
Երկաթգիծը հատելու վտանգների մասին ալավերդցիներին մեկ անգամ էլ կհիշեցնեն
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկան Թումանյան փողոցի հետ կապող մոտ 100 մ երկարությամբ գծանցը պարսպապատեց այն բանից հետո, երբ 2012 թ.-ի հուլիսի 2-ին Մեծ Այրում գյուղի 49-ամյա բնակիչ Նելլի Աբրամովան գնացքի տակ ընկավ: Ալավերդցիները, սակայն, կարճ ժամանակ անց, գծանցից մի փոքր հեռու գտնվող հետիոտնի անվտանգ կամուրջը թողած` Թումանյան փողոցի կողմից, երկաթգծով դեպի շուկա նոր ճանապարհ են բացել:
«Ավելի վատ վիճակ ստեղծեցին ճանապարհին, այն ժամանակ մարդիկ գծանցում աջ ու ձախ նայելով արագ անցնում էին, հիմա երկաթգծով ավելի երկար ճանապարհ են գնում»,- նկատեց գծանցի հարեւանությամբ գտնվող շուկայի առեւտրական Անյուտա Պեպանյանը:
Պարսպապատելուց հետո գծանցին հարող շուկայի առեւտրականները լքել են իրենց աշխատատեղերը: Անյուտա Պեպանյանը համառորեն մնացել է իր դիրքերում: Նա պարզել է, որ ապառիկով գնումներ անողների մեծ քանակ է շրջում շուկայում եւ այդ հաճախորդներին իր կողմը գրավելու համար որոշել է կանխիկ առեւտրից անցնել ապառիկ առեւտրի: «Գոնե մի երկու գյուղացի գալիս առեւտուր էին անում, փող ունեին, նախապես վճարում էին»,- դժգոհեց Անյուտան ճանապարհը փակողներից:
Գծանցի մոտ երկաթգիծը շրջափակված է նաեւ շուկայի կողմից: Գնացքի հայտնվելու դեպքում, երթեւեկողները պարիսպների պատճառով չեն կարող խուսափել ողբերգությունից: Մեր ընդամենը 30 րոպե դիտարկելու ընթացքում երկաթգծով երթեւեկեց շուրջ 60 մարդ: Շատերը ռելսերով 50-60 մետր ճանապարհը հատում էին բջջային հեռախոսներն ականջներին` կլանված խոսելով: Երթեւեկողների մեջ մեծ թիվ են կազմում պատանիներն ու աղջիկները, անցնում են նաեւ Կախոյան փողոցի շենքերից երեխաներին Հայպետշին թաղամասի մանկապարտեզ տանող մայրեր:
«Շտապում էի, դրա համար այս կողմով եկա, վախենում եմ, որ կարող է անցնելու պահին գնացքը դուրս գա, բայց դե, ուշադիր նայում եմ: Ես նկատել եմ, տարիքով մարդիկ էլ են էս կողմով գնում, որովհետեւ հետիոտն կամրջի աստիճաններով չեն կարողանում բարձրանալ»,- ասաց Արման Միքայելյանը: «Ուղղակի Բիլայնից էի գալիս, ճիշտ է, սխալ բան եմ արել, բայց մյուս անգամ էս ձեւի բան չի լինի»,- արդարացավ տիկին Հայկուշը: «Շտապում էինք: Եկանք այստեղ առեւտուր արեցինք եւ չուզեցինք ճանապարհը երկարացնել, կամրջով իջնելու համար»,- բացատրեց Գառնիկ Սիմոնյանը: «Ես բարձր ճնշում ունեմ, էդ պատճառով չեմ կարողանում կամրջով բարձրանալ»,- ասաց Կարինե Շախկուլյանը: «Ավտոբուսից ուշանում եմ»,- պատճառաբանեց մի պատանի` Արմեն անունով: Կնոջ` Վիկտորիայի հետ երկաթգծով անցնող ալավերդցի Արթուր Մուսայելյանը կատակեց, թե որոշել է հենց երկաթգծում էլ փրկվել կնոջից:
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքի» հետ զրույցում նույնպես նկատեց, որ գծանցի երկկողմանի պարիսպները նախկինից ավելի վտանգավոր են դարձրել գծանցով բնակիչների անցուդարձը: «Մենք հիմա ի՞նչ կարող ենք անել: Մտածել ենք, եթե վերջին դեպքից հետո ոչինչ չանենք, հաջորդ դժբախտ պատահարի դեպքում, մենք մեղավորը կլինենք: Բոլորը գիտեն, որ այդ ճանապարհին դժբախտ պատահարը անխուսափելի է, բայց մտածում են` ոչ իրենց հետ: Երկաթգծի վրայով գնացող հետիոտնի կամուրջն էլ վերանորոգեցինք, բայց մեկ է, մարդիկ վտանգավոր այդ ճանապարհով են երթեւեկում»,- դժգոհեց քաղաքապետը:
Նա խոստացավ ճանապարհի վտանգների մասին բնակչությանը հիշեցնող ցուցատախտակ փակցնել պատին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել