
Քանի գրոշ արժե Հիպոկրատի երդումը
«Հնդկական պատուհասի»` դիաբետով հիվանդների համար պետգնումներով ձեռք բերված հնդկական «DiaZone MR»-ի ներկրումը սկսվեց 2012-ից, դեղը շատ արագ գրանցվեց: Սակայն մինչև դեղի գրանցումն ընկերությունն արդեն շահել էր մրցույթում: Սովորաբար երբ նոր դեղ են գրանցում, գործընթացը մինչև 6 ամիս տևում է, այս մեկը` «DiaZone MR»-ը, գրանցվեց միանգամից` մեկ ամսվա ընթացքում:
Դեղը գրանցվել է բազամաթիվ խախտումներով: Ներդիրի թերթիկում կային բազմաթիվ բժշկական սխալներ: Դեղ օգտագործողների մոտ առաջանում էին բազմաթիվ կողմնակի երևույթներ` մկանային ցավեր, սրտխառնուք, գլխապտույտ, գլխացավ: Բժիշկներն այս ամենի մասին ներկայացրել են փաստաթղթեր դեղգործակալությանը, բայց դրանք ընթացք չեն ստացել: Բժիշկների բողոքները անհեթեթ պատճառաբանությամբ քննության չեն ենթարկվել, որ իբրև սխալներ կան գրածների մեջ, հապավումներով են գրել և այլն:
Մի բան հստակ է. այս դեղը ներկրող ընկերության թիկունքում կանգնած են այնպիսի մարդիկ, որ նույնիսկ նախարարի փոխվելուց հետո ոչինչ չի արվում: Մրցույթը կազմակերպվել է առողջպահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի պաշտոնավարության ժամանակահատվածում: |
Պետպատվերով դեղերի գնման մեջ կա մի էական բացթողում: Մրցույթում հաղթող է ճանաչվում էժան գին առաջարկողը, և դուրս է մնում մի կարևոր հանգամանք. առաջնային չեն համարվում դեղի որակը, նրա համապատասխանելիությունը միջազգային ընդունված չափանիշներին:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից մեր վերջին հարցման ժամանակ փորձել ենք պարզել` արդյոք այս դեղի և նույն ընկերության կողմից Հնդկաստանից ներկրվող դեղերը բավարարում են Հայաստանում պետական գրանցման պահանջներին և խնդրել ենք տրամադրել դեղերի գրանցման համար օրենքով պահանջվող փաստաթղթերի պատճեները, մասնավորապես` դեղի` արտադրող երկրի գրանցման հավաստագիրը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արամ Պետրոսյանը անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է տրամադրել պատճեները: Բայց իրականում պատճառը մեկն է. դեղի գրանցման ժամանակ այդ փաստաթղթերը չեն եղել և հիմա էլ չկան: Հակառակ դեպքում դրանք կհրապարակեն: Հակառակ դեպքում մեր նամակին կպատասխաներ գոնե աշխատակազմի ղեկավարը, որովհետև նախարարությունում բոլորը հասկանում են, որ պատժվելու են իրենց կատարած ապօրինությունների համար:
Հիպոկրատի երդում տված այս մարդիկ լռել են, այսօր էլ շարունակում են լռել: Բժիշկները, ոլորտի մասնագետները ոչ հրապարակային հանդիպումներում պատմում են դեպքեր, որոնց հիման վրա կարելի է քրեական գործեր հարուցել: Եղել են դեպքեր, երբ հիվանդները կոմայի մեջ են հայտնվել, բայց բժիշկները թաքցրել են իրական պատճառները: Նրանք իրենց հիվանդներին դատապարտել են դանդաղ մահվան: Երբ բժիշկներից մեկին ասացի` բայց դուք Հիպոկրատի երդում եք տվել, ինչու եք լռում, թեթև ժպտաց, մի պահ դադարից հետո ավելացրեց` աշխատանքս կկորցնեմ, եթե խոսեմ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել