
Ատամնաբուժական տուրիզմ. երեք երիտասարդներ նախաձեռնել են զբոսաշրջության ճյուղի զարգացման բիզնես-նախագիծ
Ատամնաբուժական տուրիզմ. Հայաստանում այս ոլորտի զարգացման համար իրենց գիտելիքները կներդնեն արտասահմանում կրթություն ստացած երկու շրջանավարտ, որոնց կաջակցի նաև նրանց ընկերը:
22-ամյա Գոռ Հովակիմյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումն ավարտելուց հետո մեկնել է Անգլիա՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում ուսումնառությունը շարունակելու նպատակով: «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ստացել է մագիստրոսի կոչում տնտեսագիտություն և բիզնես մասնագիտությամբ: Առաջին տարին սովորել է Լոնդոնում, երկրորդ տարին, ինչպես նախատեսված էր ծրագրով, մեկնել է Էստոնիայի Տարտու (նախկինում Դորպատ) քաղաք: Այս տարվա հունիսին պաշտպանել է մագիստրոսական թեզը և վերադարձել Հայաստան:
Գոռը հանձն է առնել ատամնաբուժական տուրիզմի զարգացման նախագծի իրականացումը որպես գործադիր տնօրեն: Նախագծի գաղափարը ծագել է Ցյուրիխի համալսարանում «Լույսի» մյուս կրթաթոշակակիր ընկերոջ՝ Արթուր Գասպարյանի մտքում: Աշոտ Խուդգարյանն էլ Ռուսաստանից փորձում է ֆինանսապես օգնել նրանց: Հայաստանում այս պահին միայն Գոռն է: Արթուրը Կանադայում է, Աշոտը՝ Ռուսաստանում:
Ատամնաբուժական տուրիզմը հայտնի է ողջ աշխարհում: Կենտրոնը համարվում է Հունգարիան, որտեղ ամեն տարի ատամները բուժելու նպատակով մեկնում է ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ: Եվրոպայի ատամնաբուժական զբոսաշրջության շուկայում Հունգարիայի մասնաբաժինը 42% է:
Գոռն ասում է, որ չնայած Հայաստանը ունի որակյալ ատամնաբուժական ծառայություններ և աշխարհում մրցունակ է, սակայն դեռ որևէ տեղ չի նշվում որպես տուրիստական վայր, որտեղ մարդիկ կարող են գնալ և համեմատաբար էժան գներով ատամները բուժել:
«Մեր ուսումնասիրության ընթացքում մենք տեսանք 1-2 նմանատիպ կազմակերպություն, որոնք իրենց կայքերում նշել են, որ իրականացնում են նման գործունեություն: Սակայն նրանք ատամնաբուժական կլինիկա են, որոնք ունեն ամենօրյա հաճախորդներ և նշում են ատամնաբուժական տուրիզմն իրենց կայքերում, և մենք չկարողացանք գտնել մի ինֆորմացիա, որը ցույց կտար, որ իրենք ունեցել են տուրիստական ներհոսք տվյալ նախագծի շրջանակներում: Սա մենք տեսանք որպես խնդիր և մարտահրավեր և որոշեցինք այս ճյուղը զարգացնել Հայաստանում»,-ասում է Գոռը:
«Դենթլ թրավել Արմենիա» նախագծի նախաձեռնողները հասկացել են, որ ատամնաբուժական տուրիզմի գաղափարը թեկուզ և կա Հայաստանում, սակայն դեռևս չի օգտագործվում ոլորտի իրական պոտենցիան: Արևմտյան Եվրոպայի երկրներից զբոսաշրջիկներին ներգրավելու համար սկսել են համագործակցել այդ երկրների առողջապահական տուրիզմի ոլորտի գործակալությունների հետ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան:
Երիտասարդների նախագիծը ընթացք է ստացել: Արդեն կա նաև կայքը: Այս հարթակում կհանդիպեն հաճախորդ-տուրիստը և ատամնաբուժը: Կայքը լիարժեք ինֆորմացիա է տալու մասնագետների, ծառայությունների և գների մասին: Հնարավորություն է տալու նաև գնահատել մասնագետին, ինչի հիման վրա կառաջանա նրանց հեղինակության սանդղակը, և զբուսաշրջիկը ինքը կընտրի՝ որ մասնագետի մոտ բուժի ատամները:
«Մենք չունենք մեր անձնական ատամնաբուժական կլինիկան, մենք կհամագործակցենք բոլորի հետ: Միակ չափանիշը, որ մենք դնում ենք, բարձր որակն է: Այսօր մենք արդեն համագործակցում ենք մոտ 10 կլինիկաների հետ, որոնք մանրամասն ուսումնասիրել, հետազոտություններ ենք անցկացվել ներգրավված մասնագետների հետ, և միայն բարձր վիճակագրական տվյալների պարագայում ենք համաձայնել համագործակցել նրանց հետ»,-ասում է Գոռը:
Արտասահմանյան փորձը ուսումնասիրելուց հետո երիտասարդները հասկացել են, որ Հայաստանում նույն որակի ծառայությունն ավելի էժան կարժենա զբոսաշրջիկի համար: Գոռը օրինակ է բերում ատամնաբուժական տուրիզմի կենտրոն համարվող Հունգարիան ու Չեխիան, որտեղ նույն որակի իմպլանտը մոտ 150 դոլարով թանկ արժե, քան Հայաստանում է: Իսկ եթե ոչ թե մեկ, այլ 4-5 իմպլանտ են տեղադրում, գնային տարբերությունն էական կլինի, և զբոսաշրջիկը կնախընտրի ավելի էժան, բայց որակյալ այս երկրի ծառայությունը: Առավել ևս, երբ մեծ մասամբ իրենց երկրներում բժշկական ապահովագրությունը չի փոխհատուցում թանկարժեք ծառայությունների, ինչպես, օրինակ, իմպլանտների տեղադրման գումարները:
Բացի դրանից, Գոռի խոսքով, հաճախորդները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը: Առանձին գործակալությունների հետ համագործակցությամբ կկազմակերպվի նաև նրանց հանգիստը Հայաստանում: Սակայն առաջնային նպատակը պետք է լինի ատամնաբուժությունը:
Երիտասարդների առաջնային թիրախը ոչ թե սփյուռքահայերն են, այլ օտարերկրացիները, որոնք հայ չեն, քանզի հայերը ծանոթների միջոցով կարող են գտնել ատամնաբուժական կլինիկաներ կամ որակյալ բժիշկներ: Մինչդեռ ոչ հայ զբոսաշրջիկներին ուղղորդել է հարկավոր: Թիրախային երկրները Հայաստանին հիմնականում տուրիստական հոսք ապահովող երկրներն են, որտեղ ատամնաբուժական ոլորտի ծառայությունները թանկ արժեն՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ն և Կանադան: Ժամանողներին ներգրավելու համար «գայթակղիչ» առաջարկներ ունեն՝ կդիմավորեն օդանավակայանում, անվճար մեքենաներով ատամնաբուժական կլինիկա և ետ կհասցնեն, անվճար ատամնաքարերի մաքրում կիրականացնեն:
«Այս կերպ մենք աջակցում ենք մի բանի, որ Հայաստանը տեսնեն իբրև մի բրենդ, իբրև ատամնաբուժական երկիր, ոչ թե ստերեոտիպ դարձած նույն բաներով՝ քրիստոնեություն, եկեղեցիներ, Ղարաբաղյան խնդիր ունեցող երկիր և այլն, այլ մի երկիր, որը կարող է որակյալ և էժան ծառայություն մատուցել մեկ այլ ոլորտում, ապահովել աշխատանք Հայաստանում»,-շարունակում է Գոռը:
Թե որքան գումար է ներդրվելու այս նախագծում, Գոռը չի ցանկանում մանրամասնել, ասում է՝ կորպորատիվ գաղտնիք է: Սակայն նշում է, որ երեք ընկերներն էլ ֆինանսական մեծ միջոցներ չունեն: Աշոտի հատկացրած միջոցները բավարարում է նվազագույն աշխատանքների համար, իսկ մնացածն իրականացնում են իրենց գիտելիքների և հնարավորությունների շնորհիվ: Դիմել են դրամաշնորհի, սպասում են պատասխանի, հաստատվելուց հետո այդ գումարը կօգնի մարկետինգային ծախսերը հոգալուն:
Գոռը նշում է, որ այս ծրագրի դեռ չնչին մասն է իրականացվել, և քանի դեռ չունեն իրենց առաջին հաճախորդը, այն հաջողված համարել չի կարելի: «Եթե ունես գաղափար, որը կարծում ես, որ հեռանկարային է, պետք է պայքարել դրա համար բոլոր մակարդակներում»,-ամփոփում է նա:
Լուսանկարը՝ Գոռ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել