
Թե ինչպես իններորդցի Երեմը դասի ժամին հայտնվեց ուսուցչուհու շենքի տանիքում
Ալավերդու թիվ 12 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Երեմ Մադոյանը նոյեմբերի 14-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ս. Սարահարթ թաղամասի 3/15 բարձրահարկ շենքի հարթ տանիքից ընկել է 9-րդ հարկ ու մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն: Այնտեղից նույն օրը Երեմին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Երեմ Մադոյանն այդ ժամին իր դասընկերների հետ պետք է դասարանում նստած լիներ` քիմիայի դասին: Չորրորդ ժամի վերջում ուսուցչուհի Մարգուշ Հովհաննիսյանը փաստաթղթեր պետք է ուղարկեր Երեւան: Նա քիմիայի իր դասին 9-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին տալիս է իր տան բանալին եւ հանձնարարում Ս. Սարահարթի 3/15 շենքի իր բնակարանից բերել իր անձնական փաստաթղթերը: Էդ երեխան (խոսքը նույն դասարանի աշակերտ Երեմ Մադոյանի մասին է) յազվում է, որ ես էլ գնամ, ես էլ գնամ»,- դեպքի մասին պատմեց թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը:
«Երեմն ասեց` ինքն էլ է ուզում գնալ, ընկեր Հովհաննիսյանն էլ Երեմին սկզբում ասաց` մի գնա, հետո ասաց` գնա»,- բացատրեց նույն դասարանցի Արփենը, ում տատիկի հետ էլ ուսուցչուհի Մ. Հովհաննիսյանը պետք է փաստաթղթերն ուղարկեր Երեւան: Մարգուշ Հովհաննիսյանն երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը Երեմ Մադոյանին թույլ չի տվել գնալ, Երեմն ինքնագլուխ է գնացել: Փաստաթղթերն ուսուցչուհու տնից վերցնելուց հետո երկու դեռահասները բարձրանում են բարձրահարկ շենքի հարթ տանիք` քաղաքի համայնապատկերը դիտելու: Տանիքի վերելակի հարթակից էլ Երեմ Մադոյանն ընկում է 9-րդ հարկ:
Վերելակի հարթակը ծածկված է եղել, Երեմը չի նկատել դա, անցնելիս ոտքը դրել է ծածկի վրա ու գահավիժել: «Մենք Երեմին անհույս ենք հասցրել Երեւան: Այնտեղ 5 օր վերակենդանացման բաժանմունքում է եղել, երկուշաբթի օրն են տեղափոխել պալատ: Երեմի մի աչքը շեղված է, բժիշկն ասել է բուժումների ընթացքում կանցնի: Ականջից արյուն է հոսել, մեկ էլ բժիշկն ասել է, որ գանգոսկրի կոտրվածքի խնդիր էլ ունի: Նարկոզով նաեւ վիրահատել են Երեմի դաստակը»,- որդու առողջական վիճակի մասին ասաց Երեմի մայրը` Թամարա Մոսինյանը:
Թեեւ տխուր միջադեպից անցել է 11 օր, սակայն թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը ուսուցչուհի Մարգուշ Հովհաննիսյանին որեւէ պատասխանատվության չի ենթարկել: Ավելին, մեզ հետ զրույցում նա փորձում է կոծկել դժբախտ պատահարի հանգամանքները: Պատահարի մասին տնօրենը ժամանակին չի տեղեկացրել նաեւ իր վերադասին: «Ես ընդամենը երեք օր առաջ եմ իմացել այդ մասին: Անմիջապես զանգել եմ դպրոցի տնօրենին, որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանամ: Այն, ինչ որ ես հիմա ասում եմ, բառացի ասել է դպրոցի տնօրենը: Ուրեմն, մի աշակերտուհու դպրոցի ուսուցիչներից մեկը, եթե չեմ սխալվում` քիմիայի ուսուցչուհին, բանալի է տվել եւ ուղարկել իրենց տուն: Նույն դասարանից մի տղա էլ, որի հետ տեղի է ունեցել դեպքը, ուղեկցել է այդ աշակերտուհուն: Այդ տղան աշակերտուհուն առաջարկել է բարձրանալ տանիք` աղավնիներին տեսնելու, տանիքում են այդ աղավնիները: Հետո տանիքի հատակը այդ պահին երեւի խարխուլ է եղել, բացվել է, տղան ընկել է ներքեւ, ոնց որ ամենավերջին հարկը, ձեռքն է կոտրել, հետո այլ վնասվածքներ է ստացել»,- նոյեմբերի 24-ին մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Իրականում Երեմ Մադոյանի աղավնիները դեպքի վայրի` 3/15 շենքի տանիքի հետ որեւէ առնչություն չունեն: «Հա, Երեմն աղավնիներ է պահում, թռցնելուց հետո նա սիրում է հետեւել իր աղավնիների թռիչքին, բայց դրանք 3/15 շենքի տանիքում չի պահում»,- ասաց տղայի մայրը` տիկին Թամարան: Պարզվեց նաեւ, որ տնօրեն Գոհար Ավետյանը դեպքից հետո Երեմի առողջական վիճակի մասին նրա հարազատներին եւ բուժող բժիշկին անձամբ հարցուփորձ չի արել: «Ինչպե՞ս է Երեմի առողջական վիճակը»,- հարցրինք տնօրենին: «Շատ լավ: Իր մամային իմ ծնողներից մեկը զանգել է, իրենց հարեւանն է: Քանի որ նրանց հեռախոսը անջատված է լինում, անհասանելի են, ես չեմ կարողացել խոսել: Հիմա ես, ճիշտն ասած, դպրոցից օգնություն եմ հավաքում, որ ինչ-որ ձեւով օգնենք իրենց, ահագին ծնողների եւ մանկավարժների ակտիվություն կա: Իմ իմանալով` լավ է: Գլխի հետ որեւէ պրոբլեմ չկա, թեւն ու ոտքն է: Ու Փառք Աստծո, շատ լավ է էլի վիճակը: Եթե գլուխը չի, մենք համարում ենք թեւն ու ոտքով լավ ենք պրծել: Հովհաննիսյան Մարգուշը մեռնում էր այդ պահին: Շատ ահավոր վիճակ էր»,- ասաց տնօրենը:
Երեմի շատ լավ լինելու մասին Գ. Ավետյանի տեղեկությունը, սակայն, չափազանցված էր: «Երեմ Մադոյանի առողջական վիճակը ներկայումս կայուն է, նա ստացել է գանգահիմքի կոտրվածք, ունի նաեւ աջ դաստակի կոտրվածք, որի համար վիրահատվել է: Պատրաստվում ենք Երեմին դուրս գրել, սակայն նա առնվազն 6 ամիս պետք է գտնվի նյարդաբանի հսկողության տակ»,- այսօր մեզ հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ Արայիկ Ասատրյանը:
Երեմի մայրը մեզ հայտնեց, որ թիվ 12 դպրոցը որպես օգնություն 284 հազար դրամ է ուղարկել իրեն: «Կարող եմ այս պահին էլ այդ փողը հետ ուղարկել իրենց, ինձ համար կարեւորը տղայիս առողջությունն է»,- ասաց Թամարա Մոսինյանը:
«Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Ձեր դպրոցի ուսուցիչները շատ են շահագործում աշակերտներին: Ի՞նչ կասեք այդ մասին»,- հարցրինք տնօրենին: «Դրանից երկու օր առաջ ուսուցչանոցում խորհրդակցության տիպի մի բան եմ արել եւ էդ մասին զգուշացրել եմ: Նույն հարցը դրել եմ, որ երեխաներին դասի ժամանակ դուրս մի ուղարկեք, գործի մի դրեք: Եթե երկու օր առաջ ես զգուշացրած չլինեի, կասեի, հա: Զգուշացրել եմ, դեպք էր` պատահեց: Բայց Աստված օգնեց, որ այդ երեխային ոչ մի բան չեղավ: Ծնողները չեն բողոքում»,- պատասխանեց տնօրեն Գոհար Ավետյանը:
Մեր ամբողջ զրույցի ընթացքում դեռահաս Երեմ Մադոյանի վիճակի առնչությամբ Գ. Ավետյանը ոչ միայն ուսուցիչ Մարգուշ Հովհաննիսյանին, նաեւ իրեն որպես տնօրեն մեղավոր չհամարեց: «Սուտլիկ երեխա է»,- Երեմի մասին ասաց նա` այդպես էլ չհիշելով, որ ուսումնական պարապմունքների ընթացքում աշակերտների կյանքի եւ անվտանգության պատասխանատուն հենց ինքն է` անկախ երեխաների բնավորության առանձնահատկություններից:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել