
Նախկին զինվոր. «Կուզեի մեր պաշտոնյաները մեկ ամիս ապրեին 18.000 դրամ հաշմանդամության թոշակով»
Սամվել Ավետիսյանը բանակում` Վարդենիսի Սոթքի զորամասում, հասցրել է ծառայել ընդամենը 5 ամիս. 2012 թ.-ի մայիսի 8-ը ճակատագրական է դարձել նրա համար: Այդ օրը լավ է հիշում, երբ իրեն ամրակցված զենքը դրել է ծնկների մեջ, իսկ փողն ուղղել պարանոցին ու այդպես հեռախոսով զրուցել եղբոր հետ: Պատմում է, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է կրակել: Սամվելը հրաշքով է ողջ մնացել` կորցնելով քայլելու ունակությունը, քանի որ հրազենը վնասել է նրա 4-րդ ու 5-րդ ողն ու ողնուղեղը: 9 ամիս Սամվելը գտնվել է վերակենդանացման բաժնում, ապա բուժվել Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում:
Պետությունը Սամվել Ավետիսյանին տալիս է 18.000 դրամ հաշմանդամության թոշակ, որը անգամ անհրաժեշտ դեղերին չի բավականացնում:
«Ես կուզեի մեր բարձրաստիճան պաշտոնյաները, լինելով առողջ, մեկ ամիս ապրեին 18.000 դրամ կազմող հաշմանդամության թոշակով: Բայց լավ գիտենք, որ այդ գումարը անգամ նրանց թանկարժեք մեքենաների բենզինի մեկ օրվան չի հերիքի»,- ասաց նախկին զինվոր Սամվել Ավետիսյանը:
Սամվելն արդեն մենակ չէ իր դժվարությունների ու տատիկի հետ: Նա իր կյանքի կեսին` Էմմա Եղիազարյանին, գտել է այս տարի` փետրվարին: Էմման զբաղվում է բարեգործությամբ, մի խումբ երիտասարդների հետ դրամահավաքներ է կազմակերպում` գոյացած գումարը տրամադրելով ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին:
«Որպես տառապանքներիս փոխհատուցում Աստված ինձ ուղարկեց իմ կյանքի կեսին: Փետրվարից մինչև ապրիլ Էմմայի հետ շփվում էինք համացանցով: Հենց նա ինձ սովորեցրեց լիարժեք ապրել»,- ասաց Սամվելը, ով Էմմայի հետ ծանոթացել է ընկերոջ միջոցով համացանցով:
«Մտածում էի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ Սամվելը գնա Գերմանիա ու բուժում ստանա, կարողանա քայլել: Դեռ չգիտեի, որ դա դառնալու է կյանքիս նպատակը»,- պատմեց Էմման:
Այս տարվա ապրիլին Էմման գնացել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն՝ Սամվելին տեսակցության: Իսկ ապրիլի 15-ին` իր ծննդյան օրը, իմացել է, որ Սամվելի մոտ սրտի կանգ է գրանցվել ու նրան տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանց, շտապել է այնտեղ, իսկ երբ մտել է հիվանդասենյակ, տեսել է, որ ամբողջ հիվանդասենյակում փուչիկներ են, իսկ դարակի վրա փափուկ խաղալիք: Սամվելը սիրո խոստովանություն է արել ապագա կնոջը հենց նրա 20-ամյակի օրը: Իսկ օգոստոսի 1-ից որոշել են ապրել մեկ հարկի տակ, ապա գրանցել են իրենց ամուսնությունը:
«Երբ Սամվելին գտա, նոր էի ընդունվել Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, սակայն ուսումս կիսատ թողեցի: Ծնողներս ասում էին, որ շարունակեմ: Դեմ էին մեր հարաբերություններին: Բայց մենք Սամվելի հետ որոշել ենք միասին սովորել, երբ կկատարենք մեր կրկնակի երազանքը, երբ Սամվելը սկսի քայլել, ու մենք միասին մտնենք եկեղեցի: Հավատում եմ` երբ կա սեր, ամեն ինչ հաղթահարելի է: Մեր ամեն օրը սկսվում է սիրով, հաճախ մենք տանգո ենք պարում,- պատմեց Էմման` ընդգծելով, որ մայրը հիմա իրեն հասկանում է ու ասում, որ Սամվելը իր երրորդ որդին է,- մայրս, Սամվելի հայրը, մեր ընկերները շատ են օգնում ամեն առումով, քանի որ մեր ընտանիքում ոչ մեկը չի աշխատում»: Սակայն սայլակի վրա նստած` Սամվելն` ինքը, լինելով կարիքի մեջ, ունենալով շատ վերքեր ու պառկելախոցեր, Էմմայի հետ Երևանի տարբեր փողոցներում 3 ամիս շարունակ դրամահավաքներ է կազմակերպել այլ կարիքավոր ու հիվանդ երեխաների համար:
Սամվելի ու Էմմայի կրկնակի երազանքը իրականացնելու հնարավորություն բժշկությունն այսօր ստեղծել է: Անհրաժեշտ է համապատասխան բուժում Գերմանիայում` վիրահատության միջոցով, որն արժե 10.000-12.000 եվրո: Գումարը բարի մարդկանց շնորհիվ արդեն հավաքվել է: Մնացել է միայն ինքնաթիռի տոմսերի ու նախնական ախտորոշման գումարը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացվել է խումբ «Բռնեք ձեռքս, օգնեք քայլեմ», որտեղ էլ արձագանքել են տարբեր անհատներ:
«Եթե այդ գումարն էլ հավաքվի, երևի Նոր տարին կդիմավորենք Գերմանիայում` հիվանդանոցում: Սա կլինի 3-րդ Նոր տարին, որ կդիմավորեմ հիվանդանոցում: Բայց չեմ դժգոհում, քանի որ Էմման հայտնվեց իմ կյանքում, ու ամեն ինչ փոխվեց: Հաստատ գիտեմ՝ Աստված նրան ուղարկեց ինձ մոտ: Մենք ունենք Աստծուն, և նա օգնում է մեզ: Ֆանտաստիկ բան է. կարող է մենք սոված լինենք, բայց նայենք իրար, թեկուզ չզրուցենք ու զգանք, որ երջանիկ ենք: Աղոթենք Աստծուն ու զգանք նրա զորությունը: Կուզեի մարդկանց ասել միայն երկու բառ՝ սիրեք ու սիրվեք»:
Սամվել Ավետիսյանի անունով HSBC բանկում բացվել է հաշվեհամար
006 001 911 001 AMD
006 001 911 101 USD
006 001 911 102 EUR
006 001 911 103 RUB
Հեռախոս՝ 098 50 32 25, Սամվել Ավետիսյան
Մեկնաբանել