
45 մլն դրամ՝ կենտրոնական բանկի կապի միջոցների համար
Ինչպես նշված է ԿԲ-ի 2015թ. վարչական ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրերում, գալիք տարում կենտրոնական բանկում շահագործվելու է 30 ավտոմեքենա՝ 1 ավտոմեքենայով ավելի, քան այս տարի: 2015թ. ծառայողական փոխադրամիջոցների սպասարկման համար նախատեսվող գումարը մեկ ավտոմեքենայի համար իջեցվել է 3.000 դրամով և նախատեսվել է ամսական 74.000 դրամ, որի տարեկան ամբողջական գումարը կկազմի 26 մլն 640 հազար դրամ:
Նշենք, որ 30 ավտոմեքենաներից 23-ը շահագործվելու է բենզինով:
Կենտրոնական բանկի ներքին կարգերի համաձայն` բանկում տարեկան ծախսվում է մոտ 94.000 լիտր բենզին, որի գինը 500 դրամով հաշվելու դեպքում (2014թ. պլանավորվել էր 520 դրամ) կենտրոնական բանկի բենզինի տարեկան ծախսը կկազմի 47 մլն դրամ:
Դարձյալ ներքին կարգերի համաձայն` ԿԲ-ում տարեկան ծախսվում է մոտ 42.040 լիտր դիզելային վառելիք, որի գինը 480 դրամով հաշվելու դեպքում տարեկան ծախսը կկազմի մոտ 20 մլն 179 դրամ:
Ավտոմեքենաների քսայուղեր ձեռք բերելու համար 2015թ. նախատեսվում է 2 մլն 205 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման նպատակով 2015թ. ԿԲ-ն նախատեսել է 98 մլն դրամ:
Ֆիլմի և տեսահոլովակի նկարահանման ծախսերը
Այս հոդվածով պլանավորվել են տարբեր բացատրական և գովազդային տեսահոլովակների նկարահանումներ և հեռարձակում, որոնց ծախսերը կկազմեն 20 մլն դրամ: Նշված գումարից 6 մլն դրամ նախատեսվում է ռադիոգովազդների և հեռուստագովազդների պատրաստման և 14 մլն դրամ` հեռարձակման համար: Նախատեսվում են բացատրական տեսանյութերի պատրաստում ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության, անկանխիկ վճարումների զարգացման խթանման, կենսաթոշակային բարեփոխումների և այլ թեմաներով:
Կապի միջոցների ծախսեր
Կենտրոնական բանկում առկա է 112 քաղաքային հեռախոսագիծ, որից 68-ը՝ «ԱրմենՏել», իսկ 44-ը՝ «Յուքոմ»: Բանկում տարեկան միայն 6 մլն 192 հազար դրամ բաժանորդային, 5 մլն 827 հազար դրամ՝ միջքաղաքային խոսակցությունների և 10 մլն 772 հազար դրամ ներքաղաքային խոսակցությունների վճար են տալիս:
Ըստ ԿԲ հաշվարկների, մեկ հեռախոսից օրական զանգահարվում է 68 րոպե:
2015 թ. կենտրոնական բանկում գործելու է 2 կառավարական հեռախոսակապ, որոնց տարեկան ծախսը պլանավորվել է 800 հազար դրամ: 6 մլն 468 հազար դրամ էլ նախատեսվել է բջջային հեռախոսակապի համար:
Ընդհանուր առմամբ ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների ծախսեր 2015թ-ին կկազմեն 44 մլն 831հազար դրամ, ինչը 2014թ. համեմատ նվազել են 10%-ով:
Անձնակազմի գործուղումներ
Այս տողով 2015թ-ի համար նախատեսվել է մոտ 434 մլն դրամ, որից 375 մլն 825 հազար դրամը՝ արտաքին վերապատրաստումների, իսկ 58 մլն 667 հազարը՝ ՀՀ տարածքում ուսուցման և վերապատրաստման ծախսերի համար: Այս հոդվածով նախատեսված գումարը 2014թ. նկատմամբ չի փոփոխվել:
Ներկայացուցչական ծախսեր
2015թ. նախատեսվում են մի շարք միջազգային պատվիրակությունների ընդունելություններ, օտարերկրյա բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր` համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քննարկումների և բանակցությունների նպատակով, որի համար նախատեսվել է 54 մլն դրամ:
Մեկնաբանել