
Թմրանյութի տեղափոխման գործով ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչում
Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունից 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով դատական նիստը: Դատական նիստը 2 ժամով հետաձգվեց, քանի որ ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով մեղադրող կողմն ու թարգմանիչները ուշացել էին:
Վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպանությունը ստանձնել է Վրաստանից ժամանած նոր փաստաբանը՝ Թեյմուրազ Մայսուրաձեն: Նրանից բացի՝ հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանին փոխարինել է Սյունիքի մարզի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանը, իսկ Օսման Ուղուրլուի պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավվեց պաշտպան Վահե Մարգարյանը:
Այս գործով երկու ձերբակալվածների՝ վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու և մեքենայի սեփականատեր Օսման Ուղուրլուի մասով մեկ ընդհանուր դատավարություն է ընթանում, որը քննվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում:
Դատարան էր ներկայացել թարգմանիչ Հերմինե Սարգսյանը, ով ամբաստանյալ Ա. Մարտիաշվիլու և նրա պաշտպանի համար վրացերենից հայերեն և հակառակ թարգմանություններ կկատարի:
Պարզաբանելով թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները՝ դատավոր Դ. Գրիգորյանը մեղադրող կողմին խնդրեց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի Օ. Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին, պայմանավորվածություն ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ, այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենա, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: 2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ` իբրև թե Իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողնելուց հետո Օ. Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ,160գ,467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, պարզաբանելով մեղադրականը, հարցրեց, թե արդյոք ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչում է: Վերջինս պատասխանեց, որ «իրեն մեղավոր չի ճանաչում»:
Մեղադրող Արմեն Փանոսյանը հրապարակեց նաև ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլու մեղադրականը, ըստ որի վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: Վերջինս նույնպես հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատավորն անցավ ապացույցների քննարկման հաջորդականության հարցը քննարկելուն: Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց լսել վկաներին, այնուհետև հետազոտել գործում առկա փորձագիտական եզրակացություններն ու փաստաթղթերը, որից հետո հարցաքննել ամբաստանյալներին:
Դատարանը լսեց վկաներ Ալբերտ Մկրտումյանին և Արթուր Զաքարյանին:
Վկա Ա. Զաքարյանը նշեց, որ աշխատում է Մեղրիի մաքսակետում՝ որպես հերթափոխի պետ և իր պարտականությունն է ուղևորների, ուղեբեռների, բեռնատար ավտոմեքենաների զննումը: Նա դատարանին հայտնեց, որ երբ Ավթանդիլ Մարտիաշվիլու մեքենան մտավ Հայաստան, ինչպես մնացած մեքենաները` նկարահանվեց և օտար մարմին նկատվեց: Այդ մասին տեղյակ է պահվել վերադասին, և լրացուցիչ հետազոտության համար այն տեղափոխվել է Երևան:
Վկան նշեց, որ երբ վարորդին՝ Ա. Մարտիաշվիլուն, հայտնել են այդ մասին, վերջինս ասել է, որ դա իր բեռը չէ, ինքն ուղղակի վարորդն է և փորձել է զանգահարել բեռի տիրոջը, բայց նա չի պատասխանել: Վկան հայտնեց, որ «վարորդը իրեն շատ վստահ էր պահում, զննություն կատարելուն դեմ չէր, ուղղակի մեքենայի բացելուն էր դեմ, որպեսզի չփչացնեն այն»:
Այս գործով հաջորդ վկա Ալբերտ Մկրտումյանը այն ռենտգենյան սարքի օպերատորն է, որով զննվել է մեքենան: Վկան հայտնեց, որ երբ զննության ընթացքում մեքենայի բեռնախցիկի հատակային մասում անհամաչափ վիճակ է նկատել, Ա. Մարտիաշվիլուն հարցրել է` ինչ-որ բան կա, թե ոչ, վերջինս «հստակ ասում էր, որ չկա, նույնիսկ ինքը բացեց ու ասաց` տեսեք, որ ոչ մի բան չկա հատակին»: Ա. Մկրտումյանը նշեց, որ «վարորդը վատ չէր տրամադրված, ուղղակի ընթացքում վրդովվել էր». նրա խոսքով՝ վրդովմունքի պատճառը նույն հարցը բազմաթիվ անգամ տալուց է եղել:
Վկաներից դատարան չէր ներկայացել Հայկազ Հովհաննիսյանը, սակայն դիմում էր ներկայացրել, ըստ որի սրտի վիրահատության պատճառով այժմ գտնվում է հետվիրահատական վիճակում և չի կարող ներկայանալ դատարան: Նա խնդրում է իր նախորդ ցուցմունքը հիմք ընդունել, քանի որ ավելացնելու բան չունի: Ամբաստանյալների պաշտպանները, սակայն, խնդրեցին մյուս դատական նիստին ապահովել վկայի ներկայությունը: Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց վկային ևս մեկ անգամ հրավիրել դատարան:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 11-ին:
Մեկնաբանել