
Քննարկում` Հայաստանի եւ Վրաստանի անտառների պատասխանատուների շրջանում
Այսօր երրորդ օրն է` Հայաստանի և Վրաստանի անտառների պատասխանատուներն ու մասնագետները քննարկում են անտառների կառավարման մարտահրավերները և որոնում` դրանց լուծման համագործակցության ուղիները:
Քննարկումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի, Վայրի բնության պահպանության միջազգային կազմակերպության և Բնության պահպանության միության համատեղ FLEG -2 ծրագրի շրջանակներում` Լոռու մարզի Ձորագետ ավանում:
Ծրագրում ընդգրկված են 7 երկրներ` Ռուսաստանը, Բելոռուսը, Ուկրաինան, Մոլդովան և Անդրկովկասի երեք հանրապետությունները` Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը:
«Ընդգրկված բոլոր երկրների համար անտառների ապօրինի օգտագործումը անտառային համակարգերի թիվ մեկ խնդիրն է: Դրանց պատճառները տարբեր են. սկսած օրենսդրությունից և այն վայրիվերումներից, որոնք իրականացվեցին և տեղի ունեցան հետխորհրդային ժամանակաշրջանում»,- ասաց քննարկումը ղեկավարող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Եռօրյա քննարկման շրջանակներում մասնակիցները հանդիպման առաջին օրվա երկրորդ կեսը տրամադրեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության ճանաչողական այցին: Մարտուն Մաթևոսյանի տեղեկացմամբ` հարևան երկու պետությունների անտառների պատասխանատուները միմյանց մասին ունեն շատ քիչ տեղեկություն, թեև դրանք ըստ պարոն Մաթևոսյանի նույնատիպ են:
Նա քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ վերջին տարիներին պետակսն ֆինանսավորմամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի 35 հա անտառային տարածքում կատարվել են անտառավերականգնման աշխատանքներ, 2013թ.-ի տվյալներով էլ վերջին տարիներին Հայաստանում 10 անգամ նվազեցվել է գրանցված ապօրինի անտառահատումները: Հավելեց նաև, որ մինչև այսօր ապօրինի անտառահատումները անտառային սեկտորի համար Հայաստանում մնում է ամենակարևոր խնդիրը:
Ըստ «Հայանտառի» տնօրենի` Հայաստանում ապօրինի անտառահատումներին նպաստում են հիմնականում սոցիալական խնդիրները: «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը վրացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի անտառների և «Հայանտառի» ՊՈԱԿ-ի կառուցվածքն ու առանձնահատկությունները:
Վրաստանի անտառների ազգային գործակալության ղեկավար Նատիա Յորդանաշվիլին հայտնեց, որ Վրաստանի անտառային տարածքները կազմում են մոտ 3մլն. հա: Ըստ Ն. Յորդանաշվիլու` վերջին 5 տարիներին Վրաստանի անտառներում կոռուպցիայի դեպքեր չեն եղել` համեմատած 90-ական թվականների այդ ուղղությամբ իրավիճակը շատ բարելավվել է, բարձրացվել է անտառապահների մասնագիտական որակավորումը:
«Ապօրինի անտառահատումները նույնպես նվազել են, որովհետև մեր տեսչությունը շատ լավ է աշխատում»,- ասաց Նատիան: Վրաստանի անտառների ազգային գործակալության ղեկավարը հայ–վրացական սահմանում անտառային չլուծված խնդիրներ այս էտապում չի տեսնում:
«Մենք համատեղ միջոցառումներ պետք է մշակենք սահմանային անտառների հնարավոր հրդեհների կանխման և անտառօգտագործման հարցերի շուրջ»,-ասաց նա:
Հայ գործընկերների աշխատանքային գործելակերպի մասին իր կարծիքում Նատիա Յորդանշվիլին հայտնեց, որ երկու կողմերի հիմնախնդիրներն էլ միանման են: Անդրադառնալով անտառների կառավարման վրացական մոդելին` Յորդանաշվիլին հայտնեց. «Մենք աշխատում ենք հասնել նրան, որ անտառային տնտեսությունը ղեկավարեն մասնագետները և ոչ պատահական մարդիկ: Իմ կարծիքով այս գործում հաջողություններ ենք արձանագրում»:
«Հետքի» հետ զրույցում բանախոսը կարևորեց նաև անտառային ճանապարհների բարելավման խնդիրը. «Արդեն 35 կմ անտառային ճանապարհներ ենք բացել: Երբ ես ասում եմ, անտառային ճանապարհ` պետք է հասկանալ, որ այդ ճանապարհով պետք է անցնի տրակտոր»,- բացատրեց նա:
Վրաստանի Անտառների ազգային գործակալության ներկայացուցիչ Մանուկա Իվանաշվիլիի տեղեկացմամբ` Վրաստանի կառավարության կողմից անտառների կառավարումը վերջին երկու տարիներին ընթացել են մի շարք ռեֆորմներով: Մ. Իվանաշվիլին կարևորեց հատկապես Վրաստանի կառավարության կողմից անտառների վերահսկողությունն ու ռեսուրսների օգտագործումը մասնագետների հսկողության տակ պահելու միտումը:
Վերջինս ընդգծեց, որ հայ-վրացական սահմանում անտառների պահպանության գործում չկա աշխատանքնային կապ և կարևորեց համագործակցության գործողությունների մշակումը: Անտառների հայ և վրացի պատասխանատուների և մասնագետների քննարկումներն այսօր շարունակվում են:
Մեկնաբանել