
Լոռու մարզխորհրդում քննարկվում էր մարզի համայնքների ղեկավարների աշխատանքը
Լոռու մարզխորհրդի երեկվա նիստում մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ, վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար Ալիկ Սահակյանը 2014թ.-ին մարզի 37 համայնքերում իրականացված վարչական հսկողության արդյունքներով բացահայտված խախտումները ներկայացրեց չհասցեգրված: Այդ պատճառով նիստին ներկաների եւ մասնավորապես լրագրողների համար անմատչելի մնացին արձանագրված խախտումների հասցեատերերը: Ալիկ Սահակյանը նրանց փոխարեն օգտագործում էր որոշ, որոշ դեպքերում, որոշ համայնքեր, մի քանի, մի շարք համայնքներ բառակապակցությունները:
Աշխատանքային խմբի ղեկավարն ստուգված համայնքերի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներն անբավարար գնահատեց: «Բյուջեի պարբերաբար թերակատարման հետեւանքով համայնքերում կուտակվել են հողի հարկի եւ գույքահարկի գծով խոշոր ապառքներ»,- ասաց նա, սակայն չնշեց ապառքների կոնկրետ գումարը: Վերջինիս խոսքերով ստուգված համայնքերում տեղական տուրքերը, որոշ դեպքերում, գանձվում են ուշացումներով, որոշ համայնքերի բյուջեներում հողի հարկը եւ գույքահարկը նախատեսվել են մեկ տարվա հաշվարկային գումարներից պակաս, այն դեպքում, երբ համայնքապետերին հանձնարարված է եղել նախատեսել մեկ տարվա հաշվարկային թվերը եւ որոշակի գումարներ նաեւ ապառքներից:
Մի շարք համայնքներում բյուջեի կատարման եռամսյակային հաղորդումները չեն ներկայացվում ավագանու քննարկմանը կամ ներկայացվում են ուշացումով: Գանձված հողի հարկի եւ գույքահարկի գումարները, որոշ դեպքերում, բանկ են մուծվում ուշացումներով: Համայնքերում ապառքները գանձելու ժամանակացույցեր չեն կազմվել, դատական կամ հարկադիր կարգով գանձումներ, ինչպես նաեւ ազգաբնակչության մասնակցությամբ հանրային բաց լսումներ եւ քննարկումներ չեն իրականացվել:
Համայնքների քառամյա զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են մասնակի: Կայացած աճուրդների եւ մրցույթների պարտված մասնակիցները նախքան աճուրդ կամ մրցույթ սկսելը չեն մուծում սահմանված կանխավճարները: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ աճուրդ-վաճառքի են դրվում առանց համայնքի ավագանու համաձայնության: Չի պահպանվում ՏԻՄ ՀՀ օրենքի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր բարեկամների շահերին: Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրվում են առանց մարզպետի համաձայնության:
Ալիկ Սահակյանը մարզխորհրդին նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ վարչական դատարանի 24.10.2014թ. եւ 27.10.2014թ.-ի վճիռների համաձայն` բավարարվել են եւ Արջուտ ու Լեջան համայնքների ղեկավարներից համապատասխանաբար 150 000 եւ 100 000 դրամ գումարներ բռնագանձելու մասին Լոռու մարզպետարանի հայցերը: Հաշվի առնելով, որ վարչական դատարանի վճիռները չեն բողոքարկվել եւ ստացել են օրինական ուժ, նա առաջարկեց այդ համայնքերի ղեկավարներին բռնագանձման ենթակա գումարները վճարել պետական բյուջեի հաշվեհամարին:
Այնուհետեւ, ըստ Ա. Սահակյանի` համայնքերում խախտվել է ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը: Գործուղման հրամաններում կամ կարգադրություններում չեն նշվում գործուղվող կազմակերպության անվանումը եւ նպատակը: Որոշ համայնքներում դրամարկղի գիրքը կնքված եւ համարակալված չէ տարածքային հարկային տեսչության կողմից: Աշխատողներին հաճախ չեն տրամադրվում արձակուրդներ, ինչի արդյունքում աշխատանքից ազատվելու ժամանակ չօգտագործված արձակուրդի համար ստիպված վճարում են խոշոր չափի փոխհատուցման գումարներ:
Ալիկ Սահակյանը չհասցեավորեց նաեւ հողաշինության եւ հողօգտագործման ոլորտի խախտումները: Պարզապես նշեց, որ չի պահպանվում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգը: Խախտվել է «Հրապարակային սակարկությունների մասին» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2 կետի պահանջները, համաձայն որի սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը եւ մյուս հարազատները. «Ստուգման արդյունքում հայտնաբերվել են այնպիսի համայնքներ, որտեղ աճուրդի եղանակով հողերի օտարման գործընթացի ժամանակ աճուրդավարը եղել է համայնքի ղեկավարը, իսկ մասնակիցներից մեկը, ինչպես նաեւ հաղթողը եղել է աճուրդավար համայնքապետի որդին»,- ասաց Ա. Սահակյանը:
Թեեւ մարզպետի հորդորին` վարչական հսկողության աշխատանքային խմբի ղեկավարի չհասցեավորված հաղորդումից գոհ համայնքապետերը նրան որեւէ հարց չուղղեցին: Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ամփոփիչ խոսքում հայտնեց, որ վարչական ստուգումների մասով շատ ավելի առարկայական խոսում են արտագնա խորհրդակցություններին, որտեղ համայնքի ղեկավարների հետ բացվում են նույնիսկ փակագծերը: Նա տեղեկացրեց, որ վարչական ստուգումների մասին զեկույց յուրաքանչյուր մարզխորհրդի նիստին լսվելու է: «Մենք մարզպետարանի պաշտոնական կայքում կտեղադրենք 2015թ.-ի վարչական հսկողության ենթակա համայնքների ցանկը: Յուրաքանչյուր մարզխորհրդի նիստի, կոնկրետ համայնքներով ներկայացնելու ենք, թե ինչ թերություններ կամ խախտումներ են արձանագրվել համայնքերում: Էնպես որ, ծանր չտանեք, սա կարգն է եւ պահանջը»,- համայնքապետերին զգուշացրեց Արթուր Նալբանդյանը:
Մեկնաբանել