
Քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման բյուջե
Ալավերդի համայնքի ավագանին երեկ քննարկեց և հաստատեց համայնքի 2015 թ.-ի բյուջեն:
Քանի որ բյուջեի հանրային քննարկմանը քաղաքապետին կոշտ հարցադրումներ էին արվել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների 2015 թ.-ի վարձատրությունը 60 հազար դրամով բարձրացնելու և առարկություններ էին ներկայացվել ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների հաստիքային կրճատումների հետ կապված` Արտավազդ Վարոսյանը բյուջեն ավագանու քննարկմանն էր ներկայացրել օրակարգային առանձին 3 կետերով:
«Տարանջատումը օրակարգային 3 կետի նպատակ ունի ավելի առարկայական քննարկել հարցերը»,- ներկաներին բացատրեց Ա.Վարոսյանը: Ավագանու քննարկմանը քաղաքապետը նախ ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի 2015 թ.-ի կառուցվածքը, համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը:
Արտավազդ Վարոսյանն ասաց, որ Ալավերդի համայնքի 2015 թ.-ի բյուջեն պետք է ունենա սոցիալական ուղղվածություն: Իրատեսորեն գնահատելու դեպքում քաղաքապետի հեղինակած 2015թ.-ի բյուջեն անկաշկանդ կարելի է որակել քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման բյուջե:
Ներկայացված փաստաթղթով նախատեսվում է քաղաքապետի աշխատավարձը դարձնել 290 հազար դրամ, քաղաքապետի տեղակալինը և աշխատակազմի քարտուղարինը՝ 230 հազար դրամ, քաղաքապետի խորհրդականինը՝ 210 հազար դրամ և քաղաքապետարանի բաժնի վարիչներինը 200 հազար դրամ:
Արտավազդ Վարոսյանը ինչպես հանրային քննարկմանը, այնպես էլ ավագանու նիստում պարբերաբար կրկնում էր, թե համայնքապետի իր համար առաջարկվող 290 հազար դրամ աշխատավարձը կազմում է մարզի Ալավերդուն նման շատ համայնքների համայնքապետերի աշխատավարձի կեսից էլ պակաս: Թե մարզում այդ որ համայնքապետն է առնվազն 600 հազար դրամ աշխատավարձ ստանում, որի կեսից էլ իր աշխատավարձը պակաս է, Արտավազդ Վարոսյանն ասում է. «Հետո կասեմ»: Ավագանու անդամ Սիմոն Զախարովը անարդարացի համարեց, որ Ալավերդու քաղաքային թատրոնի դերասաններն ու ժողոգործիքների անսամբլի անձնակազմը նախկին տարիների նման 2015 թ.-ին պետք է նորից վարձատրվեն միայն տարվա 8 ամսիներին: Նա առաջարկեց և համառորեն պնդում էր թատրոնի դերասանների աշխատավարձը սահմանել ամբողջ տարվա համար: Փաստորեն մնացած 4 ամիսներին, ըստ Ա. Վարոսյանի տրամաբանության, թատրոնի դերասանները պետք է հաց չուտեն և դրա համար նրանց անգամ մինիմում աշխատավարձ պետք չէ տալ, այն դեպքում, երբ Ալավերդու «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի մեծ համբավը կապվում է ոչ թե Արտավազդ Վարոսյանի և քաղաքապետարանի աշխատակազմի նրա թիմի, այլ հենց թատրոնի կոլեկտիվի ջանքերի հետ: Թատրոնի դերասաններին ամբողջ տարվա կտրվածքով աշխատավարձ սահմանելու մասին ավագանու անդամ Սիմոն Զախարովի ներկայացված պահանջը մնաց օդում:
Ավագանու անդամ Վարուժան Սիմոնյանը քաղաքապետին հիշեցրեց, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով գիշերային աշխատողների համար սահմանված է հավելավճար ` համապատասխան տոկոսներով: «Դա նույնպես կապված Է ֆինանսների հետ: Համենայնդեպս մենք ավելի լավ է մտածենք աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխության շուրջ, այսինք 24 ժամվա փոխարեն մեզ պահակը պետք է ավելի շատ գիշերային ժամին, այլ ոչ 24 ժամ` ցերեկով: Այսինքն, սա ինչ որ տրվում է( քաղաքապետը ի նկատի ունի սահմանված մինիմում աշխատավարձը) տրվում է գիշերային ժամերի համար»,- պարզաբանեց Ա. Վարոսյանը: «Հիմա խոստանում եք, որ լավ եք աշխատելու էսքան բարձր աշխատավարձով»,- քաղաքապետին հեգնանքով հարցրեց ավագանու անդամ Արմեն Կարապետյանը: Արտավազդ Վարոսյանը կարծես թե չվիրավորվեց: Նրա համար կարևորը ամեն գնով իր և իր թիմի աշխատավարձի բարձրացման ավագանու որոշում ստանալն էր:
«Իհարկե, միշտ էլ անկախ վարձրատրության չափից չարչարվել ենք լավ աշխատել , արդարացնել մեր ընտրողների հույսերը»,- պատասխանեց նա:
«Իմ անձնական կարծիքն եմ ասում, ինձ թվում է սա սովորություն է դառնալու քաղաքապետի համար ամեն ինչի ծախսերը կրճատել»,- կրկին դժգոհեց Արմեն Կարապետյանը:
Արտավազդ Վարոսյանը ավագանուն առաջակեց քվեարկել քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և պաշտոնական դրույքաչափերի մասին որոշումը: Ավագանու նիստին ներկա 14 անդամներից կողմ քվեարկեցին 5 անդամներ: Դեմ, ձեռնպահ չկար:
«Պարոն քաղաքապետ, հիմա քանի՞ կողմ ստացավ աշխատավարձը բարձրացնելու Ձեր առաջարկությունը»,- հարցրինք Արտավազդ Վարոսյանին: «Աշխատակազմի ղեկավար ընկեր Անուշ Էվոյանին հարցրեք»,- պատասխանեց քվեարկությունը ղեկավարող քաղաքապետը:
«Անցավ միաձայն»,- կիսաբերան ասաց աշխատակազմի ղեկավարը: Երբ ներկաներն առարկեցին, Արտավազդ Վարոսյանը հարցը կրկին դրեց քվեարկության: Ալավերդի համայնքի ավագանին այս անգամ միաձայն հաստատեց քաղաքապետի և նրա թիմի աշխատավարձի բարձրացման առաջարկվող որոշումը: Միաձայն հաստատվեց նաև համայնքի բյուջեն:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել