
Հանքարդյունաբերությանը զուգահեռ գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնարին է
Թեղուտի հանքավայրի շահագործման շեմին գյուղացիները գտնում են, որ Շնողում հանքարդյունաբերությանը զուգահեռ գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնարին է: Ըստ շնողցի Լյովա Ալիխանյանի,Շնողի 109 ընտանիքներ մի քանի տարի է իրենց սեփական հողերի կորստի համար «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ հայցով հայտնվել են դատական քաշքշուկների մեջ: Նրանցից մեկի` Արմեն Հախվերդյանի վարելահողի վրա կառուցված լճի արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման դատը 5 տարի ընթանալուց հետո 20 օր առաջ է ավարտվել` ի վնաս գյուղացու:
Լյովա Ալիխանյանն ասում է, որ 109 ընտանիքները իրենց պայքարի ընթացքում hակաօրինական որևէ գործողություն չեն արել, երկրի տված բոլոր դատական և ոչ դատական ընթացակարգերը օգտագործել են իրենց սեփականության խնդիրը լուծելու համար: Սակայն որևէ արդյունքի չեն հասել:
«Հիմա աշխատող մարդկանց թիվը նվազել է, գումարած դրան շուրջ 300 տնտեսության հող են խլել և գործազուրկ դարձրել սեփականատերերին»,-հավելում է Վարդան Վարդանյանը: Լյովա Ալիխանյանը մատնանշում է հանքավայրի շահագործման հետևանքով Շնողի տնտեսությանը սպառնացող այլ վտանգներ. «Խառատաձոր հանդամասը, որտեղ ապրել են մեր պապերը, հանքի տերերը անվանել են Պակասաջուր: Դրանով փորձել են ներկայացնել , թե Խառատաձորը մի ամայի հանդամաս է և այնտեղ պոչամբար կառուցելը որևէ վտանգ չի ներկայացնում: Մինչդեռ Շնող գետի վտակների` Խառատաձորի ջրերի ակունքների վրա է հենց կառուցված պոչամբարը: Լեռնային գետի հետ նման խաղ խաղալու հետևանքերը` ով լեռներում է ապրում, նա կիմանա: Եթե ես իմ Շնող գետի ափին գտնվող հողամասում այգիներ գցեմ և գետի ջրով ոռոգեմ, այգիս անմիջապես կչորանա, ինչպես ներկայումս չորանում են գետի ափին գտնվող շատ շնողցիների այգիները: Այս դեպքում ես ինչպես կարող եմ զբաղվել գյուղատնտեսական մթերքների, այն էլ մաքուր արտադրությամբ: Պատկերացնում եք ինչ է սպասվում Շնողի այգիներին`պոչամբարը շահագործելուց հետո»,- հարցնում Լ. Ալիխանյանը:
Վերջինիս կարծիքով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողում ոչ թե 70 հա անտառ է տնկել, այլ տվյալ հողատեսքերը փչացրել է:
«Հիմա դրանք ոչ կարող են մարդավարի արոտավայր լինել, ոչ էլ կարող են խոտհարք լինել, որովհետև էլ ինչ խոտհարք, եթե մարգեր են արված, ու, շատ կներեք հա-ի վրա, գոնե մի 20 հատ ծառ չի կպել: Նրանց տնկված ծառերը այդ բարձրության վրա երբեք չէին աճի»,- ասում է Լյովա Ալիխանյանը: Շնողցի Վարդան Վարդանյանի ասելով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողից նաև տասնյակ հա-ներով անտառ է գողացել: «Ինչքան է ծախսվում 1 հա անտառի ստեղծման համար, կարող է 1 մլն դրամ, կարող է 2 մլն դրամ: Բա էդ ինչ ձևով է, որ մեկ հա-ը արդեն հասուն անտառ է, մեկ մլն. դրամ էլ չի կազմում»,- հարցնում է Վարդանը: «Յուրաքանչյուր հա-ին 340 հազար դրամ փող են առաջարկել աճուրդ վաճառքով: Չնայած պետական սեփականությունը օտարելը վաճառք չէ, բայց, եթե անունը փոխում են` անօգտագործելի տարածք են գրում, հաստատ դառնում է վաճառքի ենթակա»,-բացատրում է Լ. Ալիխանյանը: Անտառները ցածր գնով «Թեղուտ» ՓԲԸ-ին օտարելու հարցը գյուղացիները ներկայացրել են օրերս Շնող եկած Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Վազգեն Սաֆարյանին:
«Մենք միշտ բողոքել ենք, որ այդ գները ցածր են, շատ ցածր են, միշտ ասել ենք, ցավոք, արդյունքի չենք հասնում»,- պատասխանել է Կարինե Դանիելյանը: Շնողում բոլորն էլ գիտեն, որ մենակ պոմիդորով երկիր ու բանակ չի պահվի, սակայն իրենց համարում է գերակա շահերի զոհեր: «Գյուղում քիչ մարդ կա, ում վրա գերակա շահը չի ազդել, մեկի վրա շատ, մեկի վրա քիչ»,- ասում է Վարդան Վարդանյանը: Գյուղապետ Հովիկ Սահակյանն էլ դժգոհում է, որ Շնողում պայմաններ չկան ալտերնատիվ աշխատատեղեր ստեղծելու` գյուղատնտեսական, թեկուզ վերամշակող արտադրության ներդրումների համար:
«Աշխատողները 80-120 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Առավոտյան 8-ից մինչև 5:30 մարդիկ աշխատում են ստրկացված վիճակում: Որովհետև ուրիշ ալտերնատիվ աշխատանք չկա: Գյուղի աշխատանքային շուկան կենտրոնացված է «Թեղուտ» ՓԲԸ-ի ձեռքում: Դամոկլյան սրի նման աշխատողի գլխին կախված է աշխատանքը կորցնելու սարսափը: «Չես ուզում, կազատեմ աշխատանքից»,- ասում են «Թեղուտ» ՓԲԸ-ում: Գյուղացին էլ ասում է գոնե 80 հազար դրամ ստանում եմ, բա որ, դրանից էլ զրկվեմ ընտանիքս ինչպես կերակրեմ»,- ասում է գյուղապետը: Հովիկ Սահակյանը ասում է, որ պետք է անել առավելագույնը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում բնության հասցրած վնասը նվազագույնի հասցնելու համար:
«Նախ պետք է լուծվի բնակչության թերսնման պրոբլեմը, պետք է մարդիկ ունենան աշխատանք ընտրելու այլ հնարավորություններ, որ հանքարդյունաբերողին կարողանան հակադարձել»,- ասում Վարդան Վարդանյանը:
Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործման հետևանքով իրենց շահերի ոտնահարման, գյուղացիների առողջությանը և գյուղմթերքների անվտանգությանը սպառնացող վտանգների մասին գյուղացիները հայտնել են Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Վազգեն Սաֆարյանին: Վերջիններս խոստացել են ներկայացված հարցերը քննարկել հանրային խորհրդում, ապա ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին և կառավարությանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել