
«Հայաստանի ազգային հերոսը պետք է մնա այնտեղ, որտեղ նրա իրական տեղն է»
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեպանն է, Փարիզում հանդիպել է թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին և Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին:
Դրանից հետո՝ նոյեմբերի 2-ին, թուրքական «Պոստա» թերթը Օզերմանի ստորագրությամբ հարցազրույց է տպագրել, որտեղ ասվում է նաև, թե Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակ: ՀՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Ազնավուրը թուրքական թերթին հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ իր թվիթերյան էջում գրել է, որ իբրև մրցանակ մատուցվածը Ազնավուրի մոր հարազատ՝ թուրքական Իզմիթ քաղաքի հուշանվերն է շանսոնյեին: Իր հերթին Էրքան Օզերմանը civilnet.am-ի հետ զրույցում պնդել է, որ իր գրածները Ազնավուրի մտքերն են: Բանն այն է, որ հարցազրույցում շանսոնյեն ու ՀՀ դեսպանը արտահայտել է մտքեր («չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը» և այլն), որոնք տարակարծությունների տեղիք են տվել Հայաստանում:
Այս թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք), ով երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, ճանաչում է Ազնավուրին:
- Բնակվելով Ֆրանսիայում՝ Դուք, թերևս, լավատեղյակ եք ֆրանսիական հասարակությունից, նաև ծանոթ եք Ազնավուրին: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք աղավաղված են ներկայացվել նրա խոսքերը:
-Կարծում եմ` հնարավոր է տեղ-տեղ մի փոքր ձևափոխված են, սակայն խիստ աղավաղված` չեմ կարծում: Ազնավուրը հայտնի է իր ուլտրալիբերալ, ուլտրահանդուրժողական և ուլտրաֆրանսիական հայացքներով: Եվ նմանատիպ մտքեր նա նախկինում էլ է արտահայտել:
Անկեղծ ասած` ես չեմ հասկանում թե Հայաստանի դեսպանն ինչու պետք է հանդիպի Թուրքիայի դեսպանին և սեր խոստովանի Թուրքիայի ու թուրքերի հանդեպ: Ինչ վերաբերում է իր մոր «թուրք» և հոր` «վրացի» «հռչակվելուն», ապա թեև թուրքական մամուլը հայտնի է իր նենգափոխման տաղանդով, սակայն, կարծում եմ, որ այս դեպքում ավելի շուտ տեղի է ունեցել մի բան, որն անգլերենում կոչվում է «Lost in Translation», բայց որը, հրաշալի գիտակցելով, ամենայն հավանականությամբ, լավ օգտագործել են թուրքերը:
Խնդիրը ֆրանսերեն լեզվում է, ավելի շուտ՝ վերջին տասնամյակներին ֆրանսիական լեզվամտածողություն ներմուծված մի անհեթեթ արտահայտության, որ ֆրանսիացիների գիտակցությունում խորագույն արմատներ է գցել: Ֆրանսիայի ձախողված միգրացիոն քաղաքականության արդյունքում բազում ներգաղթյալներ, ստանալով ֆրանսիական քաղաքացիություն, ֆրանսիական հասարակության կեղծ քաղաքական կոռեկտություն դավանող մի զգալի զանգվածի կողմից անմիջապես ստանում են «ֆրանսիացի» պիտակը: Ասենք՝ բնիկ ճապոնացին, որ Ֆրանսիա է տեղափոխվել, կամ սենեգալցին և կամ զտարյուն գյումրեցի հայը՝ քաղաքացիություն ստանալուց հետո հասարակության կողմից հորջորջվում են են որպես «ֆրանսիացի», և եթե ուզում են ծագումն իմանալ, կամ սեփական ծագումն ընդգծել՝ ասում են. «ֆրանսիացի՝ սենեգալյան ծագումով, ֆրանսիացի՝ հայկական ծագումով»:
Այս համատեքստում Ազնավուրն ինքը բազմաթիվ անգամներ շեշտել է և ընդգծել, որ նախևառաջ ֆրանսիացի է: Ֆրանսիական կայսերական ժամանակներից սկսած՝ ընդհանրապես լիակատար ուծացումը ֆրանսիական պետության կարևորագույն առաջնահերթություններից է եղել, որ հրաշալի իրականացվում էր մինչև նախագահ Միտերանի կողմից երկրի սահմանների անսահամնափակ բացումը մահմեդական նախկին գաղութների առջև, որը երկիրը, ըստ էության, այսօր հասցրել է դեմոգրաֆիական կոլապսի: Ու թեև այսօրվա հյուսիսաֆրիկյան արաբական ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի ձուլվում ֆրանսիական հասարակությանը, այնուամենայնիվ, անգամ այդ ահռելի խումբն է քաղաքացիություն ստանալուց հետո ինքն իրեն «ֆրանսիացի» հռչակում: Եվ իրոք, այսօրվա Փարիզի և Մարսելի «ֆրանսիացիներն» հենց այդ էթնոսներն են ներկայացնում: Այդ երևույթն այսօր խորապես արմատավորված է ֆրանսիացիների լեզվամտածողության մեջ և հետադարձ ուժով ու էքստրատերիտորիալ սկզբունքով նրանց կողմից վերագրվում է նաև այլ ժամանակաշրջաններին և ժողովուրդներին:
Այո, ճիշտ է, Ազնավուրը Թուրքիայում կամ Փարիզում որևէ մեկին հարցազրույց չի տվել, սակայն ամենևին չեմ բացառում, որ Ազնավուրին խոսեցրել են և ձայնագրել նրա մասնավոր զրույցը, որն այնուհետև հրապարակել են հարցազրույցային ձևաչափով: Այդ մասին ինքը` հայտնի թուրք պրոդյուսերն է անգամ ակնարկել: Գրեթե համոզված եմ, որ խոսելով ֆրանսերեն և կրելով իր մեջ ֆրանսիական այդ խիստ սպեցիֆիկ արտահայտությունը, Ազնավուրը բառացիորեն ասել է, որ իր մայրը «թուրք» էր՝ նկատի ունենալով օսմանյան քաղաքացիությունը և վստահ եմ, որ նույն կերպ ասել է, որ հայրը «վրացի» է՝ նկատի ունենալով Վրաստանում ապրելու հանգամանքը, թեև այդ ժամանակ վրացական քաղաքացիության մասին խոսք անգամ չկար:
Թուրքիայում բոլորի «թուրք համարվելու» մասին նույն պրոդյուսերի բացատրությունը պանթյուրքիզմի օպերայից է, սակայն Ազնավուրի ֆրանսիական լեզվամտածողությունը բացատրելու մասով ինչ-որ առումով ընկալելի է: Հատկանշական է, որ խոսելով մոր թուրք ընկերուհու մասին՝ շանսոնյեն հատուկ ընդգծել է նրա թուրք լինելու հանգամանքը և դա արել է մոր մասին խոսքի հետ կոնտրաստ ստեղծելով: Հետևաբար, ամենևին նկատի չի ունեցել, որ իր մայրն էթնիկ թուրք է եղել: Դա պետք է հստակ հասկանալ:
-Իսկ մրցանակի մասին ի՞նչ կասեք: ԱԳՆ-ն հայտարարում է, որ մրցանակ չի ստացել, իսկ հայկական կայքերից մեկին տրամադրված լուսանկարներում երևում է, որ շանսոնյեն ինչ-որ մրցանակ է բռնել ձեռքում:
-ԱԳՆ-ն այդ ճաշին ներկա չի եղել, և վստահ եմ, որ ԱԳՆ-ից որևէ մեկն անգամ նախօրոք տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին: Հետևաբար, մրցանակ չընդունելու մասին հայտարարությունը հենվում է միայն Ազնավուրի խոսքի և հավաստիացման վրա: Այլ բացատրություն ես դրան չունեմ:
ՀՀ ԱԳՆ-ն Շառլ Ազնավուրի խոսքերին չհավատալու հիմքեր չունի, սակայն խնդիրն այն է, որ Ազնավուրն ինքը, վստահ եմ, չի գիտակցել, որ իրեն մրցանակ են հանձնում` ենթադրելով թե դա ինչ-որ նվեր է: Դա իր սխալն է անշուշտ, կոպիտ սխալ, սակայն հիմքեր չունեմ կասկածելու, որ նա կանխամտածված ստում է ԱԳՆ-ին, կամ ԱԳՆ-ն է ստում: Դրանք, իմ կարծիքով, բացառված հանգամանքներ են, սակայն արդյունքը մեկն է` և դա հաճելի արդյունք չէ: Այն, որ Ազնավուրը խիստ ազատական՝ ներկայիս ֆրանսիական հասարակության մի զգալի հատվածի քաղաքական-հասարակական մտքին համահունչ ուլտրալիբերալ, ուլտրակոսմոպոլիտական, և ուլտրահանդուրժողական հայացքներ ունի, գաղտնիք չէ, սակայն լինելով Հայաստանի դեսպան և այս պահին աշխարհին հայտնի ամենահայտնի հայ, մեր մեծ հայրենակիցն ու մեծ երգիչը պետք է առավել դիվանագետ լիներ և հասկանար, որ ազգ-քաղաքացիություն նույնականացումը խոսքում հատուկ է միայն ու միայն ֆրանսիացիներին, և որ իր խոսքերն անպայմանորեն նենգաթարգմանվելու են:
Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա եթե մեջբերված խոսքերը դարձյալ համապատասխանում են իրականությանը, ապա այս պարագայում ևս մեծ հայը պետք է առավել հայկական և ազգային դիրքորոշում արտահայտեր: Սակայն այս դեպքում ևս պետք է նկատի ունենալ մեծ երգչի առաջացած տարիքը: Այդ տարիքում հաճախ տարիները հանգեցնում են իմաստնության, որը նույնքան հաճախ այնքան է անձին բարձրացնում հասարակության մնացյալ անդամներից, որ նաև կտրում է իրականությունից:
Կարծում եմ՝ Ազնավուրին հանգիստ է պետք՝ վաստակած հանգիստ: Մարդը երաժշտական և պոեզիայի հանճար է և աշխարհիկ հոգսերից ու պարտականություններից նրան պետք է պարզապես հեռու պահել: Եվ քանի որ Ազնավուրի կյանքի բոլոր ասպեկտների բացարձակ և բացառիկ տիրակալը Լևոն Սայանն է` ապա այդ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա: Դա հատկապես վերաբերում է դիվանագիտական աշխատանքին և քաղաքական հանդիպումներին ու հայտարարություններին:
Հայաստանի ազգային հերոսը պետք է մնա այնտեղ, որտեղ նրա իրական տեղն է՝ փառքի պատվանդանին և արվեստի աննալներում: Միջազգային քաղաքականության աղտոտ կուլիսներում մեծ արվեստագետն անելիք չունի: Չնայած այս ամենին` չի կարելի Ազնավուրին, ազգային հպարտության հողի վրա, հավասարեցնել հողին: Ազնավուր երևույթը բարձր է Ազնավուր դիվանագետից, անձից, քաղաքացուց: Դա այլ մակարդակի և այլ հարթության երևույթ է, որ չնայած որոշ հանգամանքների` պետք է անձեռնմխելի մնա: Պատմությունը և նրա սեփական ժողովուրդը, որ, այնուամենայնիվ, հայերն են` նրան չի դատելու ինչ-որ ճղճիմ մի ընթրիքի չափանիշներով: Նրա նվիրումն իր ժողովրդին և իր ծագմանն աննախադեպ է որևէ ֆրանսահայի և, ընդհանրապես, եզակի է հայերի համար: Եվ խնդրին այդ տեսանկյունից է պետք մոտենալ:
Առաջին լուսանկարում (աջից ձախ)՝ Է. Օզերման, Հ. Աքիլ, Շ. Ազնավուր (civilnet.am)
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել