
Շինեիդ Օ’Քոնըր. Պայքարիր իրակա՛ն թշնամու դեմ
1992թ. հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի հայտնի «Madison Square Garden»-ում տեղի ունեցավ Բոբ Դիլանի ստեղծագործական 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգին մասնակցում էին ժամանակի ամենահայտնի և հեղինակավոր արտիստները՝ Ուիլի Նելսոն, Ջորջ Հարիսոն, Էրիկ Քլեփթոն, Քրիս Քրիստոֆերսոն, Նիլ Յանգ, Ջոնի Քեշ, Լու Ռիդ և ուրիշներ: Եվ այս ազդեցիկ անունների մեջ արդեն ներգրավված էր 26-ամյա Շինեիդ Օ՛Քոնըրը: Բոբ Դիլանը երգչուհու երաժշտական հայացքների ձևավորման մեջ կարևոր անուն էր, ինչպես և Բոբ Մառլին, ուստի այդ համերգին մասնակցելը Շինեիդի համար մեկ այլ խորհուրդ ուներ: Երգիչներից ամեն մեկը ներկայացնում էր Դիլանի հայտնի երգերից, և Շինեիդը այդ երեկո որոշել էր երգել « I Believe in You»-ն « Slow Train Coming» ալբոմից: «Ես իրոք հպարտ եմ, որ հնարավորություն է ընձեռվել անձամբ ներկայացնելու հաջորդ արտիստին,- հնչեց Քրիս Քրիստոֆերսոնի ձայնը,- նրա անունը հոմանիշ է դարձել խիզախություն և ազնվություն բառերի կողքին »:
Սակայն երբ Շինեիդը բեմ դուրս եկավ, հասկացավ, որ իրեն նայող հանդիսատեսի հսկա բազմությունն ամենևին էլ չի կիսում այդ կարծիքը: Երգի առաջին նոտաներն արդեն խլացան ամբոխի սուլոցներից և բղավոցներից: Երաժիշտները դադարեցրին նվագն ու շփոթահար սպասում էին: Աղմուկը գնալով ուժեղանում էր և թվում էր՝ այլևս իմաստ չկար երգը նորից սկսելու: Թեև դահլիճի հեռավոր անկյուններից սուլոցների միջից հնչում էին նաև «I Believe in You»-ն երգելու կոչերը, ոմանք փորձում էին ծափահարելով խլացնել խանգարողների ձայնը, Շինեիդը շարունակում էր լռել: Նա դեռևս նույն դիրքով կանգնած էր միկրոֆոնի առջև՝ հանգիստ, զուսպ, երբեմն՝ ամբոխին նայող գնահատող հայացքով: «Թույլ մի տուր, որ այս խառնածին բազմությունը կոտրի քեզ»,- շշնջաց իրավիճակը շտկելու համար բեմ վերադարձած Քրիստոֆերսոնը: «Ես կոտրված չեմ» ,- լսվեց Շինեիդի պատասխանը՝ իրեն բնորոշ վստահությամբ: Ապա դաշնակահարին նվագի փորձը դադարեցնելու նշան տվեց, որից հետո նախատեսված երգի փոխարեն անսպասելիորեն հնչեց հատված Բոբ Մառլիի հայտնի «War» երգից.
… until there are no longer first class
And second class citizens of any nation
Until the color of a man's skin
Is of no more significance than the color of his eyes
I’ve got to say (me say) war …
Նա կատարում էր ակապելա, երբեմն իմպրովիզներով և համարյա գոռալով ամբոխի վրա, հատկապես, երբ շեշտում էր՝ Everywhere is war… Հետո համարյա մեկ վայրկյանի չափով հաղթական նայեց ամբոխին և հեռացավ բեմից: Կուլիսներ չհասած՝ Շինեիդին դիմավորեց Քրիստոֆերսոնը, ով անմիջապես գրկեց ու փորձեց սփոփել արտասվող երգչուհուն:
Ի՞նչ տեղի ունեցավ համերգի ընթացքում և ինչու՞ էր ընդամենը շաբաթներ առաջ նրա համաշխարհային փառքը մեծագույն սիրով պահպանող հանդիսատեսը սուլում՝ պահանջելով հեռանալ բեմից, ինչո՞ւ Շինեիդը երգեց «War» -ը, վերջապես ի՞նչ պատերազմ էր սկսվել երգչուհու և հանրության միջև: Հասկանալու համար երկու շաբաթ ետ գնանք:
Հոկտեմբերի 3-ին Շինեիդ Օ’ Քոնըրը հրավիրվել էր NBC հեռուստաընկերություն՝ մասնակցելու ամերիկյան ամենահայտնի և հեղինակավոր «Saturday Night Live » հումորային-երաժշտական շոուին: Հենց այդ երեկոն ճակատագրական դարձավ երգչուհու հետագա կարիերայում և, նույնիսկ, կյանքում: Այն ամենահիշարժանն էր նաև հեռուստաշոուի կենսագրության մեջ՝ միաժամանակ վերահաստատելով Շինեիդի սկանդալային պատմություններով լի կերպարը: Նախ՝ նա խմբի նվագակցությամբ մի երգ կատարեց իր նոր՝ «Am I Not Your Girl? » ալբոմից, իսկ երկրորդ երգը կատարեց ակապելա: Դա Բոբ Մառլիի «War»-ն էր՝ ժամանակին արգելված երգ, որտեղ երգիչը ակնհայտորեն անդրադառնում էր դեռևս շարունակվող բռնություններին՝ ցույց տալով պատերազմի իրական դեմքը: Այս երգի ընտրությունն արդեն ռիսկային էր հեռուստահաղորդման համար, ուստի բնական էր՝ պատասխանատուները փոքր-ինչ լարվեցին: Շինեիդը փոխադրել էր որոշ բառեր՝ որտեղ ի տարբերություն Մառլիի, նա բողոքն ուղղեց ոչ թե ռասիզմի, այլ երեխաների հանդեպ բռնության և, ի սարսափ ներկաների, կաթոլիկ եկեղեցու կողմից սեռական բռնությունների դեմ: Ուղիղ եթերում իրավիճակը որքան անհասկանալի, նույնքան էլ՝ անկանխատեսելի, միևնույն ժամանակ հետաքրքիր ընթացք էր ստանում: Ամբողջովին սպիտակ հագնված, առանց մազերի Շինեիդը շրջապատված էր մոմերով, ինչպես միշտ անսովոր ու գեղեցիկ: Եվ մինչ այդ տեսարանից տպավորված, ճիշտ կադրեր որսացող տեսախցիկները ավելի խոշոր պլանում էին ընդգրկում նրան, Շինեիդը երգն ավարտեց հետևյալ խոսքով՝ «Fight the real enemy! » – Պայքարիր իրակա՛ն թշնամու դեմ,- գոչեց նա՝ իր խոշոր ու արտահայտիչ աչքերով նայելով ուղիղ տեսախցիկին: Ապա շատ անսպասելի պարզեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի լուսանկարն ու պատռելով կտորների բաժանեց այն:
Ողջ անձնակազմը կարկամել էր. « այս ի՞նչ էր»՝ լսվում էր նրանց դեմքերից ու ապշած հայացքներից: NBC հեռուստաընկերության փոխնախագահը հետագայում պատմել է, որ տեսնելով երգչուհու այդ քայլը, նա տառացիորեն վեր էր թռչել բազմոցից: Նկարահանումը կառավարող խցիկում անմիջապես որոշվեց տեսախցիկները հեռացնել Շինեիդից և ընդմիջել գովազդով: Չգիտես ինչու՝ հանդիսատեսը հանգիստ էր, իսկ հաղորդման պրոդյուսերը ( Lorne Michaels), ում այդ պահին թվում էր՝ ստուդիայում օդ չկար կամ ամեն ինչ կանգ էր առել, արագ կարգադրեց չծափահարել՝ երգչուհու տարօրինակ քայլն անվանելով «ինչ-որ առումով դավաճանություն», բայց նաև «հավատի լուրջ դրսևորում»: Վայրկյաններ անց հեռուստաընկերության հեռախոսները պայթում էին զանգերից. գրոհում էին կատաղած հեռուստադիտողները: Շինեիդի բողոքն ընդդեմ բռնությունների մեծ իմաստով չընդունվեց հանրության կողմից, իսկ թերթերից մեկը` «New York Daily News»-ը իր անդրադարձը վերնագրեց ահաբեկչություն, ավելի կենկրետ՝ «Holly Terror».
Շինեիդն այլևս խնդիրներ պետք է ունենար իր հանդիսատեսի հետ, և առաջին լուրջ բախումը երկու շաբաթ անց «Madison Square Garden»-ում Բոբ Դիլանի այդքան սպասված երեկոյի ընթացքում տեղի ունեցավ: Այդ դեպքերից հետո նա ժամանակավորապես դուրս մղվեց շոու-բիզնեսի մեծ դաշտից, երաժշտական լսարանը, այլ կերպ ասած, մեկուսացրեց նրան, թեև շարունակում էր ստեղծագործել և ընդգրկվել հայտնի երաժիշտների համերգային նախագծերում: Իրադարձությունների ընթացքը լուրջ հետևանքներ ունեցավ նրա առողջական կյանքի վրա և 1995թ. նա հրապարակավ հայտարարեց, որ այլևս ոչ մի շփում չի ունենալու լրագրողների հետ: 1997թ. մամուլը սկսեց քննարկել նոր պատմություն՝ երգչուհին թողնում է երաժշտությունը և անցնում հոգևոր ծառայության:
Շարունակելի
Մեկնաբանել