
Լոռու մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը ցածր է
Լոռու մարզի համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրումը 2014թ.-ի անցած ամիսների կտրվածքով, նախատեսված 4 մլրդ 814.9 մլն դրամ եկամուտների դիմաց կազմել է 4 մլրդ 732.9 մլն դրամ: Համայնքների սեփական եկեամուտների հավաքագրումը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 239.3 մլն դրամ: Լոռու մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով` համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում թեեւ նկատվում է, սակայն մարզի 48 համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է:
Դրանցից Ջրաշեն համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 46.3%, Պրիվոլնոյեում` 57.9%, Արծնիում `64.1%, Լուսաղբյուրում` 64.9%, Ձյունաշողում` 68.8%, Դեբեդում` 72.4%, Հարթագյուղում` 79.5%, Փամբակում` 79.7%: Մարզի 8 համայնքների ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 70%-ից ցածր է: Մինչեւ 60% սեփական եկամուտների հավաքագրում ունեն Լուսաղբյուր, Անտառամուտ, Արծնի, Դաշտադեմ համայնքները:
Նոյեմբերի 1-ի դրությամբ գույքահարկի 439 մլն դրամ նախատեսված եկամուտների հավաքագրումը մարզում կազմել է 419,5 մլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ գույքահարկի հավաքագրման առավել նվազ հավաքագրում ունեն 20 համայնքներ, որոնցից Փամբակ համայնքում գույքահարկի հավաքագրումը կազմել է 66,1%, Արդվիում`67,9%, Հարթագյուղում` 48,2%, Յաղդանում` 33.5%, Լուսաղբյուրում` 42,5%, Քարաձորում` 52.3%, Ջրաշենում` 65.3%, Լեռնավանում` 51,4%:
Հողի հարկի 302 մլն դրամ նախատեսված եկամուտներից հավաքագրվել է 260,4 մլն դրամ: Ըստ տարածաշրջանների` հողի հարկի ցածր հավաքագրում են ապահովում Տաշիրի, Սպիտակի եւ Գուգարքի համայնքները: Նախորդ տարվա համեմատ հողի հարկի նվազ հավաքագրում են կատարել մարզի 62 համայնքներ: Դրանցից են նաեւ Ձյունաշող, Ջրաշեն, Ախթալա, Անտառամուտ, Արծնի, Շամլուղ, Դեբեդ համայնքները: Տեղական տուրքերի նախատեսված 93,4 մլն դրամ եկամուտներից նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 92 մլն դրամ: Փաստացի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ նվազել է 4,6 մլն դրամով:
«Նախորդ ամիսների վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ տեղական տուքերի հավաքագրումն ունի նվազման միտում: Այս համայնքների ղեկավարները պետք է վերանայեն իրենց համայնքների բյուջետային քաղաքականությունը»,- ասում է Սեւակ Հովհաննիսյանը: Ըստ վերջինիս` նախորդ տարվա համեմատ տեղական տուրքերի նվազ հավաքագրում են ապահովել 50 համայնքներ, այդ թվում` Լուսաղբյուր, Ղուրսալի, Դսեղ, Մարց, Շնող, Կաճաճկուտ, Դարպաս համայնքերը: Մարզի Աթան, Ահնիձոր, Ծաթեր, Ծաղկաշատ, Շամուտ, Չկալով եւ Մեղվահովիտ համայնքերն ի տարբերություն նախորդ տարվա, ընդհանրապես եկամուտների մուտքեր չունեն: Տեղական տուրքեր ընդհանրապես չեն նախատեսել 12 համայնքներ: Վերջինս խոսում է նշված համայնքներում տնտեսական ակտիվության բացակայության մասին:
Անցած ժամանակաշրջանում համայնքների հողի եւ գույքի վարձակալության վճարները նախատեսված 179.2 մլն դիմաց հավաքագրվել է 186,4 մլն դրամ: Մարզի համայնքների բյուջեները 2014թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձի պարտքեր չունեն: Այս մասին երեկ մարզխորհրդի նիստում հայտնեց Լոռու մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հանձնարարությամբ հանրապետության, այդ թվում նաեւ Լոռու մարզի 113 համայնքները, համայնքային բյուջեի եկամուտների մոտքերը պետք է ապահովեն 100%-ով: Սեւակ Հովհաննիսյանը հորդորեց համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործում թերացող համայնքների ղեկավարներին դեկտեմբեր ամսին կիրառել բոլոր միջոցները` բյուջեների եկամուտների հավաքագրումն ամեն գնով ապահովելու համար:
Մեկնաբանել