
Վարորդները սարսափով են հատում միջպետական ճանապարհի թունելը
Ալավերդի–Վանաձոր միջպետական ճանապարհի Ձորագետ–Փամբակ ճանապարհահատվածում գտնվող երեք թունելներն էլ անբարեկարգ են, սակայն նրանցից Շահալի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվողը, որը կառուցվել է 1962թ., գրեթե փլուզման շեմին է:
Թունելը մոտ 100 մետր հատում է հսկա ժայռը: Իր գոյության 54 տարիներին այն երբևէ չի վերանորոգվել, ինչի պատճառով էլ ներկայումս երթևեկության լուրջ վտանգներ է առաջացնում վարորդների համար:
Թունելի ներսում աստիճանահարթակներ դարձած ասֆալտի անորակ փոսանորոգումները բեռնատարները հաղթահարում են մի կերպ: Լուծված չէ ջրահեռացման խնդիրը, ինչի պատճառով անձրևներից առաջացած լեռնային ջրահոսքերը լցվում են թունել` առաջացնելով փլուզման և քարաթափման վտանգներ:
Այն նաև լուսավորված չէ: Թունելով հետիոտն երթևեկում են շրջակա գյուղերի բնակիչները, վերջիններիս անասունները, ինչպես նաև միջպետական ճանապարհով երթևեկող ավտոմեքենաները: Վտանգավոր թունելով են անցնում նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցուցակում գրանցված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ այցելողները, ինչպես նաև Օձունի եկեղեցի և Թումանյանի տարածաշրջանի մյուս պատմամշակութային հուշարձաններ ուղևորվող տարեկան մոտ 10 հազար զբոսաշրջիկ տեղափոխող ավտոբուսներն ու Բաթումից և Թուրքիայից Հայաստան ապրանքեր ներկրող հսկա բեռնատարները: Վերջիններս իրենց չափերին անհամապատասխան թունելում ստեղծում են տրանսպորտային միջոցների անանցանելիություն` մանավանդ, երբ հակառակ երկու կողմերից միաժամանակ հայտնվում են թունելի կենտրոնում:
«Ձայնային ազդանշաններով կարելի է կանոնակարգել մեծ մեքենաների մուտքը դեպի թունել: Կամ գուցե այնտեղ պետք է պատշաճ հսկողություն սահմանի ճանապարհային ոստիկանությունը»,- ասում է ալավերդցի Վալերի Պարանյանը:
«Էդ թունելի չափերը փոքր են: Երկու «VOLVO» կամ «DAF» մակնիշի բեռնատարներ, երբ միաժամանակ մտնում են թունել, չեն կարողանում իրար կողքով անցնել: Մեկ բեռնատարն էլ պետք է միայն անցնի կենտրոնով, որպեսզի կարողանա հատի փոքր թունելը: Եթե կենտրոնով չեն անցնում, չեն կարողանում դուրս գալ թունելից: Պետք է թունելի գետնի հողը իջեցնեն: Դա ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործն է»,-ասում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը:
«Լրիվ վտանգ է, էլի: Ես վախենամ բլի վրես, որ մտնեմ: Դեմից որ մեծ մեքենան գալիս է, մեզ տեղ չի լինում, որ անցնենք: Ամբողջ ձմեռը առաստաղից սառույցները կախված են լինում: Թունելի ներսի ճանապարհն էլ անանցանելի է»,- դեկտեմբերի 6-ին հայտնեց թունելից դուրս եկող մեքենաներից մեկի վարորդը:
«Թալինցի եմ: Էս մի ամսվա մեջ գրեթե մի 5-6 անգամ թունելով երթևեկել եմ: Նկատել եմ, որ մեծ բեռնատարների համար թունելը շատ ցածր է: Անընդհատ խփում և քարեր են թափում թունելի առաստաղից: Հենց նոր ես այդ մեծ մեքենայի հետ հանդիպակաց դուրս եկա: Վտանգն էն է, որ եթե չզգուշանայի, պետք է խփեինք իրար»,- ասաց վարորդ Հայկ Սահարյանը:
Բեռնատարներից մեկի վրացի վարորդն էլ նշեց, որ իր մեքենայի համար թունելը շատ փոքր է: Վրացի Ալյադ Թամայան շատ վտանգավոր համարեց ոչ միայն թունելը, այլև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը. «Շատ «ստրաշնի» է էս թունելով ու էս ճանապարհով անցնելը»,- ասաց նա:
![]() |
Վլադիկ Բարսեղյան |
Վարորդ Վլադիկ Բարսեղյանն ասում է, որ սարսափելի զգացողություն է ունենում թունելում բեռնատարներին հանդիպակաց դուրս գալիս: Անանցանելիության պառնալիներ են ստեղծում նաև Ձորագետ ավանի կողմից թունելի մուտքին հարող ժայռաբեկորները, որոնք կարող են թափվել ու փակել թունելի մուտքը:
Վարորդները դժգոհում են նաև Փամբակ–Ալավերդի միջպետական ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակից: Արդեն տարիներ շարունակ այստեղ քայքայված են ճանապարհի պաշտպանիչ քարե պատնեշները: Վթարների լուրջ վտանգ է ներկայացնում թունելին հաջորդող կամուրջը, որի բազրիքները շատ վաղուց գոյություն չունեն: Հորդառատ ձյան դեպքում տրանսպորտային միջոցները կարող են կամրջից ընկել և հայտնվել Դեբեդ գետում:
Ալավերդի-Վանաձոր ճանապարհահատվածով ամեն օր երթևեկում է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վարորդների խնդրանքով «Հետքը» մարզպետից այսօր տեղեկություններ խնդրեց վտանգավոր թունելի և Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կապիտալ վերանորոգման մասին:
«Համաշխարհային բանկի ծրագրով նախատեսվում են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի մեջ մտնում է նաև այդ վտանգավոր թունելի վերանորոգումը: Նախագծային աշխատանքեր էին կատարվում, բայց ես չեմ կարող ասել, թե երբ կսկսվեն այդ աշխատանքները»,-պատասխանեց մարզպետը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանն էլ այսօր մեզ հայտնեց, որ նշվա թունելի կապիտալ վերանորոգման նախագծերն արդեն ավարտված են: Թունելի կապիտալ վերանորոգումը ներառված է «Վանաձոր-Բագրատաշեն» միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներում, 2015թ. աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության մրցույթ է հայտարարվելու: «Մեկ-երկու տարվա մեջ թունելը և ճանապարհը կարգավորված կլինեն»,- հուսադրեց Աշոտ Արշակյանը և հավելեց, որ վթարային կամրջի փոխարեն նախագծով թունելի մուտքից նոր կամուրջ է կառուցվելու, որն ուղիղ միանալու է ճանապարհին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել