
Ինչու Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում
Բազելում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դատելով հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաև դրանց հիման վրա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած համատեղ հայտարարությունից` բանակցությունների հիմնական թեման եղել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ՌՕՈւ-ին պատկանող մարտական ուղղաթիռը խոցելուց հետո ստեղծված դրությունը: Մինսկի խմբի համար ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը ձախողումից փրկելու և ռազմական առճակատումը կանխելու համար նրանք ստիպված են ամեն ինչ սկսել նույնիսկ ոչ թե զրոյից, այլ մինուսից` հաշվի առնելով, որ կողմերը վերջնականապես սպառել են նույնիսկ փոխադարձ ձևական վստահության բոլոր ռեսուրսները:
Համանախագահները հայտարարել էին, որ Բազելում հանդիպելու են արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան հերթական գրառման մեջ հույս էր հայտնել, թե նախարարների այդ հանդիպումից հետո հնարավոր կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը, փաստորեն, նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը պարզելն էր լինելու: Սակայն, այդ հանդիպումը կարծես թե չի կայացել, ու պետք է հուսալ, որ դա եղել է ոչ թե Մամեդյարովի, այլ Նալբանդյանի պատճառով:
Որպես կանոն, նման դեպքերում հայկական կողմը մշտապես հանդես է եկել բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակելու դիրքերից` առաջնորդվելով «թեկուզ անիմաստ, բայց կայացող բանակցությունները պատերազմից ավելի նախընտրելի են» տրամաբանությամբ: Մինչև հիմա այս մոտեցումը եղել է արդարացված, քանի որ դա առկա ստատուս քվոն պահպանելու, թերևս, ամենագործուն մեխանիզմն է համարվել: Սակայն, Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցումից հետո իրավիճակը գլխիվայր շրջվել է` ի հայտ բերելով բանակցությունների հարցում ճշգրտումներ կատարելու խնդիր:
Նախ` ուղղաթիռի խոցումն անպատասխան թողնել չի կարելի: Դրա մասին հայտարարել են թե́ ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարները, թե́ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ուժային եղանակով այդ պատասխանը հայկական կողմը դեռևս չի տվել: Նման պայմաններում Մամեդյարովի հետ բանակցությունների սեղանին նստելը, այն էլ` նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը լուծելու համար, անուղղակի նշանակելու էր, որ Հայաստանը ներում է Ադրբեջանի կատարած աննախադեպ սադրիչ, երեք երիտասարդի կյանք խլած արարքը: Սա ավելի է ազատելու Ալիևի ռեժիմի ձեռքերը` նմանատիպ նորանոր սադրանքների դիմելու համար: Կասկած չկա, որ Բաքուն դա ընկալելու է որպես վախվորածության, իսկ պատժելու մասին հայտարարությունները` պարզապես «օդ ճոճելու» նշաններ: Սա հստակ ազդակ է լինելու նաև միջնորդների համար, որ ինչ իրավիճակում էլ հայկական կողմը հայտնվի, որքան էլ դրությունը նրա համար վատթարանա, և նույնիսկ եթե Ադրբեջանը հայկական կողմի ողջ ռազմաօդային պոտենցիալը ոչնչացնի, միևնույնն է` կարողանալու են Նալբանդյանին և Սարգսյանին բերել, նստեցնել բանակցությունների սեղանին:
Երկրորդ` որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա` ուղղաթիռի խոցումից հիմա փորձում է օգտվել Ադրբեջանը: Բազելում Էլմար Մեմդյարովը հայտարարել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինուժերի սադրիչ լայնածավալ զորավարժությունները ի չիք դարձրին կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու` համանախագահների փորձերը»: Սա ոչ թե պարզապես ԼՂ-ն Ադրբեջանի տարածք ներկայացնելու հերթական փորձ է, այլև ուղղակի քայլ` ԼՂՀ-ից հայկական զինված ուժերի դուրսհանումը և հետագայում զորավարժությունների անցկացման բացառումը որպես բանակցությունները շարունակելու նախապայման առաջադրելու ուղղությամբ: Բաքուն փորձում է հասնել նրան, որ իրավիճակի լարման պատճառ համարվի ոչ թե իր երկրի զինուժի կողմից ուղղաթիռի խոցումը, հետո էլ 10 օր շարունակ ուղղաթիռի անկման վայրին մոտենալու հնարավորությունից բոլորին զրկելը, այլ զորավարժությունների անցկացումը և դրանց շրջանակներում ուղղաթիռների թռիչքը: Նման մոտեցում Բաքուն նախկինում երբեք չի ցուցաբերել`մշտապես ստիպված լինելով համակերպվել ԼՂՀ-ի տարածքում հայկական զինուժի կողմից բազմիցս զորավարժություններ և ուղղաթիռների ուսոմնավարժական թռիչքներ անցկացնելու փաստի հետ:
Սա միջազգային հանրության մոտ հայկական ուղղաթիռը խոցելու իր քայլն արդարացնելու և լեգիտիմացնելու ձև է: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի ադրբեջանցի տեղակալ Ազայ Գուլիևը, անդրադառնալով Ուկրաինայում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ սանկցիա կիրառելու` արևմտյան երկրների որոշմանը` զուգահեռ է անցկացրել ԼՂՀ-ի հետ և հայտարարել, թե նմանատիպ պատժամիջոցներ պետք է սահմանվեն նաև «Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի» նկատմամբ: Այսինքն, եթե Ուկրաինայի զինուժին իրավունք է վերապահված ոչնչացնել իր տարածքում ստեղծված միավորումների ռազմական պոտենցիալը, ապա նույնն անելու իրավունքը պետք է ունենա նաև Ադրբեջանը, քանի որ այնպես, ինչպես միջազգային հանրությունը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նույն կերպ ճանաչում է նաև Ադրբեջանինը` ԼՂ-ով հանդերձ: Ադրբեջանը հետևողական և շատ ագրեսիվ կերպով հասնում է նրան, որ բացարձակապես և վերջնականապես օրակարգից հանվի այն իրավական բազան, որի հենքի վրա ԼՂՀ-ն ինքնորոշվել է, և որի առկայությունն այս հիմնահարցն առանձնացնում է աշխարհի մնացած բոլոր այլ հակամարտություններից: Սա չի արվում միայն բանակցություններին ԼՂՀ-ի հնարավոր մասնակցության հեռանկարը խափանելու նպատակով, այլև ԼՂ-ից հայկական ուժերի անվերապահ հեռացումը բանակցությունների հիմնական, իսկ եթե հնարավոր է` միակ առարկան դարձնելն է:
Որքան էլ սա մեզանում աբսուրդային և անհեռանկար թվացող մտասևեռում համարվի, այն տալիս է արդյունք` առաջին հերթին այն պատճառով, որ համարժեք դիվանագիտական հակազդեցության չի հանդիպում հայկական կողմից: Բազելում արտգործնախարար Նալբանդյանը շատ կրակոտ ելույթ է ունեցել` մերկացնելով Ադրբեջանի կողմից վարվող վերջին շրջանի գերագրեսիվ քաղաքականությունն ու դրա նպատակները: Բայց Նալբանդյանը նորից չի ասել այն, ինչ արդեն տևական ժամանակ Հայաստանում սպասում են նրանից:
Մինսկի խումբը շարունակում է իրավիճակի լարման համար հայկական և ադրբեջանական կողմերին համապատասխանատու ներկայացնելու և նրանց միջև հավասարություն դնելու իր պրակտիկան: Բազելում նրանց արած հայտարարությունը առաջին բառից մինչև վերջինը կրկին ներշնչված է այդ մոտեցմամբ: Աբսուրդը հասել է նույնիսկ նրան, որ ՄԽ համանախագահներն ուղաթիռի կործանման և հայ օդաչուների մահվան ողբերգությունն են փորձում «կիսել» հայկական և ադրբեջանական կողմերի միջև` հայտարարելով, թե դա ողբերգություն էր երկու կողմերի համար էլ: Դա այն դեպքում, երբ իր աչքի առաջ ուղղաթիռը խոցած զինվորին Ադրբեջանում ազգային հերոս են դարձնում:
Արդեն պարզ է, որ այս ձեռագիրը ոչ միայն չի փոխվելու, այլև ավելի է ընդգծվելու, քանի դեռ հայկական կողմը շարունակում է դրան մատների արանքով նայել: Թերևս, վաղուց արդեն հասունացել է գոնե մի քիչ նախապայմանների լեզվով խոսելու և միջազգային հանրությունից հստակ և միարժեք գնահատականներ պահանջելու ժամանակը: Ու հենց սա է, որ Նալբանդյանը չի անում` շարունակելով դրոշակի նման ծածանել միջազգային հանրության հետ հայկական կողմի լիակատար համաձայնության մասին իր շաբլոնային դարձած ու անօգուտ տեսակետները: ՄԽ-ից, միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելը սեփական ուժերի նկատմամբ անվստահության դրսևորում չէ: Սա դիվանագիտություն է, որն անհրաժեշտ է Ադրբեջանի սանձերը քաշելու և, ի վերջո, նրա լկտիացման հենքի վրա հասունացող պատերազմը կանխելու համար:
Մեկնաբանել