:
Միևնույն ժամանակ գրել է, որ «բարձր առաջադիմություն» եզրույթը սահմանված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, Կառավարության 1183-Ն որոշմամբ և ԵՊԲՀ իրավական ակտերով: Եվ քանի որ ուսանողները չեն ունեցել բարձր առաջադիմություն, համալսարանը զրկել է նրանց մրցույթին մասնակցելու հնարավորությունից:
Նշենք, որ «Բարձր առաջադիմություն» եզրույթը սահմանված չէ ո́չ օրենքում, ո́չ էլ որոշման մեջ: Համալսարանի իրավաբան Մելիք Սողոմոնյանը, ով պատրաստել էր պատասխանը, զրույցի ընթացքում հաստատեց, որ եզրույթը սահմանված է միայն համալսարանի որոշման մեջ: «Օրենքը չի սահմանել, դրա համար էլ բուհն է սահմանել»,- ասաց իրավաբանը` ավելացնելով, որ բուհն այդ իրավասությունն ունի:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» մասին օրենքի 6-րդ հոդվածով` սահմանվում է բուհերի ինքնավարության, իրավասության և ակադեմիական ազատությունների շրջանակը: Դրանց մեջ չի մտնում ուսանողների` ուսման վարձի փոխհատուցման կարգը սահմանելը:
Միևնույն ժամանակ, օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու կարգը սահմանում է կառավարությունը:
Կառավարության 2006թ. հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ սահմանվել է այդ կարգը: Որևէ խոսք չկա այն մասին, որ ակադեմիական պարտք ունեցող ուսանողն իրավունք չունի մասնակցելու ռոտացիայի մրցույթին:
Որոշման 4-րդ կետը կարգավորում է ուսման վճարի լրիվ փոխհատուցման, ուսման վճարի մասնակի փոխհատուցման (զեղչեր) և պետական կրթաթոշակի տրամադրման կարգերը: Ուսման վճարի լրիվ փոխհատուցմանը վերաբերող հատվածում կարդում ենք. «Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:
Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով»:
Այսինքն` օրենքը պարատավորեցնում է բուհի ղեկավարությանը համեմատել ուսանողներին և ընտրել առավել բարձր առաջադիմություն ունեցողներին: Թե ինչ է բարձր աջադիմությունը, օրենքում և կառավարության որոշման մեջ սահմանված չէ, քանի որ որոշվում է համեմատության մեջ: Նույն իրավական ակտերով` ակադեմիական պարտքերի շրջանում քննություն հանձնելը մրցույթին մասնակցելու արգելք չէ:
Ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման տեղերի քանակը նույնպես սահմանում է կառավարությունը: 2011թ. ապրիլի 28-ի 610-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը: Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետին հատկացվել է 54 անվճար տեղ, որից 4-ը` բազային:
Բուհը շրջանցել է կառավարության որոշումը ` հեռացնելու սպառնալիքով ստիպելով վճարել առաջին կիսամյակի վարձավճարը` 400 հազար դրամը:
Գիտխորհուրդը ստացել է նախարար Արմեն Աշոտյանի թույլտվությունը
«Հետք»-ը հարցում ուղարկեց կրթության նախարարություն` տեղեկանալու, թե իրավական ո՞ր ակտի հիման վրա է բուհը նման որոշում կայացրել:
Նախարար Արմեն Աշոտյանը մեջբերել է երկու իրավական ակտ` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը և կառավարության 2006թ. հուլիսի 27-ի 1183-Ն որոշման 4-րդ կետի դրույթները, այսինքն` նույն իրավական ակտերը, ինչ որ բուհը` առանց հստակեցնելու, թե որ կետն է արգելում ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին մասնակցել ռոտացիայի մրցույթին:
Եթե նախարարի նշած իրավական ակտերրը դա թույլ տային, ապա նշանակում է, որ նախորդ տարիներին բուհը օրենքին ու որոշմանը հակասող քայլեր է ձեռնարկել, որովհետև նույն կուրսի ուսանողները ակադեմիական պարտք ունենալով հանդերձ` 2-րդ և 3-րդ կուրսերում սովորել են անվճար համակարգում:
Ուսանողներից Վաղարշակ Հակոբյանը, ով նույնպես ստորագրել է նախարարին և ռեկտորին ուղղված 99 ուսանողների դիմումը, մերժում ստանալուց հետո փորձել է անձամբ տեսնել ռեկտորին և նախարարին:
«Մտա ռեկտորի մոտ, հարցրեցի` ինչու՞ է էդպես, ինքը, կոպիտ ասած, տեղյակ էլ չէր, ասաց` անցած տարիներին ի՞նչ է եղել: Դե առաջ ինքը չի եղել ռեկտորը, պատմեցի ոնց է եղել, ասեց` ես իմ դիրքորոշումը չեմ կարող ասել, պարոն Աշոտյանը ինչպես ասի, մենք էդպես էլ կանենք, ուզում եք` պարոն Աշոտյանին դիմեք, ես էլ հենց էդ օրը գնացի նախարարություն, բայց պարոն Աշոտյանի հետ չկարողացա անձամբ հանդիպել»,- պատմեց Վաղարշակը:
Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Այսինքն` հենց նրա իմացությամբ և թույլտվությամբ է բուհը ուսանողներին անվճար տեղերից զրկելու որոշում կայացրել:
«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը բուհին պարտադրում է ուսանողի հետ կնքել պայմանագիր, որի դրույթները փոփոխության ենթակա չեն ուսումնառության ողջ ընթացքում:
Ուսանողները «Հետք»-ին տրամադրել են իրենց պայմանագրի պատճենը: 6.3 կետում գրված է` կառավարության սահամանած տեղերը տեղափոխվում են կուրսից կուրս, սակայն բուհը խախտել է պայմանագիրը` տեղափոխելով մի մասը:
Միևնույն ժամանակ դարձյալ խոսք չկա այն մասին, որ ակադեմիական պարտք ունենալու դեպքում ուսանողը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:
Ինչպե՞ս է տնօրինվել16 միլիոն դրամը. կրթության նախարարությունը լռում է
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի մեկ ուսանողի տարեկան վարձավճարը 2011/2012թթ. եղել է 800 հազար դրամ: Բժշկական համալսարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` 50 հիմնական տեղից բաշխվել է 29-ը: Այսինքն` կրթության նախարարությանը 2014թ. «Բյուջեի մասին» օրենքով որպես պետական բաձրագույն ուսումնական հաստատություններին ուսման վարձի փոխհատուցման համար տրամադրված գումարից 16 միլիոն 800 հազար դրամը չի ծախսվել որպես նպատակային ծախս:
«Բյուջեի մասին» օրենքում փոփոխություն այս տարի չի եղել: Պարզելու համար, թե ինչ է եղել մոտ 16 միլիոն դրամը, «Հետք»-ը հարցում ուղարկեց ՀՀ կառավարություն և Կրթության և գիտության նախարարություն: Կառավարություն ուղարկված հարցումը հասցեագրվել է նախարարություն: Կրթության և գիտության նախարարությունը մինչ այժմ չի պատասխանել, թե իրավական որ ակտի հիման վրա են ծախսվել կամ ծախսվելու ուսանողների հաշվին «խնայված» միջոցները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել